Արայիկ Հարությունյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ Վերջին զանգի առթիվ


Արայիկ Հարությունյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ Վերջին զանգի առթիվ

  • 27-05-2016 17:30:41   | Հայաստան  |  Հասարակություն

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոցի Վերջին զանգի միջոցառմանը: Ա. Հարությունյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ և նրանց մաղթել նորանոր նվաճումներ կյանքի բոլոր ասպարեզներում:
 
Վարչապետն իր շնորհավորական խոսքում, մասնավորապես, նշել է.
«Սիրելի՛ շրջանավարտներ,
այս հիշարժան տոնի առթիվ շնորհավորելով ձեզ՝ պատգամում եմ, որ երբեք չմոռանաք ձեր հայրենիքը, պատրաստ լինեք նրա պաշտպանությանը, շենացմանն ու բարգավաճմանը նվիրվելուն: Հիշեցե՛ք, կյանքի բոլոր էտապներում մեր բոլոր հաջողությունների համար մենք պարտական ենք մեր Հայրենիքին: Հայրենիքն է, որ հոգատար ծնողի պես սիրում ու փայփայում է մեզ, հոգում մեր մասին:
Երկրի շենացումը սկսում է ընտանիքից և սերմնավորվում դպրոցում՝ ձեր ուսուցիչների տված գիտելիքներով: Համոզված եմ, որ  դպրոցից սկսվող Վերջին Զանգի ղողանջները նոր ազդակ են լինելու կյանքի դժվարին ճանապարհին նորանոր բարձունքներ հաղթահարելու համար: Կցանկանայի, որ մասնագիտական  ինչ կողմնորոշում էլ  ընտրեք, ձեզ վրա պատվով կրեք Արցախի արժանի զավակ լինելու կոչումը:
Եղե՛ք մեր հայրենիքի արժանի զավակներ, իմացե՛ք, որ հայոց աշխարհին պետք են ուսյալ, խելացի ու բանիմաց մարդիկ: Համոզված եմ՝ դուք եք լինելու Ավարայրի, Սարդարապատի, Շուշիի, ապրիլյան ազատամարտի արժանի հետնորդները՝ պատրաստ ամեն րոպե կրկնել ձեր հայրերի ու եղբայրների սխրանքները:
Շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի կապակցությամբ. թո՛ղ այն հնչի որպես նոր և հասուն կյանքի սկիզբն ազդարարող մեկնարկ:  
Բարի երթ ձեզ դեպի նոր կյանք, դեպի նոր բարձունքների նվաճում»:
 
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play