Բարոյական եւ քաղաքական շարժառիթները. Շահան Գանտահարյան


Բարոյական եւ քաղաքական շարժառիթները. Շահան Գանտահարյան

  • 07-06-2016 14:10:17   | Լիբանան  |  Վերլուծություն

Գերմանական Բունդեսթագի բանաձեւի քվեարկության շարժառիթային գործոնները լուսաբանելու փորձը կենտրոնանում է տարբեր հանգամանքների վրա:
 
Նախ, իհարկե այն, որ Գերմանիան պետք էր հետեւողականություն ցույց տար սկսված գործընթացին եւ անպայման նկատի ունենար Բունդեսթագի նախկին քննարկումները, երկրի նախագահի, խորհրդարանի նախագահի կատարած հայտարարությունները, որոնք քաղաքական ենթահող էին նախապատրաստել նման քվեարկություն կայացնելու համար։
 
Երկրորդ, ուշադրություն է գրավում այն, որ բանաձեւի խորագրային բաժինը խոսում է Հայոց եւ օսմանյան կայսրության տարածքում ապրած քրիստոնյա փոքրամասնությունների մասին: Շվեդիայից, Հունաստանից եւ Հայաստանի Հանրապետությունից հետո, Գերմանիան դարձավ չորրորդ երկիրը, որը ճանաչում է քրիստոնյա մյուս ազգաբնակչությունների բնաջնջման քաղաքականությունը իբրեւ ցեղասպանական արարք: Այստեղ տարբեր տեղեր երեւացին նաեւ Բունդեսթագի կրած հզոր ազդեցությունը մի տարի առաջ Վատիկանում Ֆրանցիսկոս պապի կատարած հայտարարություններից: Բունդեսթագում կաթոլիկ երեսփոխանների թիվը նկատառելի է եւ դրանց դիրքորոշումը մեկնաբանվում է նաեւ այս հանգամանքով: 
 
Լուսարձակ կենտրոնացրեց նաեւ ծագումով թուրք (կամ Թուրքիայից եկած եւ գուցե այլ ծագում ունեցող) Գերմանիայի քաղաքացի օրենսդիրների աշխույժ դիրքորոշումը այս բանաձեւի քննարկման եւ քվեարկության ընթացքում: 
 
Մեկնաբանությունները իրավամբ նկատի ունեցան նաեւ սեփական պատմության հետ առերեսվելու գերմանական ավանդական փորձառությունը եւ Գերմանիայի դեպքում համազգային բարդույթը ցեղասպանություն գործադրած լինելու , ներողություն խնդրելու եւ հատուցելու: Փաստորեն, Բունդեսթագի նախկին բանաձեւը առանց ուղղակի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը խոսում էր ջարդերին եւ տեղահանություններին գերմանական մասնակցության եւ մեղսակցության իրականության մասին:
 
Այս բոլորը պարզապես արագ նշումներ են եւ բանաձեւի ազդեցության հզորությունը եւ Անկարայի ցուցադրած ջղաձգությունները ընդգծում են Բունդեսթագի ձեռնարկած  քայլի իրադրային նշանակությունը: Նշված հանգամանքները սակայն, առաւելաբար հետեւողականության, համագերմանական բարդույթի, Վատիկանի ազդեցության տակ` վերաբերում են կրոնական ներշնչանքին: Այդ բոլոըը կան. զուտ քաղաքական տրամաբանությունը սակայն հուշում է, որ հարցը նաեւ պետք է փորձել դիտարկել Բեռլին-Անկարա լարված հարաբերությունների շրջանակներում` Գերմանիան իբրեւ ԵՄ-ն ղեկավարող ուժ եւ Անկարան, իբրեւ ԵՄ-ի հետ շանտաժի լեզվով խոսող պետություն: Ահա այստեղ ավելի  է իմաստավորվում ժամանակի ընտրությունը. անցյալ տարի Բունդեսթագի քննարկումներն ու նախագահի եւ խորհրդարանի նախագահի հայտարարությունները Թուրքիային ուղղված դեղին քարտն էին: Նախազգուշացնում էին ԵՄ-ի  հետ հարաբերությունների ընթացքը փոխելու, հատկապես գաղթականների հոսքը Եւրոպա ուղարկելով բյուջետային աստղաբաշխական հաշիվներ ներկայացնելու շանտաժային քաղաքականության առումով:
 
Այլապես, անցյալ տարի 100-ամյակի առիթով բոլոր բարոյական նշված պատճառները կային Բունդեսթագի որոշման համար, մեղսակցությունն ընդունելուն եւ Վատիկանի կոչին ընդառաջ շարժվելուն:
 
Թվում է, որ Անկարան լավ գիտակցել է քաղաքական ա՜յս շարժառիթը: Եւ իհարկե պատահական չէ, որ Գերմանիայի որոշման առիթով Թուրքիայի նախագահը հավասարապես մեղադրանքներ է տեղում թե՜ Բեռլինի եւ թե՜ Փարիզի վրա: Այլ խոսքով, ԵՄ-Անկարա հարաբերություններն եղանակ ճշտող հիմնական ուժերի վրա:
 
Գերմանիան ու Ֆրանսիան ցեղասպանություն գործած լինելու հանցանքով Թուրքիայի նախագահի հետեւյալ հայտարարությունը բովանդակային առումով կարող է լուրջ չընկալվել. «Ո՞վ է կանգնած Ռուանդայի կոտորածների հետեւու՞մ: Սակայն այդ մասին ընդունված չի խոսել»- ասել ե Էրդողանը: Մեկնաբանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձեւը` Էրդողանը հայտարարել ե, որ Գերմանիան, բացի հոլոքոսթից, մեղավոր ե նաեւ Նամիբիայի 100 հազար բնակչի սպանության մեջ:
 
Գերմանիայի վարչապետը մեկնաբանելով Բունդեսթագի որոշումն ու Էրդողանի սպառնալիքները ընդգծել էր, որ Անկարան պետք է ընդունի եւ կիրառի եւրոպական չափանիշերը: Այստեղ արդեն հետզհետե ավելի պարզ է դառնում, որ եւրոպական չափանիշների մեջ է ներառվում նաեւ պատմության հետ առերեսվելը, այլ խոսքով Ցեղասպանությունը ընդունելը:
 
Դեպի վիզային ռեժիմի վերացում եւ ինտեգրման ուղղությամբ նկատի առնված այլ հեշտացումներն Անկարայի առաջ այս ձեւով արգելքներ են դրվում: Արգելակողները Բեռլինն ուՓարիզն են հիմնականում եւ չի բացառվում, որ Փարիզը հարմար ժամանակին օրակարգի կետի վերածի ժխտողականության քրեականացման հարցը: 
 
Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ որքան լարվեն ԵՄ-Անկարա հարաբերությունները, այնքան առավելություններ կապահովեն Ցեղասպանության համաեւրոպական ճանաչման համար: ԵՄ-ին ուղղված թուրքական հերթական շանտաժի դիմաց հայկական կողմը պետք է աշխատանք տանի, որ ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած Բեռլինը ա՜յս հարթության վրա եւս կարեւոր քայլ կատարի Բաքու-Անկարա դաշինքի ուղղությամբ, այս անգամ առերեսվելով ոչ թե սեփական պատմության հետ, այլ` ժամանակակից ռազմաքաղաքական գործընթացների, որոնց կարգավորման համար ընդհանուր միջնորդական պատասխանատվություն է ստանձնել:
 
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն