«Հանցանքը մեղմացնող հանգամանք» Սերժ Սարգսյանից.Մեկնաբան


«Հանցանքը մեղմացնող հանգամանք» Սերժ Սարգսյանից.Մեկնաբան

  • 31-05-2016 18:27:17   | Հայաստան  |  Վերլուծություն

 
«Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է իր անցյալով ու մշակույթով, իղձերով ու նպատակներով, իսկ հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին բխում է մեր ընդհանուր քրիստոնեական ժառանգությունից, ինչպես նաև հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներին համատեղ հանձնառությունից», մայիսի 30-ին ԵԺԿ Վեհաժողովում հայտարարել է Սերժ Սարգսյանը:
 
Նրա հայտարարությունը պարունակում է ուշագրավ ուղերձներ, միաժամանակ առաջացնելով որոշակի կոնտրաստ եւ դրանից բխող հարցեր:
 
Մասնավորապես, եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մաս հանդիսացող հայ ժողովրդի պետության Առաջին դեմքը այդ խոսքերը ԵԺԿ ամբիոնից հնչեցնելուց ժամեր անց արդեն եվրասիական մայրաքաղաք Աստանայում է, որտեղ ասիական քաղաքակրթական ընտանիքում հերթական անգամ լսելու է, թե ինչպես են միմյանց հետ հարաբերություններ պարզում «իսլամական աշխարհի հուսալի դաշնակից» Ռուսաստանն ու թյուրքական աշխարհում իր որոշիչ տեղն ու դերը փնտրող Ղազախստանը:
 
Իսկ որ Ռուսաստանն իսլամական աշխարհի հուսալի դաշնակիցն է, օրեր հայտարարել էր ՌԴ նախագահ Պուտինը, որը ինչ որ ժամանակ հայտարարել էր նաեւ, թե ուղղափառությունն ավելի մոտ է իսլամին, քան կաթոլիկությանը: Այլ կերպ լինել չէր էլ կարող, որովհետեւ Պուտինի շուրթերով խոսում է ոչ թե քաղաքականությունը կամ դիվանագիտությունը, այլ ժողովրդագրությունը: Ըստ տարբեր տվյալների, Ռուսաստանում իսլամ դավանողների թիվը կազմում է բնակչության մոտ 10 տոկոսը: Բացի դրանից, պետք է հաշվի առնել նաեւ մահմեդական միգրանտների հոսքը տարբեր երկրներից: Եվ վերջապես՝ Ռուսաստանի դաշնային 7 սուբյեկտում իսլամ դավանողների թիվը ճնշող մեծամասնություն է:
 
Եվ, ի լրումն այդ ամենի, Ռուսաստանն իր ագրեսիվ, միաժամանակ ապակառուցողական, շանտաժային քաղաքականության հետեւանքով կորցրել է առաջատար պետություններում գործընկերային կամ դաշնակցային հեռանկարները, եւ ներկայում Ռուսաստանի իշխանության հույսը իսլամական աշխարհն է: Ընդ որում, հետաքրքիր է, որ իսլամական աշխարհը պետական զարգացման եւ արդիականացման գործը ձախողած եւ իշխանական շահերին ստորադասած «էլիտաների» վերջին հանգրվանն է: Դրա մասին է օրինակ վկայում այն, որ Գալուստ Սահակյանը դեռեւս 2000-ականների կեսերին էր սպառնում Եվրոպային, որ եթե մեր հանդեպ խիստ լինեն ժողովրդավարական պահանջների մասով, ապա «կգնանք իսլամական աշխարհ»:
Թեեւ, Հայաստանը խոշոր հաշվով հենց այնտեղ է, եթե այնտեղ է Ռուսաստանը: Որովհետեւ Հայաստանը Ռուսաստանի մեջ է՝ դե ֆակտո, ռուսական քաղաքականության ծիրում: Եվ, հետեւաբար, եթե Ռուսաստանի քաղաքականությունն ուղղված է իսլամական աշխարհի դաշնակցությանը, կամա թե ակամա դրան է ուղղվում նաեւ ռուսական քաղաքականության ծիրի անուղղելի հետեւորդ Հայաստանի իշխանության քաղաքականությունը:
Մյուս կողմից, ԵԺԿ վեհաժողովին  Սերժ Սարգսյանի ելույթի ուշագրավ ակնարկներից մեկն էլ հենց այն է, որը վերաբերում է քրիստոնեական հենքին. «…հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին բխում է մեր ընդհանուր քրիստոնեական ժառանգությունից, ինչպես նաև հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներին համատեղ հանձնառությունից»:
Սարգսյանի այդ հայտարարությունը բավական բազմիմաստ է հնչում հատկապես Պուտինի օրերս արած հենց այն հայտարարության ֆոնին, որտեղ ՌԴ նախագահը իր անվերապահ դաշնակցությունն էր արտահայտում իսլամական աշխարհին:
Խնդիրն այստեղ իհարկե կրոնական հակադրությունը չէ, այլ քաղաքակրթական զարգացման հենքն ու տրամաբանությունը:
Միեւնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը Եվրոպայում ելույթ է ունենում եվրոպական քաղաքակրթական ընտանիքից, քրիստոնեական արժեհամակարգային հենքից, ժառանգությունից, իսկ այդ ընթացքում Հայաստանի կառավարության ներկայացուցիչները Հայաստանում հայտարարում են մենաշնորհներն օրինականացնելու հնարավորության մասին, որն անգամ եվրոպական միջնադար էլ չէ:
Մյուս կողմից, այլ բան լինել չի էլ կարող, քանի որ Լյուքսեմբուրգում եվրոպական քաղաքակրթական ընտանիքին հավատարմություն հայտնող Հայաստանը գտնվում է եվրասիական պարտավորությունների համակարգում: Իսկ այդ համակարգի համար եվրոպական քաղաքակթությունը վարակ է, այն էլ մահացու:
Միաժամանակ, այդ համակարգն էլ մահացու վարակ է ցանկացած պետության համար: Թեեւ, Եվրասիական միությունը ձեւավորել են արդեն վարակված պետությունները: Պարզապես, դա այն միջավայրն է, որտեղ հակավարակը շանս չունի, որտեղ ընթանում է վարակի օրինականացման, սահմանադրական վարակի հաստատման գործընթաց:
Սերժ Սարգսյանը թերեւս հույս ունի, որ երբ առաջատար քաղաքակրթությունը կլուծի համաշխարհային վարակի այդ մեծ օջախի հարցը, այդ ժամանակ կհիշեն, թե նա ինչ ելույթներ էր ունենում Եվրոպայում, եւ դա գուցե կդիտարկեն «նրբացուցիչ դեպք հանցանաց», ասել է թե «հանցանքը մեղմացնող հանգամանք»:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն