Արևմտյան Հայաստանի հավաքականը մասնակցելու է Չճանաչված տարածքների ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
27-05-2016 13:27:25 | Աբխազիա | Սպորտ
Արևմտյան Հայաստանի Հանրապետության ֆուտբոլային հավաքականը համալրվել է հերթական ֆուտբոլիստով: Թիմի նորեկը «Աֆոնա» հավաքականի 32-ամյա կիսապաշտպան Արմեն Կապիկյանն է, ով նախկինում խաղացել է ռուսական «Վիտյազ», «Ռյազան» և «Ուրալան» հավաքականներում:
Ինչպես տեղեկացրել են Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության սպորտի գլխավոր վարչությունից, Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մասնակցելու է Չճանաչված տարածքների ֆուտբոլի աշխարհի (ConIFA) 2016 թվականի առաջնությանը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը ներկա է լինելու Արևմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը, որի կազմում են Արևմտյան Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը և կառավարության անդամները:
Աբխազիայում մայիսի 28-ին մեկնարկող մրցաշարին կմասնակցեն նաև Աբխազիան, Չագոսյան կղզիները, Քրդստանը, Հյուսիսային Կիպրոսը, Պադանիան, Փենջաբը, Ռաետիան, Սամպին, Սոմալիլանդը, Շեկելի երկիրը և Ճապոնիայի միավորված կորեացիների ընտրանիները:
Հանդիպումները կանցկացվեն Սուխումի «Դինամո» և Գագրահի «Daur Akhvedeliani» մարզադաշտերում: Եզրափակիչը կկայանա հունիսի 5-ին:
Չճանաչված տարածքների ֆուտբոլի աշխարհի առաջնություն
Conifa-ն Չճանաչված տարածքների համաշխարհային գավաթի խաղարկությունն է։ 2013 թվականին ձևավորված ֆուտբոլային այս կազմակերպությունը միավորում է մասամբ չճանաչված և ինքնավար պետությունների ֆուտբոլի հավաքականներին, որոնք պաշտոնապես ներառված չեն ՖԻՖԱ-ի կազմում:
Conifa-ի կազմակերպիչները մրցույթն անվանել են «ՖԻՖԱ-ից դուրս աշխարհի ֆուտբոլի առաջնություն»։
A խմբում ընդգրկված են Աբխազիայի, Չագոսյան կղզիների և Արևմտյան Հայաստանի հավաքականները։
Աբխազիան Վրաստանից անջատված տարածքն է, որի անկախությունը Ռուսաստանն է ճանաչել։
«Չագոսյան կղզիներ» անվամբ տարածքն ընդգրկում է Հնդկական օվկիանոսում գտնվող մոտ վեց տասնյակ արևադարձային կղզիներ, որոնց պատկանելությունը վիճարկում են Մեծ Բրիտանիան և Մավրիկիոսը։
Ինչպես մրցաշարի կազմակերպիչներն են նշում, Արևմտյան Հայաստանը Արևելյան Թուրքիայի լեռնային շրջանն է, որը մինչև 1915 թվականի Ցեղասպանությունը պատմականորեն բնակեցված էր հայերով։
B խմբում են Քրդստանի, Շեկելի երկրի, Ճապոնիայի միավորված կորեացիների ընտրանիները։
«Քրդստան» են անվանում Իրաքում, Սիրիայում, Թուրքիայում և Իրանում սփռված ընդարձակ տարածքը, որտեղ բնակվող քրդերը սեփական պետականություն չունեցող աշխարհի ամենամեծ ազգային խմբերից են։
«Շեկելի երկիր» են անվանում Ռումինիայի կենտրոնում գտնվող մի գավառ, որտեղ ապրում են հունգարացիների ազգային ենթախմբին դասվող շեկելիները։
Ճապոնիայի էթնիկ կորեացիներին անվանում են նաև «Զաինիչի կորեացիներ», նրանց նախնիներին ճապոնացիները՝ կայսերական իշխանության օրոք, բռնի ուժով Կորեայից փոխադրել են Ճապոնիա և շահագործել գրեթե որպես ստրուկների։
C խմբում են Հյուսիսային Կիպրոսի, Պադանիայի և Ռաետիայի հավաքականները։
Հյուսիսային Կիպրոսը 1974 թվականին թուրքերի կողմից գրավված տարածքն է, որի անկախությունը միայն Թուրքիան է ճանաչել։
Պադանիան Իտալիայի հյուսիսում գտնվող գավառ է, որտեղ բնակվող անջատականները երազում են անկախ երկիր ստեղծելու մասին։
Ռաետիան հին հռոմեական գավառ է, որի հատվածները հիմա գտնվում են Ավստրիայի, Շվեյցարիայի և Հարավային Գերմանիայի տարածքներում։
D խմբում Փենջաբը, Սամպին և Սոմալիլանդը։
Փենջաբի ֆուտբոլի թիմի անդամները մշտապես ապրում են Մեծ Բրիտանիայում և ներկայացնում են համայնքը, որի բնակիչները Միացյալ Թագավորություն են տեղափոխվել Հնդկաստանի հյուսիսից և Պակիստանի արևելքից։
Սամպին, կամ, ինչպես անգլերեն են ասում՝ Լապլանդիան, սամի ժողովրդի երկիրն է, այն գտնվում է ներկայիս Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի Դաշնության տարածքներում։
Իսկ Սոմալիլանդը Ադենի ծոցում Սոմալիից 1991 թվականին անջատված տարածք է, որը միջազգային ճանաչում չունի։