Հայաստանը շահ չէ, այլ շահում. Մեկնաբան


Հայաստանը շահ չէ, այլ շահում. Մեկնաբան

  • 10-06-2016 16:59:59   | Հայաստան  |  Վերլուծություն
Հետաքրքիր է հայ-ռուսական միասնական, թե միավորված ՀՕՊ համակարգի ստեղծման հարցում Ադրբեջանի լռությունը:
 
Հետաքրքիր է հատկապես այն ֆոնին, որ երբ Ռուսաստանը իր պաշտոնական մեդիայով բացահայտեց Հայաստանին մատակարարվելիք 200 միլիոն դոլարի արդիական սպառազինության ցանկը, անմիջապես հետեւեց Ադրբեջանի պաշտոնական բողոքը ՌԴ ԱԳՆ, պահանջով, որ Ռուսաստանը երաշխավորի այդ զենքն Ադրբեջանի դեմ չկիրառելը:
Ինչպես հետո պարզվեց, եւ պարզվում է մինչ այժմ, ՌԴ-ն տվել է այդ երաշխիքը՝ սպառազինությունը պարզապես չմատակարարելով Հայաստան: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը պաշտոնապես Ադրբեջանին խնդրում էր ըմբռնումով մոտենալ Հայաստանին զենք վաճառելուն:
Ի դեպ, երբ Ռուսաստանը բազմապատիկ ավելի մեծ ծավալի եւ մահաբերության զենք է վաճառում Ադրբեջանին, Հայաստանին չի տալիս այդօրինակ քաղաքավարի բացատրություն կամ պարզաբանում, այլ արժանացնում է ընդամենն արհամարհական մի պատասխանի՝ որ դա բիզնես է:
Թեեւ, Հայաստանը խոշոր հաշվով պատասխան չի էլ պահանջում, այլ ընդամենը տրտնջում է:
Ինչու՞ Ադրբեջանը, որ անմիջապես բողոքեց Հայաստանին մատակարարվելիք սպառազինության ցանկի հրապարակումից հետո, որեւէ մտահոգություն կամ դժգոհություն չի հայտնել հայ-ռուսական ՀՕՊ համակարգի կապակցությամբ:
Ավելին, երբ Հայաստանում օրակարգային է դարձել այդ համաձայնագիրը եւ ներկայացվել ԱԺ վավերացմանը, Ադրբեջանի նախագահ Ալիեւը Բեռլինում հրապարակավ հայտարարում է, թե Հայաստանին ռուսական զենքի վաճառքը չի նյարդայնացնում իրենց:
Տրամաբանությունը հուշում է, որ եթե հայ-ռուսական համատեղ՝ միասնական, թե միավորված ՀՕՊ-ն ուժեղացնում է Հայաստանի հակաօդային պաշտպանունակությունը, ապա Բաքուն պետք է մտահոգվի դրանից, քանի որ զուտ տեխնիկապես Հայաստանի համար տեսանելի է դառնում Ադրբեջանի ամբողջ երկինքը եւ Հայաստանն այդ առումով զգալի առավելություն է ստանում Բաքվի հանդեպ:
Ինչու՞ էր Բաքուն այդպես անհանգստացած սպառազինության հարցում, եւ այդքան հանգիստ է ՀՕՊ հարցում: Արդյոք Ռուսաստանը երաշխիքներն այս անգամ տվել է մինչեւ Բաքվի պահանջելը, թե՞ Ռուսաստանը Բաքվին պարզապես առանց համատեղ ՀՕՊ-ի կտա այն տվյալները, որոնք Հայաստանին տրամադրելու կամ հասանելի է դարձնելու համատեղ ՀՕՊ համաձայնագրով:
Մյուս կողմից, դատելով ռուս-ադրբեջանական հարաբերության բնույթից, վերջին տասնամյակի ընթացքում դրա դինամիկ խորացումից, Բաքվի համար ռուսական երաշխիքը այն է, որ Մոսկվան հնարավորինս մեծ իրավա-քաղաքական ազդեցություն ունենա Հայաստանի գործերում, Հայաստանի համար կարեւոր որոշումներում ունենա հնարավորինս մեծ մասնակցության իրավունք: Այդ իրավունքը Ռուսաստանը բնականաբար ծառայեցնելու է իր շահին, իսկ Ադրբեջանը հռչակված է ռուսական ռազմավարական շահ:
Թվում է, թե շահ է նաեւ Հայաստանը: Բայց, Հայաստանը շահ չէ, այլ շահում, որն արդեն Ռուսաստանի գրպանում է: Համենայն դեպս, ելնելով Հայաստանի իշխանության ու քաղաքական դասի ճնշող մեծամասնության պահվածքից: Այդ իրավիճակում, Հայաստանը շահում է, որը պետք է ծառայի շահին: Իսկ հայտարարված շահն Ադրբեջանն է:
Սպառազինության դեպքում Ռուսաստանը Հայաստանին տալիս է կոնկրետ զենք, որը կիրառելու են հայ զինվորականները: ՀՕՊ դեպքում Ռուսաստանը Հայաստանից վերցնում է՝ ՀՕՊ համակարգի կառավարման հնարավորություն է վերցնում, ավելի շատ, քան ուներ: Հետեւաբար, ի տարբերություն սպառազինության, որը Ռուսաստանից տեղափոխվելով Հայաստան դառնում է հայկական, ՀՕՊ դեպքում հայկական առանց այդ էլ ռուսական զգալի մասնակցությամբ համակարգը դառնում է ավելի ռուսական:
Ընդ որում, երաշխիքն այստեղ ունի նաեւ քաղաքական բաղադրիչ: Բանն այն է, որ ընդհանուր առմամբ միանգամայն ընդունելի զարգացում է, երբ պետությունն իր հակաօդային պաշտպանության համակարգը ամրացնում, ուժեղացնում է այլ՝ ավելի մեծ ռեսուրսներ ունեցող պետության, առավել եւս դաշնակից համարվող պետության հետ գործակցված: Բայց, դա ընդունելի է քաղաքական սուբյեկտության եւ ինքնիշխանության պարագայում, երբ այդ պետությունների միջեւ հարաբերությունը հորիզոնական է, ոչ թե ուղղահայաց:
Ապրիլի պատերազմից հետո ՀՕՊ մասին այդ համաձայնագրի հայտնվելը Հայաստանի օրակարգում, խոսում է սուբյեկտության եւ ինքնիշխանության բացակայության մասին: Որովհետեւ, ապրիլի պատերազմից հետո Հայաստանը «դաշնակից» Ռուսաստանից նախ պետք է ստանար հակադաշնակցային քաղաքականության վերաբերյալ անհրաժեշտ սպառիչ պատասխանները, հետո խոստացված 200 միլիոն դոլարի սպառազինությունը, եւ հետո նոր միայն քննարկեր որեւէ այլ համատեղ ռազմա-քաղաքական ծրագրի ճակատագիր:
Հայաստանի համար ապրիլի պատերազմը պետք է լիներ այն մեկնակետը, որը գոնե պետք է դառնար Ռուսաստանի հետ անարժանապատիվ բնույթի հարաբերությունը վերանայելու առիթ, որպեսզի այդ միջոցով Հայաստանի շահին սկսեին ծառայել նախ մինչ այդ եղած հայ-ռուսական ծրագրերը, որոնք թղթով իբրեւ թե բխում են Հայաստանի շահից, բայց իրականում չեզոքացնում են Հայաստանի շահը:
Մինչդեռ, պատասխաններ չկան, սպառազինություն շարունակում է չլինել, եւ ավելին՝ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարի կամա թե ակամա խոստովանությամբ պարզվում է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջ պայման է դրել՝ զենքը կստանանք, եթե ստորագրենք ՀՕՊ համակարգը: Դա ինքնին արդեն վկայում է, որ Հայաստանը ՌԴ իշխանության հերթական ռազմա-քաղաքական նախագծին միանում է շանտաժով, այսինքն ստիպված: Այդպիսով ակնհայտ է, որ Հայաստանը կայացնում է հերթական ոչ ինքնիշխան որոշումը, որը վկայում է սուբյեկտության բացակակության մասին:
Այդ դեպքում, Հայաստանի ռազմա-քաղաքական ունակությունների հանդեպ ՌԴ իշխանության իրավական հասանելիության որեւէ ընդլայնում Հայաստանի համար դառնում է վտանգավոր:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն