«Հունիսի 2-ին մարդկությունը դաս ունի». Թուրք հոդվածագիր


«Հունիսի 2-ին մարդկությունը դաս ունի». Թուրք հոդվածագիր

  • 31-05-2016 13:45:49   | Գերմանիա  |  Վերլուծություն

Թուրք հոդվածագիր Հուսեյն Շենոլը ծավալուն հոդված է հրապարակել 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի վերաբերյալ։
 
Շենոլի հոդվածը տեղադրվել է avrupaforum.org  կայքում։ Շենոլի կարծիքով՝ Գերմանիայում տեղի ունեցող այս գործընթացներին համակ ուշադրությամբ հետևում է ոչ միայն Թուրքիան, այլև եվրոպական բոլոր պետություններն ու համաշխարհային հանրությունը։ Ընդհանրապես, Շենոլի հոդվածն այն եզակիներից է, որը գրվել է արդարության ոգով և չի արտահայտում թուրքամետ և հայատյաց տրամադրություններ։ Հոդվածագրի կարծիքով՝ եթե Գերմանիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այդ թեման կրկին կհայտնվի համաշխարհային հանրության և տարբեր պետությունների ուշադրության կենտրոնում, որն, ըստ նրա, օգտակար կլինի բոլոր ժողովուրդների համար։ Շենոլը հունիսի 2-ին տեղի ունենալիք քվեարկությունը համարում է «մարդկության դեմ պատասխանատվության քննություն», և ամենևին չի մտահոգվում հանգամանքից, որ Հայոց ցեղասպանության ճանաչման պարագայում բացասական միտումներ կնկատվեն Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններում։ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն կողմ արտահայտվող Շենոլի կարծիքով՝ Թուրքիայի իշխող կուսակցությունն ու նույնիսկ ընդդիմադիր գործիչները օգտագործում են դիվանագիտական բոլոր հնարավորությունները, նույնիսկ խոսում են սպառնալիքի լեզվով։ Իր հոդվածի վերջում Շենոլը գրում է. «Այո, 1915թ. Հայոց ցեղասպանության ճարտարապետը Օսմանյան կայսրությունն էր, Գերմանական կայսրությունն ու Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունն էլ՝ մեղսակիցներ են։ Հունիսի 2-ին մարդկությունը դաս ունի»։ 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play