Դիլիջանում կայանալու է Վլադիմիր Ավետիսյանի և D’Black Blues Orchestra խմբի համերգը


Դիլիջանում կայանալու է Վլադիմիր Ավետիսյանի և D’Black Blues Orchestra խմբի համերգը

  • 27-05-2016 18:45:07   | Տավուշի մարզ  |  Մշակույթ

Դիլիջան քաղաքում մայիսի 28-ին, UWC Dilijan քոլեջի առաջին շրջանավարտների ավարտականի օրը,  կկայանա UWC Dilijan քոլեջի հիմնադիր-գործընկեր   ռուսաստանցի հայտնի գործարար եւ բարերար, երաժիշտ  Վլադիմիր Ավետիսյանի եւ D’Black Blues Orchestra խմբի համերգը:
 
Սա Վլադիմիր Ավետիսյանի եւ D’Black Blues Orchestra-ի առաջին համերգը չէ Դիլիջանում:  Խորհրդանշական է, որ  համերգային ծրագրով նրանք դիլիջանցիների առջեւ հանդես են եկել նաեւ 2013 թվականին՝  UWC Dilijan քոլեջի բացման  հետհաշվարկի արարողությանը, երբ  բացման նախապատրաստական աշխատանքներն ակտիվ փուլ էին թեւակոխում:
 
Համերգը  տեղի է ունենալու Դիլիջանի քաղաքային մարզադաշտում, որին հրավիրում են  քաղաքի բնակիչներն ու հյուրերը: Այս կերպ քոլեջի հիմնադիրներն առաջին շրջանավարտների ավատական արարողությանը ցանկանում են մասնակից դարձնել  բնակչությանը՝ յուրօրինակ տոնական երեկո պարգեւելով նրանց:
 
Վլադիմիր Ավետիսյանը եւ D’Black Blues Orchestra խումբը բազմիցս են համերգներով հանդես եկել ինչպես  Հայաստանում եւ Արցախում, այնպես էլ աշխարհի մի շարք երկրներում:  D’Black Blues Orchestra-ն միավորում է վառ ու տաղանդավոր կատարողների` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Իսպանիայից:  Վլադիմիր Ավետիսյանը 2008 թվականից խմբի ղեկավարն ու մենակատարն է:  Նրանց երգացանկը հիմնականում ընդգրկում է  բրիտանացի ռոք-բլյուզ երաժիշտ ու երգահան Էրիկ Կլեպտոնի ստեղծագործությունները:
 
Այս տարի փետրվարին Վլադիմիր Ավետիսյանը եւ D’Black Blues Orchestra-ն, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ, Էրիկ Կլեպտոնի 70-ամյակին նվիրված տպավորիչ համերգով հանդես եկան Երեւանում:
 
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մշակույթ