Իտալացի երաժիշտ Ջիանֆրանկո Բորտոլատոն կրկին Հայաստանում է` «Հոբոյի հմայքը» խորագրով համերգի շրջանակներում


Իտալացի երաժիշտ Ջիանֆրանկո Բորտոլատոն կրկին Հայաստանում է` «Հոբոյի հմայքը» խորագրով համերգի շրջանակներում

  • 30-05-2016 20:18:08   | Հայաստան  |  Մշակույթ

Հունիսի 2-ը Իտալիայի Հանրապետության օրն է: Այս կապակցությամբ հունիսի 1-ին Երևանում` Կոմիտասի անվան երաժշտության տանը կայանալու է իտալացի երաժիշտ Ջիանֆրանկո Բորտոլատոյի «Հոբոյի հմայքը» խորագրով համերգը:
Հայաստանում Իտալիայի դեսպանատան նախաձեռնությամբ իրականցվող համարգի ընթացքում իտալացի երաժիշտին օգնելու է Հայաստանի պետական կեմարային նվագախումբը` Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ: 
 
Ինչպես մայիսի 30-ին Երևանում կայացած մամուլիս ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Ջիանֆրանկո Բորտոլատոն, իտալական բարոկկո ժամանակաշրջանի երաժշտությանը նվիրված համերգի ընթացքում հնչելու են Վիվալդիի, Մարչելոյի, Ալբինոնիի, Բախի ստեղծագործությունները:
«Ինձ համար մեծ պատիվ է երկրորդ անգամ գտնվել Հայաստանում: Նախորդ տարի եմ հնարավորություն ունեցել իմ արվեստը ներկայացնել հայ հանդիսատեսին և շատ տպավորված եմ ջերմ ընդունելությունից, շնորհակալ եմ իմ նկատմամբ տածած այս վստահությունից»,- ասաց Ջ. Բորտոլատոն` ընդգծելով, որ հայ հանդիսատեսը «իրեն երես է տվել»:
Իտալացի երաժշտի կարծիքով` երաժշտությունը մի ունիվերսալ լեզու է, որի միջոցով տարբեր ազգերի ներկայացուցիչներ կարողանում են միմյանց հետ շփվել և այդ շփումը դարձնել ավելի անմիջական:
Նրա խոսքերով` երաժշտությունը հոբոյի համար որպես գործիք մեծ զարգացում է ապրել իտալական բարոկկո ժամանակաշրջանում, երբ հենց այս գործիքի համար գրվել են շատ կարևոր ստեղծագործություններ:
Երկրորդ անգամ Հայաստան այցելած իտալացի երաժիշտը մտադիր է այս անգամ ավելի երկար մնալ Հայաստանում և ավելի մոտիկից ծանոթանալ հայերին ու հայկական մշակույթին: 
Ի դեպ` հայ կոմպոզիտորներից միան Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից է նվագել:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի փոխանցմամբ` իրենք ուրախ են համագործակցել Ջիանֆրանկո Բորտոլատոյի նման բարձրակարգ երաժիշտների հետ:
«Ես Ջիանֆրանկոյի համերգին ներկա էի, երբ նա առաջին անգամ էր եկել Հայաստան և բավականին զարմացած ու հիացած էի նրա արվեստով: Այս անգամ, երբ դեսպանատունը դիմեց մեզ, որպեսզի այս համերգին նա լինի մեր սոլիստը, ես ուրախությամբ համաձայնեցի, որովհետև շատ եմ գնահատում նրա արվեստը»,- ասաց նա` հավելելով, որ այդ համերգին իրենց է միանալու նաև կոնցերտմայստեր Աստղիկ Վարդանյանը:  
Վ. Մարտիրոսյանի խոսքերով` երկրորդ համերգի առիթներից մեկն էլ այն է, որ հայ հանդիսատեսը նախորդ տարի հասցրեց սիրել իտալացի երաժիշտին, սակայն չհասցրեց վայելել, իսկ այս տարի դարձյալ ընձեռնվում է հնարավորություն վայելելու Ջիանֆրանկոյի կատարումները: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ