Բավական է Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ն, եւ Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում կավարտվի. «Լրագիր»
19-05-2016 17:19:22 | Հայաստան | Վերլուծություն
Ապրիլյան պատերազմը եւ Վիեննայի հանդիպումը նոր իրավիճակ են ստեղծել Ղարաբաղյան քաղաքական գործընթացում: Վիեննայի հանդիպումը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն Ռուսաստանից վերցրել է կարգավորման «մենաշնորհը»:
Այս մասին խոսում են թե հայ, թե ռուսաստանցի փորձագետները: Նրանք նշում են, որ կարգավորման դիվանագիտության մեջ կտրուկ աճել է Արեւմուտքի ազդեցությունը:
Ռուսաստանի ու Ադրբեջանի քաղաքականությունը Ղարաբաղի խնդրի վերաբերյալ մտել էր փակուղի: «Տարածք ռուս խաղաղապահների դիմաց» համատեղ նախագիծը այս երկու երկրները փորձում էին իրագործել 2013-ից սկսած, երբ Ռուսաստանը Հայաստանին մտցրեց ԵՏՄ՝ այդպիսով մեկուսացնելով Հայաստանը եւ նրան զրկելով ռազմական, տնտեսական եւ այլ ոլորտներում ինքնիշխան քաղաքականություն վարելու հնարավորությունից:
Փոխարենը, Ռուսաստանն ինտենսիվ զինում էր Ադրբեջանին եւ նրան պատրաստում խնդրի ռազմական լուծմանը: Զուգահեռ Ռուսաստանը դադարեցրել էր Հայաստանին զենքի մատակարարումը, իսկ Ադրբեջանը 2013-ից ի վեր հակամարտության գոտում անցել էր ավելի ակտիվ գործողությունների, կարծես նախավարժանք անցկացնելով եւ հաղթահարելով վախերը հայկական զինուժի հանդեպ:
Փորձագետները նշում են, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայությունը պայմանավորված է հենց այս սխեմայով՝ ռազմական ներկայություն Հայաստանում եւ ռազմավարական համագործակցություն Ադրբեջանի հետ: Հասկանալի է, որ դա կարող է տեղի ունենալ միայն «տարածքներ ռուս խաղաղապահների դիմաց» նախագծի իրականացման արդյունքում, համենայնդեպս կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարում:
Սակայն միջազգային քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններն ու նոր զարգացումները ցայտնոտի մեջ էին դրել Մոսկվային ու Բաքվին: Ժամանակն ակնհայտորեն աշխատում էր նրանց դեմ: Ռուսաստանն ու Ադրբեջանը նախաձեռնեցին ապրիլյան պատերազմը, որը նպատակ ուներ իրականացնել համատեղ ծրագիրը «տարածքներ խաղաղապահների դիմաց» պայմանավորվածությամբ: Սակայն այդ հարձակումը տապալվեց, ինչը այս երկրներին դրեց լիակատար փակուղու առջեւ:
Զուր չէր, որ «զինադադարից» մի քանի օր անց ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկատվություն եղավ, թե Պուտինը պատրաստվում է շտապ այց կատարել Բաքու: Ըստ ամենայնի, Պուտինին Բաքուն շատ հարցեր ուներ, այդ թվում համատեղ փակուղուց դուրս գալու ելքերի վերաբերյալ:
Հայկական ռազմա-քաղաքական ղեկավարության պահվածքն այդ օրերին բավական հակասական էր ու տեղ-տեղ անհասկանալի: Տպավորություն էր, թե եղել են ինչ որ խոստումներ ու պայմանավորվածություններ, որոնք սակայն չեն կատարվել: Մարտական դիրքերից ստացվող տեղեկությունները հաստատում էին այս տպավորությունը: Բանակը կարծես թողնված լիներ իր «կամքին»:
Չնայած դրան՝ բանակը դիմադրեց ու ինչպես Սերժ Սարգսյանն է ասել՝ «կատարեց իր խնդիրը»: Հնարավոր է՝ Սարգսյանը նկատի ուներ հենց այս հանգամանքը, քանի որ բանակի գործն ըստ էության կիսատ մնաց՝ հակագրոհը կասեցվեց:
«Զինադադարից» հետո Ռուսաստանը փորձեց ինքնուրույն դուրս գալ փակուղուց ու պահպանել դեմքը: Ռուսաստանը թույլ չտվեց հայկական կողմի հաղթանակը եւ տարածքներ «նվիրեց» Ադրբեջանին: Լավրովը դիմեց Գերմանիային՝ ղարաբաղյան կարգավորման «պատասխանատվությունը» ստանձնելու համար: Զուգահեռ, ռուսական կողմն արդեն սկսեց խոսել հետաքննության մեխանիզմների մասին, որի վերաբերյալ նախկինում լռություն էր պահպանում:
Վիեննայում տեղի ունեցած հանդիպմանը հետաքննության մեխանիզմների հարցը դարձավ առանցքայիններից մեկը, որին Ռուսաստանը տվեց իր համաձայնությունը: Համաձայնություն է տվել նաեւ Ադրբեջանը, սակայն մեկ օր անց հայտարարել, թե այդ համաձայնությունն իրեն չի վերաբերվում:
Այս մեխանիզմն ամերիկյան նախաձեռնություն է, որը էապես սահմանափակում է Ռուսաստանի քաղաքականությունը տարածաշրջանում, ռազմական ագրեսիայի մասով: Նույնը վերաբերվում է նաեւ Ադրբեջանին:
Արդյոք սա նշանակում է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման նախաձեռնությունն անցել է ԱՄՆ-ին, որը Հարավային Կովկասում նկատելիորեն ակտիվացրել է իր քաղաքականությունը, մասնավորապես Վրաստանում ռազմական ներկայության մասով:
Մյուս կողմից, նկատելի է, որ սկսվել է ռուս-ամերիկյան բավական բարդ ու բազմաճյուղ խաղ, որն ընդգրկում է մասնավորապես Սիրիան ու Ղարաբաղյան խնդիրը, որտեղ արդեն նշմարվում են պայմանավորվածությունները: Արդյոք դրանց մեջ է Ղարաբաղից «հեռանալը», քանի որ այստեղ հայտնվել էր փակուղում՝ իր ներկայությունը կորցնելու հեռանկարի առաջ:
Բացի այդ, նույնիսկ «տարածք ռուսական խաղաղապահների դիմաց» սխեման իրագործելու դեպքում Ռուսաստանի հեռանկարը Հարավային Կովկասում մնում էր կասկածի տակ, եւ սա թերեւս ընկալվել է Մոսկվայում: Հասկանալի է դարձել նաեւ, որ բավական է Հայաստանը ճանաչի ԼՂՀ-ն, եւ Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում կավարտվի:
Վիեննայում թերեւս քննարկման գլխավոր խնդիրը Սիրիան էր: ԱՄՆ-ն Ռուսաստանին որոշակի առումով «վերադարձրեց» սիրիական ասպարեզ, Ղարաբաղի խնդրում հասնելով «զիջման»:
Հայկական կողմի համար բացվել են քաղաքականության լուրջ հնարավորություններ, հաշվի առնելով ստեղծված նոր իրավիճակը թե դիվանագիտական, թե ռազմական ասպարեզում: Ադրբեջանը հայտնվել է լիակատար փակուղու մեջ, եւ հայկական կողմը զիջումների որեւէ պատճառ չունի: Այս «իրավունքը» Հայաստանին տվել է Ադրբեջանն իր ռազմական ագրեսիայով, եւ հիմա Հայաստանը չունի որեւէ խոչընդոտ իրացնելու թե քաղաքական, թե ռազմական խնդիրները:
Եթե Ադրբեջանը կրկին դիմի ռազմական միջոցին, այս դեպքում հայկական հակահարվածն այլեւս չի կասեցվելու: Հայաստանը պետք է օգտագործի նախկին սխեմաներից դուրս գալու այս բացառիկ հնարավորությունը, որի ռեսուրսը կա՝ բանակը եւ քաղաքացիական հանրությունը:
Քաղաքական ղեկավարությունից, քաղաքական դասից, արտաքին քաղաքականության պատասխանատուներից հույս չկա՝ նրանց հայտարարություններն ու քայլերն առայժմ ցույց են տալիս, որ այս իրավիճակը կամ չի ընկալվել, կամ ստորադասվում է բավական մերկանտիլ նպատակների: