Ինչ ենք ակնկալում Մարդասիրական գագաթնաժողովից


Ինչ ենք ակնկալում Մարդասիրական գագաթնաժողովից

  • 23-05-2016 17:59:20   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Այսoր պետությունների, միջազգային գործակալությունների, մասնավոր հատվածի  և քաղաքացիական հասարակության ղեկավարները կհավաքվեն Ստամբուլում մասնակցելու  պատմության մեջ առաջին համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովին և հայտնելու իրենց պատրաստակամությունը անդրադառնալու այսօր մեր առջև ծառացած առավել կարևոր մարտահրավերներին: Այս բարձր մակարդակով հանդիպման պահանջներն ակնհայտ են՝ հակամարտություններ, որոնց պատճառած անասելի տառապանքները չունեն վերջ, զանգվածային տարահանումներ, քաղաքական ու տնտեսական ցնցումներ, միջազգային մարդասիրական օրենքի աղաղակող խախտումներ, սովի և երեխաների թերսնման համատարած դեպքեր, ավելի դաժան ու ավելի հաճախակի պատահող բնական աղետներ կապված կլիմայի փոփոխության հետ, ինչպես նաև աճող անհավասարություն, որը կասեցնում է միլիոնավոր մարդկանց զարգացման առաջընթացը: 
 
Վիճակագրական տվյալներն ուղղակի ապշեցուցիչ են. ավելի քան 130 միլիոն մարդ ունի մարդասիրական օգնության և պաշտպանության  կարիք, և այդ թիվը շարունակ աճում է: Ավելի քան 40,8 մլն մարդ տեղահանված է իր սեփական երկրում  հակամարտության և բռնության հետևանքով և, ի լրումն դրան, 20,2 մլն մարդ ապաստան է գտել այլ երկրներում: Միայն 2015 թ. 113 երկրներում բնական աղետների արդյունքում տեղահանվել է 19,2 միլիոն մարդ: 
 
Առաջնությունը տալով բնակչության առավել խոցելի խմբերին, ՄԱԿ-ը և մեր մարդասիրական գործընկերները փորձում են հայթայթել մոտ $21 միլիարդ դոլար 40 երկրներում 91 մլն մարդու օգնություն ցուցաբերելու համար: Սակայն, այժմ, երբ տարին արդեն գրեթե կիսվել է, այդ կենսականորեն անհրաժեշտ 21 միլիարդից 17 միլիարդը դեռ պակասում է, ինչը մեզ անկարողունակ է դարձնում աջակցել այն մարդկանց, ովքեր, շատ դեպքերում, կորցրել են ամեն ինչ:  
 
Երբ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը չորս տարի առաջ կոչ արեց հրավիրել պատմության մեջ առաջին համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովը, նա գիտակցում էր, որ ստատուս-քվոն  այլևս չի կարող շարունակվել: Նման հավաքի անցկացումը երբեք այդքան հրամայական չի եղել: Աշխարհի առաջնորդները պետք է ընդունեն մարդասիրական կարիքների գոյության փաստը, որը դառնում է անվերահսկելի:  
 
Այժմ մենք ունենք բացառիկ հնարավորություն, որը յուրաքանչյուր սերունդին տրվում է միայն մեկ անգամ,  մեկնարկել մի հավակնոտ օրակարգ՝ փոխելու  մեր մոտեցումներն աշխարհի ամենախոցելի մարդկանց տառապանքների թեթևացման,  և, որ ամենակարևորն է, կանխման հարցում:  Հաջողության հասնելու համար Գլխավոր քարտուղարը իր «Մարդկության համար օրակարգում»  կոչ է անում հանձնառել փոփոխությունների խթանմանն ուղղված պարտավորություններ և գործողություններ: 
 
Միլիոնավոր մարդկանց կյանքը վերափոխելու համար շատ կարևոր է գագաթնաժողովում հասնել  նրան, որ բոլոր երկրները փոխեն իրենց վերաբերմունքը հակամարտությունների նկատմամբ՝ ուշադրությունը կենտրոնացնելով վերջիններիս կանխման ու կարգավորման հարցերի վրա: Որպես առաջին քայլ, քաղաքական առաջնորդները պետք է ցուցաբերեն հավաքական վճռականություն ու պատասխանատվություն և գիտակցեն, որ միակ միջոցը, որով հնարավոր է  նվազեցնել երկարաձգված և լայնածավալ  հակամարտությունների արդյունքում տուժված մարդկանց տառապանքները, հակամարտությունների կանխումն ու  հարթումն է:  Սա կպահանջի աշխարհի ղեկավարներից զգալիորեն ավելացնել կայունության ապահովմանն  ուղղված իրենց ներդրումները՝ առաջնությունը տալով պրոակտիվ կանխարգելիչ դիվանագիտությանը, որին վերջինս արժանի է:
 
Ղեկավարները պետք է նաև անդրադառնան միջազգային մարդասիրական օրենքների խախտումներին - օրենքներ, որոնք տարածվում են ինչպես բոլոր պետությունների, այնպես էլ ոչ-պետական զինված խմբավորումների վրա: Այսօրվա հակամարտության օջախներում միջազգային օրենքներն անպատիժ խախտվում են՝ քաղաքացիները սպանվում են իրենց տներում ու հիվանդանոցներում կամ մատնված են հարկադիր սովամահության, իսկ մարդասիրության և առողջապահական ոլորտի աշխատողները, որոնք փորձում են օգնել նրանց ենթարկվում են ապօրինի, հաճախ ճակատագրական հարձակումների:
 
Գագաթնաժողովը պետք է կյանքի կոչի այն հանձնառությունները, որ պետություններն արդեն իսկ դարձրել են Կայուն զարգացման 2030 օրակարգի մաս՝ չանտեսել ոչ մեկին, և առաջին հերթին սկսել նրանցից, ովքեր գտնվում են ամենավերջին շարքերում: Մենք ուշադրություն ենք դարձնում ճգնաժամերից տուժած մարդկանց կոչերին. նրանք ոչ միայն ուզում են պարզապես գոյատևել և լինել պաշտպանված, այլ ցանկանում են ստանալ հույսի և բարգավաճման հնարավորություն: Մենք պետք է մեկ և ընդմիշտ գտնենք ավելի արդյունավետ ուղիներ՝ նվազեցնելու կարիքները և կառուցելու կայուն հասարակարգ:
Մենք բոլորս պետք է հանձնառենք կառուցել աշխատանքային նոր հարաբերություններ՝ ձևավորելով ներառական գործընկերային հարաբերություններ՝ պետությունների, քաղաքացիական հասարակության ու զարգացման և մարդասիրական ոլորտի դերակատարների հետ:  
Եվ վերջապես, նշված և շատ ուրիշ փոփոխություններ հնարավոր չի լինի կյանքի կոչել, եթե մենք չգտնենք ֆինանսավորման և ռեսուրսների ներգրավման առավել ողջամիտ ուղիներ՝ թեթևացնելու տառապանքները և նվազեցնելու խոցելիությունը, ինչես նաև անդրադառնալու սպառնացող ռիսկերին:
 
Այս բարձր մակարդակով հանդիպման ժամանակ կմեկնարկեն տասնյակ նախաձեռնություններ, որը վկայում է մարդասիրական հատվածի դինամիկ և բազմազան բնույթի մասին: 
 
Մենք հորդորում ենք աշխարհի բոլոր առաջնորդներին աջակցել այս նոր «Պատրաստվածությանն ուղղված գլոբալ գործընկերությանը», որի նպատակն է մինչև 2020 թվականը 20 երկրներում   հասնել աղետների պատրաստվածության նվազագույն մակարդակի: 
 
Կգործարկվի համապատասխան բիզնես-նախաձեռնություն, որի նպատակն է  փոխակերպել մասնավոր հատվածի ներգրավվածությունը աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակների պատրաստվածության
 ապահովման, արձագանքման և վերականգնման գործընթացներում տեղական, ազգային և տարածաշրջանային մակարդակներում: Կլինեն նաև նոր գրավիչ գործընկերություններ՝ առողջապահության ոլորտի արտակարգ իրավիճակների և քաղաքային ճգնաժամերի ուղղությամբ:
 
Վերջին շուրջ մի քանի տասնամյակների ընթացքում, բարելավվել են մարդասիրական ոլորտի արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ իրականացվում են ավելի լուրջ վերլուծություններ, ավելի սերտ համագործակցություն, ավելի են ներգրավվում  տեղական և ազգային կարողությունները և գործում են գործառնական  առավել բարձր չափանիշներ: Սակայն մենք չպետք է կանգ  առնենք և պետք է ձգտենք բարելավել մեր գործունեությունը, լինենք ավելի արդյունավետ ու ակտիվ՝ փրկելու և պաշտպանելու ավելի շատ մարդկային կյանքեր:
 
Այս վճռական գործընթացի շրջանակներում մենք խնդրում ենք  մարդասիրական ոլորտի բոլոր ղեկավարներին ստորագրել դոնորների և գործակալությունների միջև համագործակցության «Մեծ գործարք» փաստաթուղթը՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում վերաուղորդելով մարդասիրական գործողությունների առաջնագիծ 1 միլիարդ դոլար: Ստորագրելով այս գործարքն օգնության հարցերով զբաղվող գործակալությունները համաձայնվում են բարձրացնել իրենց գործունեության  արդյունավետությունը և ծախսվող գումարների հաշվետվողականությունը: 
 
Մեր կողմից, իմ գրասենյակը զգալիորեն կպարզեցնի ֆինանսական գործընթացները՝  առավել մեծ ուշադրություն հատկացնելով առաջնագծի տեղական ու ազգային արձագանքողներին և խրախուսելով  որդեգրած նոր գործելակերպը:
 
Մենք գիտակցում ենք, որ միշտ չէ, որ հնարավոր կլինի այդ փոփոխությունները հեշտորեն իրականացնել: Գագաթնաժողովը ընձեռում է պատմական նորարարական հնարավորություն և մեր՝ առաջնորդների բարոյական պարտքն է ձեռնարկել անհապաղ քայլեր: Դա չանելու գինը չափազանց բարձր է: Միացեք մեզ!
 
Հետևեք՝ @WHSummit https://impossiblechoices.org #sharehumanity http://www.worldhumanitariansummit.org/
 
Սթիվեն Օ’բրիեն
Գլխավոր քարտուղարի տեղակալ և մարդասիրական օգնության համակարգող
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն