Կին դատապարտյալներն իրենց ուժերը չափեցին վեց տարբեր սպորտաձևերում (տեսանյութ)


Կին դատապարտյալներն իրենց ուժերը չափեցին վեց տարբեր սպորտաձևերում (տեսանյութ)

  • 24-05-2016 20:40:54   | Հայաստան  |  Հասարակություն



«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների մասնակցությամբ մայիսի 24-ին անցկացվեցին ամենամյա զանգվածային մարզական մրցումներ:  96 կին դատապարտյալներից 30-ը մրցեցին վազք, հեռացատկ, վոլեյբոլ, սեղանի թենիս, շաշկի և բազկամարտ մարզաձևերում: 
 
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և Աբովյանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացված ամենամյա միջոցառման նպատակն է դատապարտյալների շրջանում ևս ամրապնդել առողջ ապրելակեպին հետևելու գաղափարը, որը նրանց կուղեկցի նաև ազատության մեջ հայտնվելուց հետո:  
Անազատության մեջ գտնվող կանայք ամենամյա սպորտային միջոցառմանը մասնակցելու համար նախապես ցուցակագրվում են` ընտրելով նախընտրած մարզաձևը: Մինչ մարզական մրցումները, կին դատապարտյալներն ամեն օր երկուսից երեք ժամ տրամադրում են  սպորտային պարապմունքներին` դրանք դարձնելով իրենց առօրյայի անբաժանելի մաս:
Ի դեպ` քրեակատարողական հիմնարկի սպորտդահլիճն ունի անհրաժեշտ մարզագույք և պայմաններ դատապարտյալների առօրյան սպորտային պարապմունքների միջոցով թեթևացնելու համար: 
Նախորդ տարիներին այս մրցումներին մասնակցել են նաև անչափահաս դատապարտյալները, որոնց զգալի մասը պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել: 
Ամենամյա մարզական այս մրցումների արդյունքներն ամփոփվելու են վաղը` մայիսի 25-ին, իսկ հաղթողները պարգևատրվելու են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերով ու Աբովյանի քաղաքապետարանի կողմից պատրաստված հուշանվերներով:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը` «Նոյյան Տապան»-ի
Լուսանկարներն այստեղ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play