31-05-2016 16:35:56 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
2016 թվականի մայիսի 29-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:
Տոնի առիթով Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Վաղ առավոտից թբիլիսահայ հավատացյալները շտապում էին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներ՝ մասնակցելու տոնական Սուրբ Պատարագներին:
Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Պատարագին ներկա էին Հայաստանից ժամանած Գրողների միության պատվիրակությունը՝ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, համայնքային գործիչներ, մտավորականներ, բազում հավատացյալներ:
Հընթացս Սուրբ Պատարագի Տեր Վազգեն եպիսկոպոսն իր պատգամում անդրադարձ կատարեց օրվա խորհրդին, պատմիչ Ագաթանգեղոսի ներկայացմամբ Հայոց Մեծ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի երազ-տեսիլքին և Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տաճարի կառուցման պատմությանը: Սրբազան Հայրը խոսեց Հայոց առաջին Հայրապետի տարածած հավատքին հայ ժողովրդի հավատարմության, ազգապահպան այն արժեքների մասին, որ կատարում է Հայոց Եկեղեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջնորդությամբ: «Մայր հայրենիքում և Սփյուռքում շնորհիվ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պահպանվում, հարստանում, սերնդե սերունդ են փոխանցվում եկեղեցու խորհուրդները և ծեսերը, ժողովրդական ավանդույթները և մշակութային արժեքները: Իսկ դա մեր ինքնության, մեր Սուրբ հավատքի և մեր ոսկեղենիկ լեզվի հարատևության գրավականն է – կարևորեց իր պատգամում Թեմակալ առաջնորդը, հորդորելով հավատացյալ հայորդիներին համախմբված լինել Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի շուրջը, Ամենազոր Աստծուց խաղաղություն և ապահովություն հայցել Հայաստանի, Սուրբ Էջմիածնի և Վրաստանի համար:
Հավարտ Սուբ Պատարագի առաջնորդ Սրբազան Հոր հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայրապետական մաղթանք: Հավատավոր ժողովուրդը և քահանայից դասը աղոթեց Սուրբ Էջմիածնի և Նորին Սրբության քաջառողջ արևշատության համար:
Սուրբ Պատարագի ավարտին Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում, հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց քաղցրավենիքի հյուրասիրություն-վաճառք, որի հասույթը կուղղվի թեմի սոցիալական ծրագրերին օժանդակելուն: