Ալիեւին Վիեննայում ստիպել են համաձայնություն տալ.«Առավոտ»


Ալիեւին Վիեննայում ստիպել են համաձայնություն տալ.«Առավոտ»

  • 18-05-2016 15:03:03   | Հայաստան  |  Վերլուծություն

«Առավոտ».  Մայիսի 16-ին Վիեննայում Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո համանախագահող երկրների տարածած համատեղ հայտարարությունը վկայեց այն մասին, որ պաշտոնական Երեւանի առաջ քաշած նախապայմաններին միջնորդները ընթացք են տվել: Միջնորդները պնդեցին 1994 եւ 1995 թվականների հրադադարի մասին համաձայնագրերի պահպանումը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ Անվտանգության խորհրդում տարածել էր նամակ՝ թվագրված ապրիլի 14-ին, որով փորձ է արել պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելով՝ միակողմանիորեն չեղարկել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը: Սա Բաքվի կողմից բանակցային գործընթացը տապալելու, հրադադարի ռեժիմի պահպանումից խուսափելու ակնհայտ փորձ էր: Հաջորդը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախարարները վերահաստատեցին, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Ադրբեջանի ապրիլյան ագրեսիային, այսպիսով, առանց հասցեական քննադատության, տրվեց կոնկրետ արձանագրում, որ ռազմական գործողություններն անթույլատրելի են: Ավելին, համանախագահները փաստեցին, որ նախագահները վերահաստատել են հրադադարի պահպանման եւ հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը: Իսկ ամենակարեւոր արձանագրումը վերաբերում էր սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների կիրառմանը: Ամիսներ շարունակ, ինչպես հայտնի է, պաշտոնական Բաքուն համաձայնություն չէր տալիս միջնորդների ներկայացրած այս առաջարկին` պատճառաբանելով, թե սա հայկական կողմի առաջ քաշած «տեխնիկական բնույթի» ինչ-որ անիմաստ առաջարկ է: Սակայն Վիեննայի հանդիպման արդյունքում տարածված հայտարարությունից պարզ է դառնում, որ Բաքվին ստիպել են ընդունել այդ առաջարկը: Հայտարարության մեջ ասվում էր, որ նախագահները «հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար համաձայնել են հնարավորինս սեղմ ժամկետում վերջնականացնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմը»: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները նաեւ համաձայնության են եկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությունը զգալիորեն ընդլայնելու շուրջ եւ պայմանավորվել են շարունակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհետ կորած անձանց մասին տվյալների փոխանակումը: «Նախագահները համաձայնեցին հաջորդ հանդիպման մասին, որը անցկացվելու է հունիսին` կողմերի համաձայնությամբ ընտրված վայրում` նպատակ ունենալով վերսկսել բանակցությունները հակամարտության համակողմանի կարգավորման շուրջ»,- իրենց հայտարարությունը եզրափակում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախարարները: 
 
Սերժ Սարգսյանը խնդրողի դերում չի եղել, Ադրբեջանը չի առարկել 
 
Վիեննայից վերադառնալիս լրագրողներին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել մոնիտորինգի հաստատումից հետո. «Խոսակցություն գնաց այն մասին, որ որոշ ժամանակ հետո ճիշտ կլինի հանդիպել: Եվ մենք մի կառուցողական առաջարկություն արեցինք. քանի որ խոսքը գնում էր հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ համանախագահների կողմից մոնիտորինգի հաստատման մասին, մենք առաջարկեցինք, որպեսզի այդ մոնիտորինգը հաստատվի մինչ մեր հանդիպումը: Սա կլինի կողմերի կողմից կառուցողական մոտեցում»: Խոսելով առաջարկի մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ «մոնիտորինգի ռեժիմը հաստատելու հարցում խնդրողի վիճակում չէինք»: «Ուղղակի ես զարգացրեցի համանախագահների առաջարկությունը` մոնիտորինգի համակարգ ձեւավորելու համար: Այնպես որ՝ եթե Ադրբեջանը համաձայն չլիներ, նրանք կառարկեին»,- ասել է Ս. Սարգսյանը` արձագանքելով հարցին, թե ինչպիսին էր Ադրբեջանի ղեկավարի դիրքորոշումը, երբ տեղի մամուլն անվտանգության միջոցառումների իրականացման համար նախապայմաններ էր առաջ քաշում: «Մոնիտորինգի հաստատման որեւէ նախապայման չի եղել: Եվ չգիտեմ` ո՞ր ադրբեջանցիներն են պնդում զորքերի դուրսբերման, դրանից հետո մոնիտորինգ հաստատելու մասին, բայց ես գործ ունեմ Ադրբեջանի նախագահի հետ, որն այդպիսի բան չհայտարարեց այնտեղ»: Ինչ վերաբերում է մեխանիզմների ներդրման ժամկետներին, ապա Ս. Սարգսյանը տեղեկացրել է. «Համանախագահներն ասում էին` օր առաջ պետք է հաստատվի մոնիտորինգի ռեժիմը: Կարծում եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում, որովհետեւ այդպիսի որոշում իրենք ունեն, եւ մենք էլ դեմ չենք: Կավելանան ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի կարողությունները, նրա անձնակազմը, եւ ինչքան շուտ հաստատվի, այնքան լավ: Որովհետեւ, նորից եմ ասում, փոխադարձ մեղադրանքները գործին չեն օգնում: Եվ անհրաժեշտ է հստակ ապացույց: Այս պարագայում ես կարծում եմ, որ մենք շահեկան դիրքում կլինենք, որովհետեւ ակնհայտ է` երբեք մենք առաջինը չենք խախտում, որովհետեւ դա մեզ ուղղակի պետք չէ»: Ընդհանուր առմամբ Սերժ Սարգսյանը բավարարված է Վիեննայի հանդիպման արդյունքներով, թեեւ արձանագրել է, թե չի կարծում, որ «վաղվանից ընդհանրապես բացառվելու են խախտումները, բայց հուսով եմ, որ շատ ավելի հանդարտ կլինի, քան եղել է մինչ այսօր»: Նրա խոսքով՝ սա երկուստեք կառուցողական մոտեցում կլինի. «Մենք չենք խոսել բանակցությունների մասին, իհարկե՝ խոսք եղել է, որ լավ կլինի, որ տեսանելի ապագայում հանդիպում լինի, բայց որեւէ պայմանների մասին չենք խոսել։ Մենք խոսել ենք հրադադարի ռեժիմի պահպանման մասին, եւ ես ցանկություն եմ հայտնել, որ եթե լինելու է հանդիպում, ապա լինի մոնիթորինգի հաստատումից հետո»,- ասել է նախագահը։ Սերժ Սարգսյանի խոսքով՝ Ալիեւը չի առարկել, սակայն թե ինչ է իրականում Ալիեւի մտքում, հստակ չէ, պարզ կլինի մոտ ապագայում: 
 
 
Բաքուն համաձայն է Լավրովի մեկնաբանությունների հետ 
 
Թե՛ Վիեննայում բանակցությունների օրը, թե՛ հաջորդ օրը ադրբեջանական կայքերի լրահոսին հետեւելիս նկատելի էր, որ ե՛ւ հանդիպումը ե՛ւ դրան հաջորդած հայտարարությունները Բաքվի սրտով չէին: Տեղեկատվական դադարը, թերեւս վկայում էր այն մասին, որ Վիեննայի հանդիպման արդյունքները Բաքվի համար անընդունելի են: Մինչ Բաքուն դուրս կգար «շոկից», Վիեննայի հանդիպումից անմիջապես հետո լրագրողների առջեւ ճեպազրույցով հանդես եկավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով. «Հիմքեր կան ենթադրելու, որ Բաքուն ու Երեւանը փոխզիջումների են տրամադրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Խնդրի կարգավորման միջնորդները կնպաստեն դրան»։ Մանրամասնելով փոխզիջումների մասին թեման՝ Լավրովը հավելեց. «Փոխզիջումը հնարավոր է միշտ։ Համենայնդեպս, եթե չլիներ այդպիսի հնարավորություն, ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան կդադարեին զբաղվել այս ամենով։ Մենք նպատակաուղղված ենք գործը ավարտին հասցնել, որպեսզի սկսենք շարժվել հակամարտության ամբողջական կարգավորման ուղղությամբ։ Հաշվի առնելով կողմերի միջեւ առկա լարվածությունը՝ դա պետք է կատարվի փուլերով, եւ հնարավոր է՝ առաջին փուլի պարամետրերի համաձայնեցման հնարավորությունն առկա է։ Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ հայկական եւ ադրբեջանական կողմի բանակցողները տրամադրված են փոխզիջումները ձեւակերպելու հարցում։ Մենք ամեն կերպ կաջակցենք դրան»։ Լավրովը խոսել է նաեւ բանակցությունների հետագա ընթացքի մասին. «Հունիսին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները կհամաձայնեցնեն հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետները, որի ընթացքում, հաշվի առնելով այն, ինչն արդեն կատարվել է քաղաքական գործընթացների շրջանակներում, կշարունակվեն աշխատանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման պարամետրերի համաձայնեցման շուրջ»։ Ուշագրավ է, որ ՌԴ արտգործնախարարը նույնպես անդրադարձել է շփման գծում միջադեպերի հետաքննության թեմային. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել զինադադարի պահպանման, կրակի դադարեցման մասին այն տեսքով, ինչ տեսքով դա ամրագրվել է դեռ նախորդ հարյուրամյակի 1994-95թթ. համաձայնագրերով: Պայմանավորվել ենք նաեւ այն մասին, որ ԵԱՀԿ-ն կձեւակերպի կոնկրետ քայլեր, որոնք թույլ կտան հետաքննել միջադեպերը շփման գծում, այն մասին, որ ԵԱՀԿ-ն նաեւ կօգնի լուծել անհետ կորածների խնդիրը»: Այստեղ հետաքրքրականը պաշտոնական Բաքվի պահվածքն է: Վիեննայի հանդիպումը գնահատելիս Ադրբեջանի արտգործնախարարը հղում է արել հենց Լավրովի հայտարարություններին: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 17-ին հայտարարել է հետեւյալը. «Համաձայն եմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գնահատականի հետ, որ երեկվա բանակցությունները լավ հնարավորություն են ստեղծում հակամարտության կարգավորման վերաբերյալ քաջ հայտնի փուլային մոտեցման հիման վրա բովանդակային բանակցություններ սկսելու համար: Այդ բանակցությունները պետք է անցկացվեն հնարավորինս արագ եւ արդարացնեն տարածաշրջանում ապրող մարդկանց եւ միջազգային հանրության ակնկալիքները՝ կապված էական արդյունքների հետ»: Տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնական Բաքուն շարունակում է կառչած մնալ իր իսկ կողմից ամիսներ շարունակ շրջանառության մեջ դրած` «Լավրովի առաջարկներ` հիմնված տարածքային ամբողջականության սկզբունքի վրա» հայտարարություններին: Սա, թերեւս, պաշտոնական Բաքվի համար լավագույն միջոցն է՝ խեղաթյուրելու Վիեննայի հանդիպման արդյունքները եւ խափանելու այն առաջարկների կիրառման հնարավորությունը, որոնք մինչ այժմ էլ հետեւողականորեն Բաքուն է խոչընդոտել: 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն