Երևանի քաղաքապետարանը միացել է «Նվիրենք նրանց հեքիաթ» նախագծին


Երևանի քաղաքապետարանը միացել է «Նվիրենք նրանց հեքիաթ» նախագծին

  • 01-06-2016 12:33:25   | Հայաստան  |  Հասարակություն

«Նվիրենք նրանց հեքիաթ» բարեգործական նախագծով մայիսի 29-ից հունիսի 1-ը Երևանում են ապրիլին առաջնագծում զոհված զինծառայողների 33 երեխաներ՝ իրենց հարազատների հետ: Լուսանկարչուհի Աննա Մանասարյանի նախաձեռնությամբ կյանքի կոչվող ծրագրին մասնակցում են երեխաներ ԼՂՀ-ից, Սյունիքի, Շիրակի, Արարատի մարզերից և Երևանից: 
 
Երեխաների երազանքների ու ամենանվիրական ցանկությունների իրագործմանն ուղղված բարեգործական ծրագրին միացել է նաև Երևանի քաղաքապետարանը: Երեխաների այցը մայրաքաղաք հիշարժան և ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով կազմակերպվել է այցելություն Երևանի կենդանաբանական այգի: Ամբողջությամբ նորոգված ու հետաքրքիր նոր անկյուններով համալրված այգում երեխաները զբոսնել և ծանոթացել են կենդանատեսակներին, որոշ տեղերում ուղեկցողների հսկողությամբ նաև կերակրել կենդանիներին: Կենդանաբանական այգուց երեխաները ձեռնունայն չեն հեռացել. տնօրինության կողմից բոլոր փոքրիկները հուշանվերներ են ստացել: Իսկ ամենակարևորը իրենց հետ են տարել օրվա հիշողությունները:
 
«Յուրաքանչյուր երեխայի մանկություն ինչ-որ չափով պետք է նման լինի հեքիաթի, ուր  ամեն ինչ գունեղ է, վաղ ու պայծառ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում երեխաներին նվիրված բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը: Նոր չէ նաև մեր համագործակցությունը Աննա Մանասարյանի հետ: 2015թ. հունիսի 1-ին Երևանի քաղաքապետարանում անցկացվեց լուսանկարչուհու «Երևանի ապագան» խորագրով անհատական ցուցահանդեսը: Աջակցելով նախագծին՝ փորձեցինք միանալ երեխաներին նվիրվող այս հեքիաթին՝ շատերի համար Երևան առաջին այցը դարձնելով իսկապես անմոռանալի և պարգևելով միայն ժպիտներ»,-նշել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:
 
«Նվիրենք նրանց հեքիաթ» բարեգործական նախաձեռնությանը միացել են նաև բազմաթիվ բարերարներ, որոնց աջակցությամբ էլ կիրականանան երեխաների մի շարք այլ երազանքներ: 
 
Ծրագիրը կամփոփվի այսօր Երազանքների պուրակում, ուր երեխաները կմասնակցեն օրվա տոնական միջոցառումներին:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն