Կրեմլը փորձում է ձախողել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հունիսյան հանդիպումը


Կրեմլը փորձում է ձախողել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հունիսյան հանդիպումը

  • 31-05-2016 17:59:19   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուս փորձագետներն ադրբեջանական լրատվամիջոցներում հայտարարում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հունիսյան հանդիպումը, հավանաբար, չի կայանա: Չի բացառվում, որ Կրեմլը փորձում է ձախողել հանդիպումը, որը կարող է անցանկալի շրջադարձ ունենալ Մոսկվայի համար:
Բազմաթիվ փորձագետների կարծիքով, հանդիպմանը կարող է երկու առանցքային հարց քննարկվել՝ Ղարաբաղում մոնիտորինգի սարքավորումների տեղադրում եւ հայկական կողմից հնարավոր տարածքային զիջումներ: Այս երկու հարցերը միահյուսված են եւ արտացոլում են ղարաբաղյան կարգավորման հարցում համաշխարհային ուժային կենտրոնների դիրքորոշումների տարբերությունը:
Հայաստանը, չնայած Ռուսաստանի հետ դաշինքին, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ առաջ է քաշում սարքավորումների տեղակայման հարցը, որը թույլ կտա ամրապնդել հրադադարը՝ նախադրյալներ ստեղծելով տարածաշրջանի բացման համար:
Ադրբեջանը Ռուսաստանի հետ միասին, չնայած Ռուսաստանի եւ Հայաստանի ֆորմալ դաշինքին, առաջ է քաշում ղարաբաղյան մի շարք տարածքներից հայկական ուժերի դուրսբերման եւ ստատուս-քվոյի փոփոխության հարցը:
Հայաստանի եւ Ռուսաստանի դիրքորոշումներում հակասություններն այնքան ակնհայտ են, որ Մոսկվան հունիսին կարող է ձախողել հանդիպումը, եթե վստահ լինի, որ արեւմտյան միջնորդները կկարողանան համոզել Բաքվին՝ համաձայնվել Ղարաբաղում հետաքննությունների մեխանիզմների ու սարքավորումների տեղակայմանը:
Ռուս փորձագետներն ադրբեջանական թերթերում հետաքրքիր մանրամասներ են բացահայտում: Օրինակ, այն մասին, թե ինչ է պարտավորվել անել Բաքուն Ղարաբաղից հայկական ուժերի դուրսբերման առաջին քայլի դիմաց: Փորձագետները պնդում են, որ Բաքուն պետք է համաձայնվի տարածաշրջանում հաղորդակցությունների մասնակի բացմանը:
Ի՞նչ հաղորդակցությունների մասին է խոսքը: Օրինակ, կարող է բացվել Նախիջեւանի երկաթուղին Իրանից Հայաստանով ու Վրաստանով դեպի Եվրոպա երկաթուղային հաղորդակցության համար: Դրա դիմաց Իրանն ու Ադրբեջանը կարող են, օրինակ, օտարերկրյա ներդրումներ ստանալ Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության համար, ինչը թույլ կտա Իրանը կապել Ռուսաստանին:
Մոսկվան ամեն ինչ անում է, որ իր տարածքները շրջանցելով նոր հաղորդակցություններ չբացվեն, այդ պատճառով հարց է ծագում, թե արդյոք Կրեմլն Ադրբեջանին թույլ կտա քայլ անել: Եվ թույլ կտա՞ Մոսկվան Ադրբեջանին համաձայնվել սարքավորումների տեղադրմանը: Դա Մոսկվայի եւ Բաքվի գործն է:
Սակայն ինչպես կվարվի Հայաստանը, եթե հունիսի հանդիպումը ձախողվի, եթե Ադրբեջանը պատասխան քայլ չանի եւ չհայտարարի հաղորդակցությունների բացման մասին: Հայաստանն այդ դեպքում կվերադարձնի՞ չկայացած գործարքի 800 հեկտար «գրավը»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play