Հայաստանը Վիեննա էր գնացել ապացուցելու, որ ինքը խելոք է


Հայաստանը Վիեննա էր գնացել ապացուցելու, որ ինքը խելոք է

  • 17-05-2016 18:23:44   | Հայաստան  |  Վերլուծություն

1in.am. Վիեննայում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումը դեռ երկար ժամանակ կմնա հանրային և քաղաքական շրջանակների, մեդիայի և փորձագետների ուշադրության կենտրոնում:
 
Հանդիպումն իր բուն բովանդակային մասով շարունակում է մնալ անորոշության և խորհրդավորության տիրույթում, որի ևս մեկ վկայություն էր Սերժ Սարգսյանի օդանավային հարցազրույցը: Դրանից կարծես թե տպավորություն էր, որ Հայաստանը Վիեննա է գնացել լոկ ասելու, որ ինքը ստատուս-քվոյի պահպանմանը կառչած չէ և պատերազմ չի ուզում: Այսինքն՝ Հայաստանը Վիեննա էր գնացել ապացուցելու, որ ինքը խելոք է, իսկ Ադրբեջանը՝ չար: Ընդ որում՝ դատելով նույն Սերժ Սարգսյանի բազմաթիվ խոսքերից, թե հրադադարի մասին ադրբեջանական հավաստիացումները վստահելի չեն, պետք է եզրակացնել, որ Հայաստանը իր խելոքության և Ադրբեջանի չարության հանգամանքների դիմաց ըստ էության երաշխիքային, հավաստի ոչինչ չի ստացել: Վերջին հաշվով, հավաստին պետք է լիներ հենց այն, թե ինչքանով է Ադրբեջանը խելոքանալու և դադարեցնելու կրակելն ու սպանելը: Իսկ Սերժ Սարգսյանն ասում է, թե չի դադարեցնելու, հույս չունի, որ դադարեցնելու է: Ավելին՝ երբ Վիեննայում նոր էին ավարտվել բանակցությունները, ադրբեջանցիները դարձյալ հայկական զինուժի ծառայող են սպանել: Եվ սա, իհարկե, Վիեննայի հայտարարությունների «օդեղենության» ողբերգական, բայց ամենացցուն վկայությունն է:
 
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումից հետո երկու հատկանշական հայտարարություն էր արել: Մեկը՝ այն, որ Լավրովը խոստովանել էր, թե հանդիպումն ամերիկյան նախաձեռնություն էր, իսկ մյուսը՝ այն, որ Ռուսաստանը շարունակելու է փնտրել փոխզիջումներ կողմերի միջև, փուլ առ փուլ, կազանյան պլանի արդիականացման շրջանակում:
 
Եթե Ռուսաստանը խոսում է կազանյան պլանի մասին՝ արդիական լինի թե հինավուրց, դա նշանակում է, որ Ռուսաստանը խոսում է Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության սպառնալիքների մասին, խոսում է Ադրբեջանի կրակելու իրավունքի մասին, քանի որ ապրիլյան պատերազմը, ըստ էության, հենց կազանյան պլանի հետևանքներից է և այդ պլանին Հայաստանի համաձայնության հետևանքներից, ինչպես համաձայնության մասին «Բլումբերգին» հարցազրույցում խոստովանել էր Սերժ Սարգսյանը:
 
Եթե կարգավորման գլխավոր որոնողը Ռուսաստանն է, ապա դա նշանակելու է ապակայունության շարունակում և պատերազմի մշտական վտանգ: Դրան զուգահեռ, ինչո՞ւ է Ռուսաստանը խոստովանում, որ Վիեննայի հանդիպումն ամերիկյան նախաձեռնություն է: Դա ակնհայտ էր, իհարկե, առանց Լավրովի խոստովանության էլ՝ հենց միայն օրակարգից, որտեղ հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների հարցն է: Այդ հարցը մոտ երկու տարի առաջ օրակարգ է բերել հենց ԱՄՆ-ը, իսկ Ռուսաստանը երկու տարի շարունակ անտեսել է այդ հարցը՝ ըստ էության աջակցելով դա մերժող Ադրբեջանին:
 
Հրադադարի մեխանիզմների առկայությունը նշանակում է հակամարտությունը, այսպես ասած, կառավարելու և շանտաժի միջոցով հակամարտող կողմերի վրա իշխելու, դրանով հանդերձ Կովկասում ազդեցությունը պահելու ռուսական հնարավորությունների սահմանափակում: Վիեննայում հայտարարվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ներդնել այդ մեխանիզմը: Սակայն որևէ մանրամասն, որևէ ճանապարհային քարտեզ գոյություն չունի, գոյություն չունի պատասխանատվության որևէ մեխանիզմ: Այս համատեքստում, Ռուսաստանն ըստ ամենայնի խոստովանում է ամերիկյան նախաձեռնություն-լոկոմոտիվությունը՝ հետագայում պայմանավորվածությունների տապալման պատասխանատվությունը ամերիկյան կողմի վրա դնելու, ամերիկյան տապալում կազմակերպելու համար: Եվ հանդիպումից ընդամենը րոպեներ կամ ժամեր անց սահմանին հերթական զոհը դառնում է դրա ողբերգական խորհրդանիշը:
 
Հրադադարի մեխանիզմը Ռուսաստանի կովկասյան նահանջն է: Մոսկվան կգնա՞ դրան: Այդ ի՞նչ պետք է ստացած լինի Մոսկվան դրան գնալու համար: Թեև միջազգային մեկուսացման քաղաքականության արդյունքում Ռուսաստանը հայտնվել է այնպիսի բարդ իրադրությունում, որ ըստ էության օղակն ավելի չսեղմելը կամ ավելի դինամիկ չսեղմելը Մոսկվայի համար արդեն զգալի բան է:
 
Այսպես թե այնպես, իրադրությունն իհարկե անորոշ է՝ Ռուսաստանը պատրաստ է գնալ հրադադարի մեխանիզմի հարցում Արևմուտքի հետ հարաբերության, թե Ռուսաստանը աջ ձեռքով գնում է այդ հարաբերության, իսկ ձախով մտադիր է տորպեդահարել այդ գործընթացը, այդ իսկ պատճառով Լավրովը Երևանից Գերմանիայի վրա էր դնում այդ պատասխանատվությունը, Վիեննայում դնում էր ԱՄՆ վրա:
 
Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Վիեննան որքան կարող է լինել հրադադարի պահպանման կամ իրավիճակի գերլարվածության թուլացման հանգրվան, երաշխիք, նույնքան էլ կարող է լինել փափուկ բարձ: Հետևաբար Հայաստանի համար չափազանց վտանգավոր է գլուխը դնել դրա վրա: Գլուխը պետք է աշխատեցնել, և աշխատեցնել գործուն այլընտրանքների ուղղությամբ, որոնց առանցքում պետք է լինի Ղարաբաղյան հակամարտության վրա Ռուսաստանի գերազդեցության թուլացումը: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ կարգավորման գործընթացում արմատավորվի հայկական իրական շահաբաժին, որտեղ Հայաստանի խնդիրը լոկ «գերազանցիկ» գնահատական ստանալը չէ, լոկ «խելոքության» սերտիֆիկատը չէ: Հայաստանը պետք է Ղարաբաղյան խնդրում առավել ակտիվ սպասարկի իր շահը, իսկ այդ շահը պահանջում է առավել ակտիվ աշխատանք Արևմուտքի հետ, որը հրադադարի մեխանիզմի գործնականացման հարցում առավելագույն շահագրգռված կողմն է և Հայաստանի շահակիցը:
 
Վիեննայի հանդիպումը, դրան հաջորդած առաջին հայտարարությունները վկայում են, որ Հայաստանի համար հետպատերազմյան խնդիրը չի փոխվել՝ Հայաստանը կարիք ունի փոխելու գործընթացի քաղաքական տրամաբանությունը, հակառակ դեպքում Հայաստանը ժամանակ է կորցնում, և կորցնում է նաև իրական դաշնակցային հնարավորություններ:
 
Հայաստանը պետք է ոչ թե «խելոքության», այլ ինքնիշխանության հավաստիացումներ ներկայացնի աշխարհին համարժեք արձագանքի արժանանալու համար:
Նոյյան տապան  -   Վերլուծություն