«Կրակոցներից շատ ավելի վտանգավոր է ատելության խոսքը». Գեղամ Բաղդասարյան


«Կրակոցներից շատ ավելի վտանգավոր է ատելության խոսքը». Գեղամ Բաղդասարյան

  • 31-05-2016 12:19:24   | Հայաստան  |  Վերլուծություն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիեին (Ֆրանսիա)
 
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին
 
 Մեծարգո պարոնայք
 
Ողջունելի է, որ ս.թ. մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի, ինչպես նաև ձեր հանդիպման ժամանակ ի թիվս այլոց պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման շուրջ: Վստահ եմ, որ  սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը  զգալիորեն կկրճատի հետագա բռնությունների ռիսկը:
 
Ողջունելով նման սպասված որոշումը՝ միաժամանակ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ կարևոր հանգամանքի վրա։ Լրագրությունում և խաղաղարարությունում իմ տարիների փորձը ցույց է տալիս, որ հաճախ կրակոցներից շատ ավելի վտանգավոր է ատելության խոսքը։ Ավելին՝ տեղեկատվական դաժան պատերազմի պայմաններում հակամարտության խաղաղ կարգավորման մասին կարելի է խոսել մեծ վերապահումով։ Ուստի, կարծում եմ, ժամանակն է ղարաբաղյան կարգավորումն անմիջականորեն առնչել տեղեկատվական դաշտի հրադադարին։
 
Ըստ այդմ էլ կոչ եմ անում ձեզ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման շրջանակներում նախատեսել նաև հակամարտության կողմերի պատասխանատու լրատվամիջոցների մշտադիտարկում և ատելախոսության հետաքննության մեխանիզմների ներդրում։ Այս հարցում ձեզ կարող են աջակցել Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի համապատասխան փորձ ունեցող լրագրողական կազմակերպությունները։
 
Կարծում եմ, այսպիսի քայլը ոչ միայն կնպաստի հակամարտող երկրների հանրությունների միջև վստահության կամուրջների կառուցմանը, այլև հնարավորություն կտա երևան հանելու ատելախոսության և ազգամիջյան թշնամանքի հիմնական պատասխանատուներին և համապատասխան քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։
 
 Հարգանքով՝ 
Գեղամ Բաղդասարյան
Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ,
«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր
30 մայիսի, 2016թ. 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play