Արտաշավանի դպրոցում բացվել է Քյարամ Սլոյանի կիսանդրին


Արտաշավանի դպրոցում բացվել է Քյարամ Սլոյանի կիսանդրին

  • 30-05-2016 16:39:47   | Արագածոտնի մարզ  |  Հայտարարություններ

«Ազատություն». Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանն այսօր անվանակոչվեց ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի անունով: Դասասենյակում բացվեց նաև զինվորի կիսանդրին:
 
Արարողությանը մասնակցում էին զինվորի հայրն ու մայրը, նրանք հուզված համբուրում էին արձանը:
 
«Էսօր ինչ-որ մի բան թեթևցավ իմ վրեն: Հեսա կեթամ տուն՝ էնքան չեմ նեղվի, որ էսօրվա էսքան բանը տեսա՝ ինչ-որ մի կողմս թեթևցավ: Անպայման ես օրեկան էլ կգամ, թազա ծաղիկներ կբերեմ, կգամ էրեխուս տենամ՝ էթամ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քյարամի հայրը՝ Քյալաշը:
 
Մարտակերտում ապրիլի սկզբին զոհված Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել էին, քանի որ, ինչպես ծնողներն էին պատմել, որդու անդամահատված գլուխն իրենց ավելի ուշ էին փոխանցել: Հարազատների փոխանցմամբ, Քյարամը մինչև վերջ կռվել է հակառակորդի դեմ անգամ այն բանից հետո, երբ փամփուշտները վերջացել են՝ մենակ չթողնելով հրամանատարին:
 
Քսանամյա զինվորի մեծարմանն այսօր ներկա գտնվող մայրն արցունքն աչքերին ասում էր, թե ցավը մեծ է, բայց որդին արդեն անմահ է․ - «Ցավա, բայց ես հպարտ եմ իմ էրեխու համար, որ էս ձևի անուն ունի, հերոսա: Ուրախ եմ: Ցավը մնումա ցավ, ինչ ուզում ես արա, բայց էլի՝ սրտի հովանքա»:
 
Նշենք, որ մայիսի 28-ին Հանրապետության տոնի կապակցությամբ Սերժ Սարգսյանը Քյարամ Սլոյանին հետմահու պարգևատրեց առաջին աստիճանի մարտական խաչ շքանշանով: Հայրը, ով անձամբ է ստացել որդու պարգևը, ոգևորված էր, ասում է՝ շնորհակալ է հայ ժողովրդին, որ Քյարամի մահից հետո մինչև վերջ մնացին իրենց կողքին:
 
«Գնացի խրամատի մեջ, որտեղ որ էրեխուն սպաներ ին՝ գլխադիրն էր դրված մեկ էլ ծաղիկ էր դրած: Իրա շորերն, գթալն, ամանը, վեշավոն՝ սաղ բերեր եմ», - պատմեց Քյալաշ Սլոյանը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ