Հայաստանը պետք է դառնա կապող օղակ


Հայաստանը պետք է դառնա կապող օղակ

  • 23-05-2016 19:15:52   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետերի հավաքը, ինչպես հայտնի է, ավելի վաղ էր նախատեսված անցկացնել Երեւանում, սակայն այն Ղազախստանի հետեւողական ջանքերով ուղղակի ձախողվեց:
 
ՌԴ վարչապետ Մեդվեդեւը ապրիլի սկզբին Երեւանում գտնված ժամանակ հայտարարեց, որ ինքն անձամբ ջանքեր կգործադրի մոտ ժամանակներս Երեւանում խորհրդի նիստ անցկացնելու ուղղությամբ: Եվ երեկ Երեւան էին ժամանել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները:
 
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, թե պետք է բարձրացնել ինտեգրացիոն գործընթացների տնտեսական արդյունավետությունը: Ապա մասնավորաբար շեշտեց, որ 5 երկրներն անդամակցել են ԵԱՏՄ-ին սեփական տնտեսական շահերից ելնելով, հետեւաբար շատ կարեւոր է, որ ընդունվող որոշումները լինեն շոշափելի գործարար միջավայրի, յուրաքանչյուր ապրանքի գնորդի ու ծառայության պատվիրատուի համար:
 
«Ես շատ կարեւորում եմ նախագահի այս միտքը, նաեւ այն շեշտադրումը, որ պետք է վերացվեն տեխնիկական խոչընդոտները, որոնք խանգարում են ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժին»,- զրույցում ասաց տնտեսագետ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ։
 
Տնտեսագետը նկատեց, թե Հայաստանի ղեկավարներն առհասարակ ճիշտ մոտեցում դրսեւորեցին հրավիրված խորհրդի նիստում՝ առանձնացնելով առանցքային թեմաներն ու ներկաների ուշադրությունը հրավիրելով հենց դրանց լուծման ուղղությամբ: Այդ առումով նա կարեւորեց առանձին երկրների հետ ԵԱՏՄ սերտ առեւտրատնտեսական համագործակցության հարցի հնչեցումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից:
 
Օրակարգի մյուս առանցքային կետը Չինաստանի հետ համագործակցության կարեւորությունն է: Անդրադառնալով խնդրին՝ տնտեսագետը նշեց. առեւտրաշրջանառության առումով Հայաստանում այսօր Չինաստանը երկրորդ տեղն է գրավում, ու հիշեցրեց, որ եթե 2015-ին դեպի Ռուսաստան արտահանումը կազմել էր 245 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ մոտ 1 մլրդ, ապա Չինաստանի պարագայում պատկերն այսպիսին է` արտահանել ենք 165 մլն դոլարին համարժեք ապրանք եւ ներմուծել 310 մլն դոլարի:
 
Աշոտ Թավադյանը շեշտում է` Չինաստանը ակտիվ ներդրող է, նրա ներուժը Հայաստանը պետք է անպայմանորեն օգտագործի՝ հաշվի առնելով նաեւ Չինաստանի միջոցով մեր արտահանման հնարավորությունների զարգացումը. «Նրանք կարող են ներդրումներ անել ե՛ւ ենթակառուցվածքների, ե՛ւ գունավոր մետաղների մշակման հարցում, ինչը լրացուցիչ աշխատատեղեր կստեղծի մեզանում»:
 
Մեր երկրի համար այսօր ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը համարվում է հրամայական պահանջ, ու ըստ Թավադյանի, այստեղ եւս Հայաստանի համար արդյունավետ կլինի Չինաստանի մասնակցությունը մեր ռազմարդյունաբերական ծրագրերի իրականացմանը: Նման համագործակցությունը, ի դեպ, բխում է ոչ միայն Հայաստանի, այլեւ Չինաստանի շահերից։ Տնտեսագետը համոզված է` վերջինիս շահագրգռությունը պայմանավորված է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ:
 
Խոսել Չինաստանի մասին ու շրջանցել Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները, իհարկե, հնարավոր չէ: Եվ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵԱՏՄ անդամ երկրների իր գործընկերների ուշադրությունը սեւեռեց նաեւ դրա վրա` կարեւորելով աշխատանքը եվրասիական նախագծի եւ Չինաստանի՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունների ուղղությամբ:
 
«Շատ կարեւոր է այս հարցի բարձրացումը վարչապետի կողմից»,- նկատեց Աշոտ Թավադյանը՝ շեշտելով, թե խնդիրները պետք է հստակ դնել եւ գնալ համակարգված լուծման ճանապարհով, մանավանդ որ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծումը բխում է ե՛ւ Չինաստանի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Իրանի շահերից:
 
Նման հանդիպումների ժամանակ Հայաստանի իշխանությունները հաճախ են հիշեցնում, որ մեր երկիրը կարող է Եվրոպան Ասիային կապող օղակ դառնալ։ Ու այս անգամ եւս հիշյալ խնդիրը չշրջանցվեց: ԵԱՏՄ վարչապետերին Հ.Աբրահամյանը վստահեցրեց, որ Հայաստանը, ունենալով պատմական փորձ եւ լինելով ԵԱՏՄ միակ երկիրը, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, պատրաստ է իրականացնել Մետաքսի ճանապարհի նախագիծը, պատրաստ է Իրանի հետ սահմանը ծառայեցնել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ կապի հաստատման համար:
 
Այս առնչությամբ Աշոտ Թավադյանը նկատեց, թե պետք է հաշվի առնենք նաեւ այն, որ Ռուսաստանն էլ ծովային սահման ունի նույն Իրանի հետ: Հետեւաբար պետք է կարողանանք հավուր պատշաճի գնահատել ու մեր գործընկեր երկրներին ներկայացնել Եվրոպա-Ասիա կապի հաստատման մեր հնարավորությունները. «Ցույց տանք, որ մեր ու իրենց շահերը համընկնում են այս հարցում, որ կարող ենք գործել միասնաբար` համապատասխան ծրագրերի շուրջ ներգրավելով Ռուսաստանին, Չինաստանին, քանի որ այս երկրները շահագրգռված են ենթակառուցվածքների զարգացման հարցում»:
 
Թավադյանը հատուկ շեշտեց, որ սա այն հարցն է, ուր Հայաստանն ինքն է ընտրում իր գործընկերներին, եւ եթե Եվրամիությունն էլ ցանկանա մասնակցել այս նախագծին, միայն պետք է ողջունել. «Մշտապես ասել եմ. ինտեգրացիոն տեսանկյունից «եւ...եւ...եւ»-ի բանաձեւի կողմնակիցն եմ։ Օգտագործելով ԵԱՏՄ-ի ներուժը, ինչպես ՀՀ նախագահը նշեց` կա դրա արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, մենք չպետք է սահմանափակենք մեզ, հակառակը, պետք է օգտագործենք Եվրամիության, ԱՄՆ-ի, նաեւ Իրանի ներուժը եւ կապող դեր կատարենք նման ծրագրերում»:
 
Կարեւորելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացումը Երեւանում՝ Ա.Թավադյանը նկատում է, որ նման հանդիպումները շատ օգտակար են, ի վերջո, հարցերը լուծվում են ոչ միայն պայմանագրերով, այլեւ անձնական շփումների հիման վրա. «Այդ ավանդույթն այս տարածաշրջանում առկա է, երբ անձնական շփումների, հանդիպումների միջոցով շատ հարցեր կարող ես լուծել, եւ դա նորմալ է: Ուրեմն ինչո՞ւ նաեւ մենք դրանից չօգտվենք»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն