Շահան Գանտահարյան.Հայտարարությունների եւ բանաձեւերի համահնչեղության խնդիրը


Շահան Գանտահարյան.Հայտարարությունների եւ բանաձեւերի համահնչեղության խնդիրը

  • 02-06-2016 11:59:45   | Լիբանան  |  Վերլուծություն

Հայտարարությունների եւ բանաձեւերի համահնչեղության խնդիրը
 
 
Անկարան իրավացի պատճառներ ունի անհանգստանալու Գերմանիայի խորհրդարանի նիստում արծարծվելիք Հայոց ցեղասպանության վերաբերող բանաձեւի առնչությամբ:
 
Գերմանիայի որդեգրելիք բանաձեւը առանձնահատուկ նշանակություն ունի ոչ միայն գերմանական մեղսակցության իրականությունը նկատի ունենալու ուղղությամբ, այլ նաեւ այն հանգամանքով, որ Գերմանիան այսօր Եւրոպան կառավարող հիմնական տնտեսաքաղաքական ուժն է, որը եղանակ է ճշտում նաեւ համաեւրոպական արժեչափերի գործադրելիության առումով:
 
Խորհրդարանի քվեարկելիք բանաձեւը իր վերջնական տեսքը դեռեվս չի ստացել: Այսուհանդերձ ակնկալվում է, որ Գերմանիայի պետական դաշտը կպահպանի քաղաքական տրամաբանությունը: 
 
Հիշեցման կարգով. ապրիլի 24-ին Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը հայտնել էր. «Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցածը ցեղասպանություն էր»: «Գերմանիան մեղքի իր բաժինը ունի այդ տարիների կատարվածի մեջ»:
 
Ապրիլի 23-ին Բեռլինի մայր տաճարում` մասնակցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը` Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործվածը բնորոշեց իբրեւ ցեղասպանություն: 
 
«Այդ հայերի ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, ցեղային մաքրագործման, կոտորածի, այո՛, ցեղասպանության հստակ օրինակ է, որով 20-րդ դարը կհիշվի սարսափելի ձեւով: Այսպես, մենք խոսում ենք հրեաների Ողջակիզման հետ այս իրադարձությունների նմանության մասին», ասել էր Գերմանիայի նախագահը:
Սրանից առաջ էլ առանց ուղղակի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը Բունդեսթագը խոսել էր այդ ժամանակահատվածում գերմանական մեղսակցության մասին:
 
Խորհրդարանը ուրեմն, առաջնային խնդիր ունի պահպանելու առնվազն իր նախագահի հայտարարության առանցքային տրամաբանությունը: Բացորոշ է, Գերմանիայի նախագահի եւ խորհրդարանի նախագահի կատարած հայտարարությունների համահնչեղությունը: Թեեւ նախագահի դեպքում մեղսակցության ընդգծումը անուղղակի է, այն առումով, որ ցեղասպանության եւ ողջակիզման նմանողության շեշտումով ակնարկած կլինի նաեւ մեղսակցության նմանողության իրականությունը: 
 
Անկարան թե՜ վարչապետի եւ թե՜ նախագահի խորհրդականի մակարդակներով արձանգանքել, ավելի ճիշտ սպառնացել է Բեռլինին։ Դասական հակազդեցություններից անդին, ուշագրավ է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականի ասածը. Գերմանիան ընկնում է հայկական Սփյուռքի կազմակերպած խաղերի մեջ:
 
Իհարկե, այստեղ հակափաստարկելը իմաստ չունի. պարզապես նշենք նախագահ Սարգսյանի  կատարած հայտարարությունը, որտեղ կոչ կար գերմանացի օրենսդիրներին չազդվելու Բեռլին-Անկարա հարաբերությունների վատացման Էրդողանի զգուշացումներից` բանաձեւը քվեարկելու դեպքում:
 
Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականը այս բանաձեւը նկատում էր հայկական Սփյուռքի կազմակերպած խաղը. պատասխանը եկավ Երեւանից, հանրապետության նախագահից: Նախագահ Սարգսյանն այս առիթով ԵՄ-Անկարա համաձայնագիրը բնութագրել ավազի վրա կառուցված էր : Պարզ է թեմայի արծարծման շարժառիթը: Գերմանիան ղեկավարում է ԵՄ-ն: Նման համաձայնություն կյանքի կոչելու համար ճնշումներ կբանեցվեն Բեռլինի վրա։
 
Նման համաձայնություններ չգործարկելու համար արգելակիչ թղթածրարներ են պետք: Բայց այս խաղը արդեն ո՜չ հայկական Սփյուռքի ո՜չ էլ Երեւանի կազմակերպածն է: Այդ խաղը ԵՄ-Անկարա հարաբերությունների պարանաձգությանն է վերաբերում։
 
Բայց Գերմանիան խաղի կանոնների նկատառումներից բացի, քաղաքական հետեւողականություն պահելու խնդիր ունի. նկատի ունենք Բունդեսթագի նախկին քվեարկությունը, երկրի եւ խորհրդարանի նախագահների կատարած հայտարարությունների համահնչեղությունը:
 
 
 
 
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Նոյյան տապան  -   Վերլուծություն