Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում մանկապարտեզ է բացվել


Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում մանկապարտեզ է բացվել

  • 30-05-2016 16:07:52   | Արցախ (ԼՂՀ)  |  Կազմակերպություններ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 30-ին Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Տորոնտոյի տեղական մարմնի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը: 
 
Ողջույնի խոսքում Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ տարիներ ի վեր Արցախում վերականգնման և զարգացման ծրագրերին ակտիվ մասնակցելու համար, և հույս հայտնել, որ հիմնադրամն այսուհետ նոր ակտիվությամբ կշարունակի իր գործունեությունը: «Սփյուռքի սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մենք միշտ բարձր ենք գնահատել ձեր կողմից Արցախում ամեն մի ներդրված լուման: Այսօր ձեր սրտացավ վերաբերմունքի շնորհիվ՝ մենք ձեզ հետ միասին հերթական տոնն ենք նշում, քանի որ Արցախում ընդունված է կրթօջախի բացումը տոն համարել: Ասեմ ավելին՝ այսօրինակ ծրագրերով մենք հարգում ենք նաև մեր զոհված հերոս տղաների պայծառ հիշատակը, քանի որ նրանք իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի պահպանման և շենացման»,- ասել է վարչապետը՝ ծրագրի իրականացման գործում հետևողական աշխատանք ցուցաբերելու համար հատուկ շնորհակալություն հայտնելով հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանին: Բացման հանդիսավոր արարողությունից հետո ԱՀ գործադիր իշխանության ղեկավարը շրջել է մանկապարտեզի շենքում, ծանոթացել առկա պայմաններին: Իվանյան համայնքի մանկապարտեզի հանդիսավոր բացմանը մասնակցում էին նաև այս օրերին Արցախում գտնվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչներ՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:
 
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ