Բաքուն փորձում է հնարավորինս շատ բան ստանալ բանակցությունների ժամանակ.«Լրագիր»


Բաքուն փորձում է հնարավորինս շատ բան ստանալ բանակցությունների ժամանակ.«Լրագիր»

  • 24-05-2016 18:04:51   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է ղարաբաղյան հակամարտությունը լուծել խաղաղ եւ բանակցային ճանապարհով:
 
Բաքուն այդպիսի հայտարարություններ նախկինում էլ է արել, սակայն հիմա, երբ դրված է բանակցությունների վերսկսման հարցը, նման հայտարարությունները կարեւոր քաղաքական երանգ են ստանում: Առավել եւս, որ Մամեդովը հաստատել է նաեւ Բաքվի համաձայնությունը ԵԱՀԿ ընդլայնված մանդատին:
Հունիսին պետք է կայանա Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որտեղ, ըստ երեւույթին, քննարկվելու են ղարաբաղյան կարգավորման սկզբունքները: Արդեն երկար տարիներ ղարաբաղյան կարգավորման էությունը հանգեցվում է Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ պաշտոնական սահման հասատելուն, եւ Բաքուն փորձում է հնարավորինս շատ բան ստանալ բանակցությունների ժամանակ:
Բանակցությունների վերսկսման համար մինչեւ ապրիլյան պատերազմն Ադրբեջանը պահանջ էր առաջ քաշում՝ հայկական զորքերի դուրսբերում որոշ տարածքներից: Սկզբում խոսքը 5 շրջանի մասին էր, ապա՝ 2-3, իսկ վերջում Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուն կոչ էր արել գոնե մեկ շրջան հանձնել:
Ապրիլի 2-5-ին Հայաստանը փաստացի «կատարել է» պահանջը. Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայկական զորքը հետ չի վերադարձնելու կորցրած 800 հեկտարը: Այսինքն, հայկական ուժերը դուրս են բերված որոշակի տարածքներից:
Հետո Հայաստանն իր պայմաններն առաջ քաշեց՝ «նոր» սահմանին հրադադարն ամրապնդող սարքավորումներ տեղադրել, անվտանգության երաշխիքներ տալ Ադրբեջանից եւ մեղադրել Բաքվին ագրեսիա սանձազերծելու մեջ:
Առաջին պայմանը կատարվել է մայիսի 16-ին Վիեննայում հանդիպման ժամանակ: Համենայն դեպս, ամփոփիչ հայտարարությունում խոսվում է սարքավորումների տեղադրման եւ ԵԱՀԿ մանդատի ընդլայնման մասին: Երկրորդ պայմանը, փաստացի, «կատարել է» Նովրուզ Մամեդովը՝ հայտարարելով, որ Բաքուն խնդիրը միայն խաղաղ ու բանակցային ճանապարհով է կարգավորելու:
Մնում է երրորդ պայմանը, եւ պետք է ենթադրել, որ շուտով որոշ երկրներ ձեւական կմեղադրեն Ադրբեջանին ագրեսիայի եւ հարցը ռազմական ճանապարհով լուծելու փորձերի մեջ: Այդ մեղադրանքները ոչինչ չեն արժենա Ադրբեջանին, սակայն Հայաստանի երրորդ պայմանը կիրագործվի բանակցություններին վերադառնալու համար:
Փաստացի, Երեւանը շուտով կարող է բանակցություններից հրաժարվելու պատճառ չունենալ: Բաքվում ուշադիր հետեւում են, թե Հայաստանն ինչի է պատրաստ բանակցություններում: Արդյոք նոր սահմանը հայկական կողմի «կարմիր գիծն է»:
Միջնորդների՝ ավելի վաղ առաջարկած սկզբունքները հայկական կողմի համար տարածքային կորուստներ են նախատեսում: Ապրիլյան պատերազմը տարածքային զիջումների հարցում ինչ որ առումով Հայաստանի պատրաստակամության զոնդաժ էր: Հայաստանը կորցրել է 800 հա, եւ դա ընդվզում չի առաջացրել բանակում եւ հասարակությունում: Հիմա արտաքին խաղացողները փորձում են պարզել, թե արդյոք դա Հայաստանի զիջման սահմանն էր:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն