Ստրասբուրգում Արման Թաթոյանը ԵԽ ծրագրերի գլխավոր տնօրինության ղեկավարի հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հարցեր


Ստրասբուրգում Արման Թաթոյանը ԵԽ ծրագրերի գլխավոր տնօրինության ղեկավարի հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հարցեր

  • 27-05-2016 16:08:50   | Ֆրանսիա  |  Իրավունք

Այսօր Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի ծրագրերի գլխավոր տնօրինության ղեկավար Վերենա Թեյլորի հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են  Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2015-2018թթ. գործողությունների նոր ծրագրի շրջանակներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ իրականացվելիք ծրագրերի հարցեր: Նշվել է, որ Մարդու իրավունքների պաշտպանն ունի առանձնակի կարևորություն այդ ծրագրով նախատեսված միջոցառումների ամբողջական իրականացման հարցում:
 
Ընդգծվել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի դերի ուժեղացման և մոնիտորինգային կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը: Այս հարցում արձանագրվել է քաղաքացիական հասարակության և անկախ փորձագետների հետ համագործակցության անհրաժեշտությունը:
 
Արման Թաթոյանը կարևորել է համատեղ ծրագրեր իրականացումը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ներգրավմամբ ՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական նոր կարգավիճակի առանձնահատկությունները:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հարցում Օմբուդսմենի՝ որպես իրավունքների պաշտպանության ազգային մարմնի դերի բարձրացման հետ կապված հարցեր: Ընդգծվել է այս հարցում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի քարտուղարության հետ համագործակցության անհրաժեշտությունը:
 
Կողմերը կարևորել են Օմբուդսմենի դերը արդար դատաքննության իրավունքի երաշխավորման հարցում: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել իրականացնել ակտիվ համագործակցություն՝ համատեղ ծրագրեր իրականացնելու հարցում:
 
 
 
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play