Նոյեմբերյանցիները սպասում են վարչապետի կողմից խնդրի լուծմանը. «Առավոտ»


Նոյեմբերյանցիները սպասում են վարչապետի կողմից խնդրի լուծմանը. «Առավոտ»

  • 23-05-2016 14:28:03   | Տավուշի մարզ  |  Վերլուծություն

«Առավոտ». Մայիսի 4-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Լոռու եւ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ Նոյեմբերյանի մշակույթի տանը հանդիպում կայացավ Նոյեմբերյան քաղաքի եւ տարածաշրջանի բնակիչների հետ:

Այդ հանդիպման ժամանակ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ներկայացնելով Նոյեմբերյան քաղաքի բնակիչների խնդրանքը, խնդրեց համայնքը ներառել սահմանամերձ այն համայնքների ցանկում, որոնք օգտվում են էլեկտրաէներգիայի, բնական գազի սակագների կիսով չափ զեղչից, հարկային արտոնություններից: Վարչապետը խոստացավ հարցը կառավարությունում քննարկել, արդարացի լուծում տալ, չմոռանալով նշել, որ դա պետական բյուջեի համար որոշակի բեռ է: ՀՀ կառավարության ինտերնետային կայքի (gov.am) «Պաշտոնական լրահոս» բաժնում, մայիսի 4-ին տեղադրված «Վարչապետն այցելել է Լոռու եւ Տավուշի մարզեր» խորագրով տեղեկատվության մեջ նշված է. «Նոյեմբերյանցիները բարձրացրել են Նոյեմբերյանը սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկելու հարցը, ինչը նրանց հնարավորություն կտա օգտվել կառավարության սահմանած մի շարք արտոնություններից: Հովիկ Աբրահամյանը խոստացել է սեղմ ժամկետում հարցը քննարկել կառավարությունում»: Հարցի քննարկման, այդ կապակցությամբ որեւէ որոշման մասին դեռ պաշտոնական հաղորդագրություն չկա: Հ. Աբրահամյանի այցից 19 օր է անցել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն