ՀՀ գյուղնախարարն ընդունել է «Հայկական տեխնոլոգիական խումբ» հիմնադրամի պատվիրակությանը


ՀՀ գյուղնախարարն ընդունել է «Հայկական տեխնոլոգիական խումբ» հիմնադրամի պատվիրակությանը

  • 30-05-2016 15:46:05   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Հայկական տեխնոլոգիական խումբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Ջեյմս Ռեյնոլդսի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Տեր-Սիմոնյանը, հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Գագիկ Մկրչտյանը, այլ անձինք:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի միջոցներով Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացիկ արդյունքները և երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղություններն ու հեռանկարները:
 
«Հիմնադրամը ստեղծման օրվանից ի վեր մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում լայնածավալ և  էական կարևորություն ունեցող աշխատանք է իրականացնում` հանդես գալով  ոլորտում  ժամանակի պահանջը հանդիսացող նորագույն տեխնոլոգիաների կիրառման նախաձեռնություններով»,-իր խոսքում նշել է նախարար Կարապետյանը
 
Նախարարը մասնավորապես  կարևորել է անվար ցանքի տեխնոլոգիայի ներդրման հիմնադրամի նախաձեռնությունը և այս ուղղությամբ կատարված աշխատանքները` ընդգծելով, որ այն   հատկապես  էական նշանակություն կունենա, եթե կիրառվի մեր հանրապետության անջրդի հողերի մշակությունն իրականացնելու գործում:
 
Կողմերն անդրադարձել են նաև անասնապահության ոլորտում անցյալ տարի հիմնադրամի աջակցությամբ անասնաբուժական ծառայությունների իրականացման համար շարժական լաբորատորիայի  ներդրմանը, որը հնարավորություն է տալիս հետազոտություններ իրականացնել դաշտային պայմաններում` այդպիսով արագորեն կանխարգելելով հիվանդությունների տարածումը:
 
Հյուրերը նշել են, որ Հայաստան կատարած հերթական այցի հիմնական նպատակը ծրագրի իրականացնման պրակտիկ արդյունքների դիտարկում է` տեղեկացնելով որ  արդեն ևս երեք լաբորատորիաներ են բերվել, որոնցով կվերազինվեն անասնաբուժական ծառայություններ մատուցող տարածքային ստորաբաժանումները:
 
Որպես հետագա համագործակցության զարգացման ուղղություն` նախարարն առաջարկել է քննարկել  խաղողի ֆիլոքսերազերծ տնկարանային տնտեսությունների հիմնման համար ֆիլոքսերակայուն  ամերիկյան սորտեր տրամադրելու հնարավորության հարցը:
 
 
ՀՀ գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ ևս:  
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն