Որևէ խնդիր չի կարող լինել Իրանում հայ կին զբոսաշրջիկների հագուկապի առումով. Իրանագետ


Որևէ խնդիր չի կարող լինել Իրանում հայ կին զբոսաշրջիկների հագուկապի առումով. Իրանագետ

  • 01-06-2016 13:51:16   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Որևէ խնդիր չի կարող լինել Իրանում հայ կին զբոսաշրջիկների հագուկապի առումով, որովհետև նախ շատ քաղաքակիրթ կերպով կբացատրեն՝ ինչպես հագնվել Իրանում, և երկրորդ՝ նա պետք է կրի այնպիսի հագուստ, որը կկրեր Հայ առաքելական եկեղեցի մտնելիս:
 
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ ի պատասխան հարցի, թե շարիաթի առավել խիստ օրենքները հետ չե՞ն կանգնեցի հայաստանցիներին Իրան-Հայաստան վիզաների հանումից հետո այս երկիր այցելել։
 
«Չի կարող լինել չիմացության հետևանք, որովհետև, նախ, այս տարիների ընթացքում որոշակի պատկերացումներ թե՛ նրանք, թե՛ մենք ձեռք ենք բերել միմյանց մշակութային փոխճանաչողության շրջանակներում: Եվ երկրորդ, հենց Իրանի օդանավակայաններում կբացատրեն, որ կնոջն անհրաժեշտ է թեթևակի ծածկել գլուխը ու օրինակ՝ չկրել շատ կարճ շրջազգեստ։ Եթե ամփոփելու լինեմ՝ կրել այնպիսի հագուստ, որը հայ կինը կկրեր Հայ առաքելական եկեղեցի մտնելիս»,-ասաց Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ այս ընկալումները նաև Իրանի՝ Արևմուտքի կողմից դեմոնացված լինելու հանգամանք է:
 
Հիշեցում. Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագիր, որով երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում:Նաև կողմը պարտավորվելու է հարգել այն երկրի օրենսդրությունը, որն այցելել է:
 
Իրանագետն այս դրույթը բնական է համարում, քանի որ ասաց, որ օրենքները թե՛ Իրանում, թե՛ Հայաստանում ձևավորվում են համամարդկային արժեքների հենքի վրա, որի առանցքում են պարկեշտությունը, առաքինությունը: Այսինքն՝ բոլոր այն վարքականոնները, որոնք հատուկ են նորմալ հասարակություններին:
 
Ըստ Վարդան Ոսկանյանի՝ վիզաների ազատականացումը երկու երկրների միջև ահռելի քաղաքական հետևանքներ կունենա:
 
«Սրանով երկու երկրների հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի, նախ և առաջ, վստահության նոր ձևաչափի են հասցվում: Ակնհայտ է այս քայլի տնտեսական բաղկացուցիչը, որովհետև երկուստեք խթանվելու է զբոսաշրջությունը։  Նաև՝ դրական էֆեկտներ կլինի արդյունահանման ու արտահանման ոլորտներում»,-ասաց իրանագետը:
 
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հիմա է նման որոշում ընդունվում, արդյո՞ք դա պայմանավորված չէ Իրանի պատժամիջոցները հանելու հետ, Վարդան Ոսկանյանն ասաց, որ Հայաստանին ու Իրանին ժամանակ էր պետք՝ երկկողմ հարաբերությունները ներկայիս բարձր մակարդակին հասցնելու համար:
 
Նշում. Համաձայնագրին կից ներկայացված հիմնավորման մեջ հենց այդպես էլ նշվում է. «Ստորագրումը կխթանի նաև երկկողմ զբոսաշրջությունը և կստեղծի առավել նպաստավոր պայմաններ ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների համար»։
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play