Սարգիս Հացպանյան․ Իմ անհատական բողոքն արտահայտելու համար, որոշել եմ այսօրվանից իմ իսկ բնակարանում անժամկետ հացադուլ սկսել
30-05-2016 17:57:33 | Հայաստան | Քաղաքական
Ապրիլյան քառօրյա պատերազմը ազգիս համար առավել քան կարևոր բացահայտումներով էր հարուստ։ Մեր հակառակորդի կողմից անհավասար պայմաններում պատերազմական գործողությունների մեջ ներքաշված հայոց բանակի սահմանապահ–դիրքապահ զինվորների 1990–ականներին իրենց հայրերի հար և նմանությամբ դրսևորած քաջության շնորհիվ իմացանք նաև մեզնից՝ պետության բյուջեն գոյացնող հարկանուներից գողացված միլիարդների մասին։ Գող–ավազակները սակայն մեր թշնամու բանակից չէին, այլ ինչու չգիտես “յուրային” կոչվող և պետական պաշտոն զբաղեցնող «հայազգիներից» բաղկացած մի խումբ մարդիկ, որոնցից շատերի մասին վերջին երկու ամիսներին հայրենի լրատվական դաշտի արժանապատիվ կեցվածք դրսևորող հատվածը բազմաթիվ տվյալներով լի հոդվածներով հանդես գալով հանդերձ, իշխանության վերնախավում տիրող բացարձակ անտերբերության պատճառով, հանցավորներին պատժելու ուղղությամբ արված որևէ իրավական քայլ չենք տեսնում։
ՄԱԿ-ում կոռուպցիայի դեմ ընդունված մի միջազգային կոնվենցիա կա, որը ստորագրել է նաև մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։ Դա 20–րդ հոդվածն է, որ վերաբերում է «Ապօրինի հարստանալուն»։
Իր ունեցած սահմանադրությունն ու առկա իրավական համակարգի հիմնարար սկզբունքները պահպանելու պայմանով` ՄԱԿ–ին անդամագրված յուրաքանչյուր պետություն պետք է ունենա այնպիսի օրենսդրական և իրավական այլ միջոցներ ձեռնարկելու և կիրարելու հնարավորություններ, որոնք անհրաժեշտ են տվյալ պետության իրավական կոչվելու համար։ Ահա այս 20–րդ համարի հոդվածը քրեական իրավախախտում է ճանաչում անօրինական հարստացման ցանկացած դրսևորում և արարք, երբ դա կատարվում է հանցավոր դիտավորությամբ, այլ խոսքով ասած՝ իշխանություն ունենալուց հետո պետական–պաշտոնատար անձի ակտիվների նշանակալից ավելացումը, որոնք գերազանցում են նրա օրինական ձեռք բերված եկամուտները, որը և նա չի կարող խելամտորեն հիմնավորել, դիտվում է քրեորեն պատժելի արարք։
Բացի ՄԱԿ—ի այս կոնվենցիան, Հայաստանի Հանրապետությունը ստորագրել և վավերացրել է նաեւ Եվրախորհրդի «Կոռուպցիայի մասին» քրեական և քաղաքացիական իրավունքի զույգ կոնվենցիաները: Կան նաև ուրիշ բազմաթիվ միջազգային փաստաթղթեր, որոնց անարգել կիրառման դեպքում, իշխանությունների հարյուրավոր ներկայացուցիչներ ընդամենը մեկ օրում կհայտնվեն իմ տարիներ շարունակ բանտարգելված Վարդաշենում: Եթե մեր պետությունում երրորդ իշխանություն կոչվող դատարանները ինքնուրույն, ազատ և անկախ գործելու հնարավորություն ունենային, այդ իշխանափոխություն կոչվածը ընդամենը դատավարական գործընթացների արդյունքում տեղի կունենար։
Ասվածի տեղի չունենալու համար միակ պատասխանատուն Հայաստանի Հանրապետությունում իշխանության անխտիր բոլոր չորս թևերը հայ ժողովրդից զավթածներն են, որոնց պատճառով երկիրը քրեա–օլիկարխիկ համակարգի ճիրաններում գտնվելով չի կարողանում ժամանակին համընթաց զարգանալ։
Օրեր առաջ մի հայրենակից ՀՀ իշխանություններին բնութագրել էր իբրև «ան-ինքնասեր, ան-արժանապատիվ, ան-հայրենիք, ան-գետ, ան-բարո, ան-համարժեք», ևլն. ում առավել քան դիպուկ բնորոշումների հետ չհամաձայնել դժվար է իրոք... Հայ ժողովուրդի լավագույն հատվածը հայրենասեր է, ազնիվ ու պարկեշտ, յուրաքանչյուր պահին մեկ բռունցք դառնալուն մշտապես պատրաստ, սակայն այս իշխանությունները ադեկվատ չեն մեր ժողովրդի դարեր ի վեր ի հայտ բերած արժեքային համակարգին ու մեզ գենետիկորեն խորթ հարթությունում են կանգնած։ Ինձ թվում է, ժամանակն է ցույց տալու, որ մենք սրանց հետ որևէ կապ չունեցող՝ սևը սպիտակից տարբերվող աստիճանի երկու տարբեր իրողություն ենք ներկայացնում, երկու անհամատեղելի՝ հակադիր իրողություն ենք։
Այսօրերին մամուլից տեղեկացել եմ, որ Հ. Ա. Ե. Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը հայտարարել է, թե «Արցախում է այսօր վճռվում հայոց հարցը. Արցախ եկե՛ք», սակայն ըստ իս սրբազան հոր ասածն իրականությունը չի արտացոլում ցավոք, քանի որ նույնիսկ անմեղսունակ հային էլ է հայտնի, որ հայոց հարցը ոչ թե Արցախում, այլ Երևանում է վճռվում, քանի որ Երևանն է հայոց ոստանը և ամեն, բայց ամեն բան պայմանավորված է Երևանում մեր ոչ բարով–խերով ունեցած այսօրվա իշխանությունների որակով, ավելի ճիշտ անորակությամբ։ Տարօրինակ կարող է թվալ, բայց և անհերքելի փաստ, որ այս իշխանություններին հաջողվում է իրագործել մի բան, որը բարեբախտաբար մեր ոչ մի թշնամուն երբևէ չի հաջողվել՝ ջլատել հայ ազգն ու իր լավագույն որակներ ներկայացնող հատվածին բռնաճնշելով բանտերում պահել։
Չի կարելի ընդունել այսպիսի անորակությամբ իշխանությունների սանձարձակություններն ու հանդուրժել անհանդուրժելին, քանի որ մեր հիասքանչ ժողովուրդը արժանի չէ նման անբարո իշխանություններ ունենալուն։ Հարկավոր է սրանց առանց հապաղելու ժողովրդական արդար ընդվզման արդյունքում փոխելու միջոցով, փորձել բարեշրջել մեզ պարտադրված այս ծանրագույն իրավիճակը, հուսալով, որ ազգովին կկարողանանք քամիներն ի նպաստ հայության փչելուն նպաստել վերջապես։
Պարգև սրբազանի հետ համաձայն եմ անուամենայնիվ նրա՝ «Հրաշք ժողովուրդ ենք, մեզ նման ժողովուրդ չկա աշխարհում, և եթե միաբան ենք, ոչ մի խնդիր չկա աշխարհում, որ չկարողանանք լուծել» անհերքելի իրողություն ներկայացնող մտքերի հետ։ Ուստի միաբանվելու համար պետք է լսել ու ընկալել ժողովրդի ձայնը, որը սրբազան հայրը պիտի որ լավ իմանա, որ ոչ այլ ինչ է քան «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո» իրողության ճշմարտացիության հետ հաշտվելը։ Հայության «Ձայն բազմաց»–ում այսօրվա իշխանություններին վստահողներ գտնելը բացառությամբերևի թե քրեա–օլիգարխիայի կերակրատաշտից օգտվող նսեմների համարյա անհնար է։
Բանականության և խղճի տեր յուրաքանչյուր հայորդու նման այլևս չեմ կարողանում հանդուրժել գոյություն ունեցող այս անհանդուրժելի իրողությունն ու այն, որ հայոց այբուբենի տառերի 1/3–ը չիմացող տգետներն ու գող–ավազակներից բաղկացած անբարոները լինեն մեր պետության ղեկավարները։ Ի տարբերություն մեզ՝ հայ ժողովրդի ազնվագույն հատվածի, նրանք հպատակներ են ընդամենը՝ օտար ու մութ ուժերի նսեմ հպատակներ։ Ճիշտն ասած սրանց ահաբեկելն ու ֆիզիկապես ոչնչացնելը բոլորովին էլ դժվար գործ չէ, սակայն ընդամենը անարդյունավետ գործ։ Ինչպես մեր պատմությունից գիտենք, ազգի այս տեսակը դրանից հետո էլ աճելու հատկություն ունեցող մոլախոտի տեսակից են, ուստի նրանց պետք է հոգեպես սպանել, այն աստիճանի ընկճել, որ աշխարհում բարոյական արժեքներով ապրող գեթ մեկ հայի զավակ սրանց բարև չտա այլևս ու ոչ թե մեկ անգամ, այլ ամեն ժամ մեռնեն…
Ուստի, իբրև թուրքերի կողմից բռնազավթված հայկական Կիլիկիայի Ալեքսանդրետ քաղաքում ծնված, Կ. Պոլսի հայկական դպրոցներում հայեցի դաստիարակություն ստացած, երկար տարիներ սփյուռքում ապրած, 25 տարիներ առաջ Երևանում մշտական բնակություն հաստատած, արցախյան ազատամարտի ծանր տարիներին ձեռք բերված մեր միակ հաղթանակին իբրև կամավոր զինվոր իր համեստ մասնակցությունը բերած հայորդի, մեր հրաշք ժողովրդի բոլոր հատվածների բաղձալի միաբանության միակ խոչընդոտը հանդիսացող հայրենի իշխանությունների քրեորեն պատժելի հանցանքների հեղինակ հանդիսացող տարրերի հանդեպ ցուցաբերած հանցավոր անտարբերության դեմ իմ անհատական բողոքն արտահայտելու համար, որոշել եմ այսօրվանից իմ իսկ բնակարանում անժամկետ հացադուլ սկսել։
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի աննման խոսքերի ճշմարտացիությամբ հավատացած եմ, որ «ներսից է լինելու հաստատ մեր փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։
Այսօր մայիսի 28–ն է, դա ոչ միայն մեր տեսակի գոյության իրավունքի և լինելիության համար մեկ մարդու նման միասնաբար ոտքի կանգնելու կամարտահայտության դրսևորման շնորհիվ մեր ոխերիմ թշնամու դեմ մահ ու կենաց կռվում տարած հաղթանակի, այև մեր բարձրագույն արժեքի՝ հայոց պետականության վերածննդի ազգովի ձեռք բերված լինելու խորհրդանիշն է։
Նման իրավիճակում ենք գտնվում նաև այսօր... այժմ ևս աշխարհում մեն մենակ ենք մնացել ու մեր միակ ապավենը կարող է լինել հայի մեր անպարտելի տեսակը, որը միաբանված լինելու պարագային չի պարտվել ու չի պարտվի երբեք, քանզի հայի հոգին և ոգին անզուգական են։
Ոտքի կանգնի՛ր հայ ժողովուրդ, ազգովին ներսից մաքրվելու ժամանակներն եկել են։