Սերժ Սարգսյանը «սանիտարական հատում» է սկսել ՊՆ-ում. Մեկնաբան


Սերժ Սարգսյանը «սանիտարական հատում» է սկսել ՊՆ-ում. Մեկնաբան

  • 31-05-2016 18:15:09   | Հայաստան  |  Վերլուծություն

Երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ձերբակալություններ են եղել:
 
Ու դարձյալ միջին կամ մանր «ձկներն» են ուռկանում հայտնվել: Ձերբակալվածների թվում են գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, եւ Մհեր Պապյանը»: Ձերբակալված զինվորականներն են գեներալ-մայոր  Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը: Մելս Չիլինգարյանը ՀՀ Զինված ուժերի սպառազինության վարչության պետն է: ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել:
Ձերբակալությունները կատարվում են նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների հիման վրա, միաժամանակ կոռուպցիոն սխեմայի մասին Սերժ Սարգսյանին տեղեկություններ է փոխանցել գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Միեւնույն ժամանակ, ձերբակալությունները առնչվում են «մանր ու միջին» պաշտոնյաների, ինչպես նաեւ մարդկանց, որոնք արդեն պաշտոնանկ են եղել:
Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը կարծես թե «սանիտարական հատում» է սկսել ՊՆ-ում: Պաշտոնանկ եղան միանգամից երեք կարեւորագույն օղակների ղեկավարներ՝ հետախուզություն, կապ, նյութատեխնիկական ապահովում: Հետո պաշտոնանկ եղավ սպառազինության վարչության պետը: Եղան ձերբակալություններ:
Որն է այդ ամենի բուն պատճառը, չի հայտարարվում, գուցե նաեւ որոշակի գաղտնիության սկզբունքով: Բայց, հանրությունն այդ ամենը կապում է ապրիլյան պատերազմի, դրանում ի հայտ եկած աղաղակող փաստերի հետ, որոնք վկայել են պաշտպանական ոլորտում անարդյունավետ կառավարումը: Դրա ծանրագույն հետեւանքից հաջողվեց խուսափել առաջնագծի զինվորների եւ սպաների հերոսության, անձնազոհ սխրանքի, հարյուրից ավելի կյանքի գնով: Այլապես, ապրիլյան պատերազմի հետեւանքով հայկական կողմի կորուստը անկասկած չէր սահմանափակվի 800 հեկտարով:
Այդուամենայնիվ, Սարգսյանի այդ «սանիտարական հատումը» որքան էլ հանրայնորեն պահանջված, այդուհանդերձ նաեւ հարցեր առաջացնող է, հատկապես Հայաստանի պաշտպանական բնագավառի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հայտարարությունների ֆոնին:
Այդ մարդիկ հասարակությանն այդպես էլ չկարողացան հստակ ասել՝ տեղյա՞կ էին, որ Բաքուն որեւէ ոչ սովորական քայլ է նախապատրաստում, թե՞ ոչ: Եթե տեղյակ չէին, ուրեմն նրանք պետք է պատասխանատվություն կրեն անարդյունավետ կառավարման համար եւ հեռացվեն պաշտոնից: Եթե տեղյակ էին եւ չեն արել անհրաժեշտ քայլեր, ապա նրանք պետք է կրեն քրեական պատասխանատվություն՝ հանցավոր անգործության կամ առավել եւս պետական դավաճանության համար:
Պետության ուժը խնդիրները կոծկելը չէ: Պետության ուժն ամեն մի զինվորի կյանքը գերարժեվորելն ու անգամ հաղթանակի դեպքում, անգամ հակառակորդի նկատմամբ ռազմական հաջողությունից հետո ամեն մի զինվորի կյանքի եւ ամեն մի մետր պետական տարածքի կորստի համար հստակ պատասխանատվություն սահմանելն ու իրացնելն է:
Ըստ այդմ, որքան պաշտպանական գերատեսչության առանցքային, խոշոր ղեկավար պաշտոնյաներ են «հեռու» պահվում պատասխանատվության այդ խնդրից, այդքան հանրության մոտ խորանում է կասկածը, որ տեղի ունեցողն ընդամենը քավության նոխազների փնտրտուք է, որից պետական գործերի արդյունավետությունը կարող է աճել այնքանով՝ որքանով:
Դրան զուգահեռ, այստեղ կան այլ հետաքրքիր հանգամանքներ: Բանն այն է, որ պաշտպանական բնագավառում կոռուպցիոն սխեմաների խնդիրը հայկական մեդիայում սկսեց բավական աշխույժ արտացոլվել դեռեւս ապրիլյան պատերազմից առաջ: Թրանսփարանսի Ինթերնեշնլ Հայաստան հակակոռուպցիոն կազմակերպությունը դեռեւս տարեսկզբին հայտարարել էր, որ բանակի մի շարք բարձրաստիճան զինվորականներ ունեն առեւտրային շահեր, որոնք առնչվում են բանակի գնումներին: Խոսքը սպառազինության ձեռքբերման մասին չէ, այլ ոչ սպառազինական գնումների:
2016 թվականի փետրվարի 19-ին պաշտպանության նախարարությունում տեղի էր ունեցել հակակոռուպցիոն խորհրդակցություն՝ նախարար Սեյրան Օհանյանի եւ գլխավոր դատախազ, նախկին զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի մասնակցությամբ: Ընդ որում, մի ուշագրավ հանգամանք. նախարար Օհանյանի ներկայությամբ Գեւորգ Կոստանյանը հայտարարել էր, թե ամեն ինչ կանի բանակը կոռուպցիայից ու չարաշահումներից զերծ պահելու համար:
Փետրվարի 19-ի այս հայտարարության համատեքստում ուշագրավ է տեղեկությունը, որ Գեւորգ Կոստանյանն է Սերժ Սարգսյանին տվյալներ հայտնել կոռուպցիոն սխեմայի մասին:
Այստեղ հարց է առաջանում՝ այդ տվյալները նո՞ր են փոխանցվել Սարգսյանին, թե՞ փոխանցվել էին դեռեւս փետրվար-մարտին, սակայն Սարգսյանը միայն ապրիլյան պատերազմից հետո է դրանք արժանացրել ուշադրության:
Թե՞ ապրիլյան պատերազմը պարզապես արագացրել է դրանց հանդեպ Սարգսյանի արձագանքը: Եվ ամենակարեւոր հարցն իհարկե այն է, թե Գեւորգ Կոստանյանի տրամադրած տեղեկություններն ինչքանո՞վ են ներառում պաշտպանական բնագավառի ղեկավար կազմի անուններ: Այդ համատեքստում նաեւ ուշագրավ էր հենց փետրվարին հակակոռուպցիոն խորհրդակցությունը ՊՆ-ում՝ Գլխավոր դատախազի մասնակցությամբ, եւ նրա հայտարարությունը՝ նախարարի ներկայությամբ, թե ամեն ինչ կանի բանակը կոռուպցիայից զերծ պահելու համար:
Ինտրիգն այստեղ այն էր, թե արդյոք Սարգսյանը այդպիսով դեռեւս փետրվարին անվստահություն էր հայտնում Սեյրան Օհանյանին: Գեւորգ Կոստանյանի մասնակցությամբ խորհրդակցությունը հուշում էր, որ Սարգսյանը չի՞ վստահում Օհանյանին եւ բանակում ուժեղացնում է դատախազության վերահսկողությունը, թե՞ Գեւորգ Կոստանյանը շտապօգնություն էր Սեյրան Օհանյանին, համարելով, որ Օհանյանը միայնակ անկարող է լուծել բանակում կոռուպցիայի խնդիրը:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն