Շատերն առաջին նախագահի ակտիվացումը կապում են Արցախի հարցում փոխզիջումային տարբերակների ու հնարավորությունների հետ


Շատերն առաջին նախագահի ակտիվացումը կապում են Արցախի հարցում փոխզիջումային տարբերակների ու հնարավորությունների հետ

  • 23-05-2016 13:25:18   | Հայաստան  |  Վերլուծություն

«Առավոտ». Վերջերս իր հոդվածներով ու հարցազրույցներով աննախադեպ ակտիվություն է հանդես բերում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
 
Դրանից էլ բացի, առաջին նախագահը նաեւ իր գործողություններով ու տեղաշարժերով է բավական ակտիվացել. սեփական օջախում նախագահ Սարգսյանին հյուրընկալում, այցելություն Արցախ եւ այլն: Որոշ քաղաքական գործիչներ ու լրագրողներ միանգամայն դրական են վերաբերվում Տեր-Պետրոսյանի այս ակտիվացմանը, որոշներն էլ ընդգծված բացասական՝ նշելով ու շեշտելով, որ առաջին նախագահն իր այս հարցազրույցներով, հոդվածներով ու գործողություններով զուտ անձնական ու ներքաղաքական խնդիրներ է փորձում լուծել: Բացասաբար վերաբերվողներից ոմանք էլ այն կարծիքին են, որ Տեր-Պետրոսյանը վերջին շրջանի իր այս ելույթներով ու գործունեությամբ փորձում է կանխել երկրորդ նախագահ Քոչարյանի վերադարձը քաղաքական ասպարեզ: Այսուհանդերձ, Տեր-Պետրոսյանի ակտիվացմանը բացասաբար վերաբերվողներից շատերն առաջին նախագահի ակտիվացումը ուղղակիորեն կապում են Արցախի հարցում փոխզիջումային տարբերակների ու հնարավորությունների հետ: Այս հարցում ռուս վերլուծաբան Օլեգ Կուզնեցովի կարծիքն էապես տարբերվում է մյուսների կարծիքներից: Ռուս վերլուծաբանը դեռեւս ու թերեւս միակն է, ով հնարավոր է համարում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը իշխանություն: Կուզնեցովը, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, վերջինիս տարեց չի համարում եւ հիշեցնում է, որ ութսունամյա Ռեյգանը լավ էլ երկիր էր ղեկավարում: Համոզված ենք, որ ռուս վերլուծաբանի այս վերլուծությունից հետո Հայաստանում էլ կսկսեն անդրադառնալ Տեր-Պետրոսյանի վերադարձի հնարավորությանը: Պարզից էլ պարզ է, թե ով ինչպես ու ինչ ռակուրսով կանդրադառնա, որովհետեւ մեր քաղաքագետների, քաղաքական գործիչների ու լրագրողների կարծիքներն էն գլխից պարզ են: Երբ Տեր-Պետրոսյանը Բակո Սահակյանին հանդիպելուց ու Արցախից վերադառնալուց հետո հանդես եկավ վերլուծական հոդվածով եւ կարծիք հայտնեց, որ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը խելահեղ քայլ է եւ քաղաքական լուրջ վտանգներով է հղի, Հայաստանի քաղաքական դաշտում կանխատեսելի աղմուկ բարձրացավ: Ումից ինչ սպասում էինք, էդ էլ ասեց՝ ոչ ավել, ոչ պակաս: Այսինքն՝ պատգամավորների, քաղաքական գործիչների, լրագրողների եւ ընդհանրապես լրատվամիջոցների կարծիքները միանգամայն կանխատեսելի են, ընդ որում՝ բոլոր հարցերում: Օրինակ՝ պարզ էր, որ Զարուհի Փոստանջյանը Տեր-Պետրոսյանի այդ հոդվածում արտահայտած դատողությունների ու մտորումների դեմ պիտի խոսեր եւ այդպես էլ արեց, ընդ որում, միանգամայն անզուսպ խոսեց՝ առաջին նախագահի դատողությունները համարելով դավաճանություն, իհարկե՝ չպարզաբանելով, թե այդ դատողություններն ինչ առումով ու ինչ իմաստով էին դավաճանություն: Բնականաբար, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ խոսեց, բնականաբար, ավելի կոռեկտ՝ նշելով, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը ոչ թե խելահեղ, այլ միանգամայն անհրաժեշտ քայլ է: Բնականաբար, Տեր-Պետրոսյանի տեսակետների հետ համաձայնվողներն էլ են շատ: Համաձայնվողները նրանք են, ովքեր գտնում են, որ բանակցությունները պետք է շարունակվեն, եւ Մինսկի խումբն էլ պիտի շարունակի գոյատեւել: Բոլորս էլ այն կարծիքին ենք, որ բանակցային գործընթացում Մինսկի խումբը շոշափելի որեւէ հաջողության չի հասել, եւ եթե այսպես շարունակվի, մի օր իսկապես կարող է լուծարվել: Բայց կարեւոր ու էական է, որ դա տեղի ունենա Ադրբեջանի պատճառով, այլ ոչ թե Հայաստանի կամ Ղարաբաղի: Սա քաղաքականություն է, եւ քաղաքականության մեջ, ցավոք սրտի, ձեւական կողմն ապահովելն ու կարեւորելը չափազանց էական են: Քաղաքական հարցերում մենք պետք է լրջմիտ եւ եթե պետք է՝ նաեւ զգուշավոր ու հաշվենկատ լինենք, որպեսզի հետո շարունակ օրինակ չբերենք ու չգովերգենք թուրքական դիվանագիտությունը: Մենք ուրիշ բան էինք ուզում ասել, բայց մի քիչ շեղվեցինք: Ուզում էինք ասել, որ մենք բոլորս հայ ենք, եւ ուզում ենք, որ Արցախի հարցը հայանպաստ լուծում ստանա: Դա կլինի միայն այն դեպքում, եթե կարեւորագույն հարցերում միասնական կարծիք ունենանք: Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցն այդ կարեւորագույն հարցերից է:  
 
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն