Իրադարձությունների զարգացման երեք սցենարները. «Չորրորդ իշխանություն»


Իրադարձությունների զարգացման երեք սցենարները. «Չորրորդ իշխանություն»

  • 20-05-2016 14:42:23   | Հայաստան  |  Վերլուծություն

Վիեննայի հանդիպումից ընդամենը մի քանի օր է անցել, բայց միջնորդներն արդեն խոսում են բանակցություններն ինտենսիվորեն շարունակելու եւ ղարաբաղյան խնդիրը փուլային տարբերակով վերջնականապես կարգավորելու մասին։
 
 
Եվ այդ ֆոնին, բնականաբար, Հայաստանում ներքաղաքական լարվածությունն աստիճանաբար աճում է (առանց այն էլ քաղաքական շրջանակներում իշխանությունների նկատմամբ խուլ դժգոհություն կա` ապրիլյան պատերազմում կորցրած 8 քառակուսի կիլոմետր տարածքի եւ այդ տարածքը վերադարձնելու փորձերից հրաժարվելու պատճառով)։ Թե ինչպես կզարգանան հետագա իրադարձությունները` ժամանակը ցույց կտա, բայց հնարավոր սցենարները սրանք են.
 
 1. Բանակցություններն իսկապես ինտենսիվորեն շարունակվում են, կողմերը պայմանավորվում են ընդհանուր սկզբունքների (ասենք` կազանյան փաստաթղթերի) շուրջ, համաձայնվում են, որ խնդիրը պիտի կարգավորվի փուլային տարբերակով, բայց` դրանից այն կողմ չեն գնում։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ նախ հայկական կողմը պիտի զորքերը դուրս բերի «գրավյալ տարածքներից», եւ միայն դրանից հետո պիտի քննարկվի Ղարաբաղի կարգավիճակը, հայկական կողմն էլ պնդում է, որ նախ Ադրբեջանը պիտի պաշտոնապես ճանաչի Ղարաբաղի անկախության իրավունքը (եւ պատրաստ լինի ընդունել հանրաքվեի արդյունքները), եւ միայն դրանից հետո զորքերը պիտի դուրս բերվեն «օկուպացված տարածքներից»։ Այդ ընթացքում, հասկանալի է, ե՛ւ Ադրբեջանն է պատրաստվում նոր պատերազմի, ե՛ւ Հայաստանը, ու մի քանի տարի (կամ` մի քանի ամիս) անց տեղի է ունենում նոր պատերազմ` մոտավորապես նույն ելքով (հարյուրավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, ու շփման գիծը չի փոխվում)։ Եվ այսպես` այնքան ժամանակ, մինչեւ կողմերից մեկնումեկի նյարդերը չդիմանան, ու կամ հայկական դիվիզիաները շարժվեն դեպի Գյանջա, կամ ադրբեջանցիները Նախիջեւանի կողմից «բզբզեն»` փորձելով ներքաշել Թուրքիային։ Երկու դեպքում էլ արդյունքներն անկանխատեսելի են։
 
2. Բանակցություններն ինտենսիվորեն շարունակվում են, եւ Սերժ Սարգսյանը, տեղի տալով արտաքին (առաջին հերթին` ռուսական) ճնշումներին, համաձայնվում է առաջին փուլում որոշ տարածքներ վերադարձնել եւ նույնիսկ ինչ-որ փաստաթուղթ է ստորագրում այդ մասին։ Բայց փաստաթուղթ ստորագրել` դեռեւս չի նշանակում հանձնել տարածքները։ Նման փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում փոթորիկ կսկսվի, ու «ազգի դավաճան» Սերժ Սարգսյանին տապալելու գործընթացը կայծակնային արագությամբ թափ կհավաքի։ Գործընթացի առանցքում կլինեն Ռոբերտ Քոչարյանը` իր տնտեսական, քաղաքական ու քարոզչական ռեսուրսներով, երկրապահների զգալի մասը, բարձրաստիճան զինվորականներ (հասկանալի է` հիմնականում թաքուն), եւ իհարկե` տասնյակ հազարավոր շարքային քաղաքացիներ։ Դաշնակցականներն ու ՀՀԿ-ի մի մասը սկզբում զգուշորեն կտնտղեն ուժերի հարաբերակցությունը, որպեսզի կողմնորոշվեն` ի վերջո իրենք «ոչ մի թիզ հող»-ի՞ կողմնակից են, թե՞ «մի թիզ էս կողմ, մի թիզ էն կողմ` էական չէ»-ի, եւ ամենայն հավանականությամբ` ի վերջո «մի գիշերվա մեջ երկրապահ կդառնան»։ Եվ արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական կտա։ Ինչպես ասում են, «մնացածը` ինչպես տեքստում». այսինքն` նոր իշխանություններ, նոր բանակցություններ, ու ժամանակ առ ժամանակ` նոր պատերազմ։
 
3. Սերժ Սարգսյանը ստորագրում է փուլային տարբերակը եւ պատրաստակամություն հայտնում առաջին փուլում որոշ տարածքներ վերադարձնել, բայց Ռուսաստանի օգնությամբ կարողանում է ճնշել բողոքի ալիքը եւ պահպանել իշխանությունը։ Ավելին` իշխանական քարոզչամիջոցները դա ներկայացնում են որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելք եւ «բացառիկ քաղաքական խիզախություն»։ Այդ դեպքում որոշ տարածքներ վերադարձնելուց հետո Ղարաբաղը ներգրավվում է բանակցային գործընթացում, բայց կարգավիճակի հարցում համաձայնությունը չի կայացվում, եւ նոր պատերազմը կանխելու համար խաղաղապահ ուժեր են մտնում տարածաշրջան (հասկանալի է` ռուսական)։ Եվ արդյունքում Ղարաբաղը ստանում է «շատ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում` Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապով»։ Մինչեւ հաջորդ պատերազմը։
 
Մի խոսքով, անկախ նրանից` դուր է գալիս մեզ այս սցենարներից որեւէ մեկը, թե ոչ, պետք է արձանագրել, որ այլ տարբերակներ պարզապես չկան։ Իսկ թե կոնկրետ որ սցենարով կզարգանան իրադարձությունները` կախված է իշխանությունների պահվածքից եւ դրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքից։
Նոյյան տապան  -   Վերլուծություն