Արցախում կոնֆլիկտները թեժացնելու միակ շահագրգիռ կողմը Ռուսաստանն է


Արցախում կոնֆլիկտները թեժացնելու միակ շահագրգիռ կողմը Ռուսաստանն է

  • 09-06-2016 18:38:54   | Հայաստան  |  Վերլուծություն
lragir.am. Մայիսի 17-ին հունական Սալոնիկ քաղաքում պաշտոնական արարողակարգով սկիզբ դրվեց տրանսադրիատիկ գազատարի կառուցմանը, որը տրանսատլանտիկ գազատարը միացնելով Իտալական Բրինդիզի քաղաքին՝  սկսած 2020 թվականից, տարեկան 10-20 մլրդ խմ ադրբեջանական գազ կմատակարարի Եվրոպային:
 
Արարողությանը ներկա էին Եվրամիության, ԱՄՆ պետդեպարտամենտի, ինչպես նաև Հունաստանի, Թուրքիայի,  Ալբանիայի, Իտալիայի,  Բուլղարիայի բարձրաստիճան պաշտոնյաներ: Հնչեց ԱՄՆ պետքարտուղար Ջ.Քերիի ողջույնի խոսքը, որում շեշտվում էր Եվրոպայի համար այդ  նախագծի խիստ պատմական նշանակությունը:
Տրանսադրիատիկ գազատարի նախագծի մասին առաջին անգամ հայտարարվել էր 2013-ի հունիսի 28- ին, երբ Նաբուկո նախագիծը, որը նույնպես ադրբեջանական և թուրքմենական գազը պետք է հասցներ Եվրոպա, գնահատվեց որպես տնտեսապես ոչ շահավետ:
Եվ ահա, երեք տարի անց՝ արցախյան քառօրյա պատերազմից երկու ամիս հետո պաշտոնապես սկսվում է գազատարի կառուցումը, կարծես թե ցուցադրաբար ապացուցելով, որ տարածաշրջանի քաղաքական կայունությունը վերահսկողության տակ է: Բայց ո՞ւմ վերահսկողության:
Այստեղ պետք է մանրամասն հասկանալ, թե ով ինչ քաղաքական և տնտեսական հաշվարկներ է կատարել, վերջապես ում կողմից է նախաձեռնվել գազատարի նախագիծը և ինչ հարցեր է լուծում նրա կառուցումը: Ո՞ւմ է ավելի շատ պետք տրանսադրիատիկ գազատարը՝ Թուրքիային ու Ադրբեջանի՞ն, թե Եվրոպային: Արդյոք կարող էին Ադրբեջանն ու Թուրքիան նախաձեռնել այդ նախագիծն ինքնուրույն և գեներացնել եվրոպական շահեր, թե Ադրբեջանի բախտը բերել է ընդամենը Եվրոպական շահերի հետևանքով:
Հատկանշական է, որ գազատարի կառուցմանը Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկը հատկացրել է 1,5 մլրդ եվրո, ինչն ամբողջ նախագծի արժեքի քառորդ մասն է: Սա փոքր ներդրում չէ և խոսում է Եվրոպայի կողմից քաղաքական շահագրգռվածության հնարավոր տարրերի մասին:
Այդ շահագրգռվածության մեկ այլ ապացույց կարող է լինել նաև այն փաստը, որ տրանսադրիատիկ գազատարի նախագիծը փաստացի հանդիսանում է Նաբուկո- ի կրճատված տարբերակը, ինչը հստակ հայտարարված քաղաքական նախագիծ էր՝ ապահովել Եվրոպայի գազամատակարարումը՝ ազտավելով ռուսական գազի կախվածությունից:
Փաստորեն սառեցնելով Նաբուկոն, Արևմուտքը հավանաբար հույս ուներ Ռուսաստանի նկատմամբ քաղաքական հաղթանակներ տանել այլ մեխանիզմներ օգտագործելով: Բայց ակնհայտ է, որ Ռուսաստանում կոռումպացված իշխանությունը շատ ավելի հզոր տնտեսական թիկունք ունի, քան խորհրդային իշխանության օրոք էր, և այն գործիքները, որոնք օգտագործվեցին խորհրդային իշխանությունը տապալելու համար (ռուս ժողովրդի ընդվզումն ու աջակցությունը) այլևս չեն աշխատում:
Բացի այդ, Ռուսաստանի և Արևմուտքի միջև 25 տարվա տնտեսական ինտեգրումը մասնավոր հատվածում՝ ստեղծել է լուրջ լրացուցիչ դժվարություններ՝ դասական տնտեսական պատժամիջոցների մեխանիզմները քաղաքական մանևրումներում լիարժեք կիրառելու համար: Արևմուտքը հասկացավ, որ էնրգետիկ ռեսուրսների վաճառքով պետական բյուջեն ապահովող պետության վրա քաղաքական վերահսկողություն կարելի է սահմանել միմիայն այդ վաճառքի փականը փակելու ճանապարհով:
Արդյոք արցախյան քառօրյա պատերազմը որևէ կերպ ազդեց՝ արագացնելու համար Նաբուկո- ի վերակենդանացումը տրանսադրիատիկ գազատարի տեսքով՝ դժվար է ասել, բայց չի բացառվում, որ Արևմուտքը հասկացավ Ադրբեջանի կորստի հետևանքները:
Ռուսաստանի ակտիվ գործողությունները՝ Ադրբեջանին “քաղաքական ապաստան” տալու գործում, հնարավոր է սթափեցրին Արևմուտքին, ով “նեղացրել էր” նրան՝ սառեցնելով Նաբուկոն և խառնել Ադրբեջանի տնտեսական ու աշխարհքաղաքական պլանները: Եվ ահա Եվրոպան Ադրբեջանի պորտալարի ծայրն իր ձեռքն է առնում՝ նրան “արյուն” մատակարարելու  հստակ պլանով, իհարկե ոչ այն ծավալներով, ինչը նախատեսվել էր նախկինում (Նաբուկո-ն նախատեսում էր 30 մլրդ. խ.մ տարեկան):
Ի՞նչ հաշվարկներ է արել արևմուտքը, ի՞նչ հաշվարկներ է արել Ադրբեջանը, ի՞նչ քայլեր կձեռնարկի Ռուսաստանը, ով հստակ ընկալում է, որ գազատարի այս գրեթե հապճեպ նախաձռնությունը Ադրբեջանին իր “ձեռքից խլելու” փորձ է:
Այս ընկալման արդյունքում Ռուսաստանը կարծես թե փորձեր է անում “տաքացնելու” Հայաստանի հետ փչացրած հարաբերությունները, բայց հայտնի չէ, թե դրան հասնելու համար ինչ մարտավարություն կընտրի: Բանն այն է, որ զոհեր տված ու տարածք զիջած հայ հանրությանն այլևս նախկին դասական կոպիտ մեթոդներով հնարավոր չի լինի որևէ բանում շահագրգռել, և Ռուսաստանը ստիպված պիտի լինի բավարարել հայ հանրության արդեն շատ ավելի մեծ հավակնություններն ու շահերը, որոնց ձևակերպումներն օր օրի հստակեցվում են և ազդում պետական արտաքին քաղաքական պաշտոնական ձևակերպումների վրա:
Տրանսադրիատիկ գազատարի նախագիծն, անկախ այն բանից, թե ով է նախաձեռնողը, Ադրբեջանին ու Թուրքիային առիթ է տվել ապացուցելու, որ տարածաշրջանի քաղաքական զարգացումներն իրենց վերահսկողության տակ են, որ կան քաղաքական կայունությունն ապահովող երկարատև պայմաններ, և իրենք կարող են ոչ միայն սեփական  խոշոր տնտեսական ներդրումներ անել, այլ նաև ներգրավել եվրոպական խոշոր ընկերությունների:
Բանն այն է, որ նախագծի արժեքը մոտ 6 մլրդ եվրո է (ամբողջ գազատարինը մինչ Բաքու՝ մոտ 45 մլրդ. դոլար է), որի մասնաբաժինները բաժանված են իտալական, շվեյցարական, բելգիական, իսպանական, ադրբեջանական խոշոր ընկերությունների միջև: Նման դիվերսիֆիկացիան Ադրբեջանի ու Թուրքիայի համար ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական խնդիրներ է լուծելու: Կարելի է ենթադրել, որ հենց քաղաքական խնդիրներն են հիմնական նպատակը, մանավանդ որ գազատարի ոչ այնքան մեծ թողունակության պայմաններում տնտեսական էֆեկտիվությունն ու եկամտաբերությունն առանձնապես բարձր չէ, իսկ ներդրումների վերադարձելիությունը տասնյակ տարիների կհասնի:
Շահդենիզ հանքավայրը, որը մատակարարելու է գազատարին, ունի բնական գազի հաստատված 1,2 տրիլիոն խմ պաշարներ, այսինքն մատակարարվող ծավալների անփոփոխ պայմաններում ավելի քան 70 տարի կարող է բնական գազ մատակարարել Եվրոպային: Այս երկարաժամկետ և մեծածավալ թվերն են, որ Ադրբեջանին ու Թուրքիային հնարավորություն են տալիս “վստահության խաղեր”-ի մեջ ներքաշել եվրոպական տնտեսա-քաղաքական  շրջանակներին:
Հատուկ ուսումնասիրության նյութ է այն, թե որքանով է այդ վստահությունն իրական և որքանով ձևական, բայց այն փաստը, որ այդ խաղերին ակտիվորեն մասնակից են Թուրքիայի հետ մեղմ ասած քաղաքական տարաձայնություններ ունեցող Եվրոպական երկրները՝ Հունաստանը, Բուլղարիան, Իտալիան, տեղիք է տալիս մտածելու նրանց  իրական տնտեսաքաղաքական շահերի շուրջ:
Տրանսադրիատիկ գազատարի կառուցումը թույլ է տալիս ենթադրել, որ մինչև 2020 թվականը Արևմուտքը, Թուրքիան և Ադրբեջանը հետևելու են տարածաշրջանում կոնֆլիկտները չթեժացնելու քաղաքականությանը: Այդ քաղաքականությունն ուղղված է Ադրբեջանին արևմուտք “վերադարձնելու” նպատակին, որը ոչ թե նրա նկատմամբ դաշնակցային պարտավորվածություն է, այլ ընդամենը՝ Ռուսաստանին խորը ճգնաժամի և մեկուսացման մեջ գցելու մեխանիզմ:
Տարածաշրջանում և հատկապես Արցախում կոնֆլիկտները թեժացնելու միակ շահագրգիռ կողմը Ռուսաստանն է, ով եթե դասեր չի քաղել քառօրյա պատերազմից, ապա կույր քայլերով կշարունակի փորձել տապալել ամեն մի նախաձեռնություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն