«Մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստանալը հանցագործություն չի».Արամ Աբրահամյան


«Մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստանալը հանցագործություն չի».Արամ Աբրահամյան

  • 13-06-2016 12:48:06   | Հայաստան  |  Վերլուծություն

«Առավոտ».Երբ մի քանի տարի առաջ կառավարությունն առաջ քաշեց պարտադիր կուտակային թոշակի գաղափարը, դրա դեմ դուրս եկան առաջին հերթին IT ոլորտում աշխատող երիտասարդները:
 
Ինչո՞ւ հենց նրանք: Որովհետեւ այդ ձեռնարկությունների մեծ մասն աշխատում է արտասահմանյան կապիտալով, բիզնեսի բարձր մշակույթով, որտեղ բացառված է «սեւ նալը», եւ որտեղ ամբողջ աշխատավարձը «սպիտակ» է: Եվ եթե ծրագրավորողը ստանում է, ենթադրենք, 1 միլիոն դրամ «սպիտակ», օրինականորեն հարկվող աշխատավարձ, նա, բնականաբար, կհուզվի, երբ բացի հարկերից՝ իրենից բռնագանձեն եւս 25 հազար դրամ: Մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստանալը հանցագործություն չի, շքեղություն չի, եւ եթե մարդը մուծում է օրենքով պահանջվող եկամտային հարկը, նա կարող է գլուխը բարձր քայլել ու առանց ամաչելու նայել իր համաքաղաքացիների աչքերին: Որքան շատ լինեն այդպիսի մարդիկ, այնքան լավ պետության համար: Բայց կառավարությունը որոշել է ազնվության համար պատժել այդ աշխատակիցներին եւ նրանց գործատուներին եւ լավագույն դեպքում մղել նրանց ստվերային դաշտ, իսկ վատագույն դեպքում՝ ասպարեզում թողնել միայն փնթի, ոչ քաղաքակիրթ եւ զուտ ստվերային բիզնեսները: Այդպիսին է առաջարկվող Հարկային նոր օրենսգրքի տրամաբանությունը: Ազնիվ, բարեխիղճ հարկատուներին պատժելը եւ եկամուտները ծածկողներին, այսինքն՝ թոշակառուներից, ուսուցիչներից, բժիշկներից, բանակից գողացողներին խրախուսելը, չգիտես ինչու, կոչվում է «սոցիալական արդարություն» եւ «աջակցություն միջին խավին»: Իրականում դա ուղիղ ճանապարհ է միջին խավը չքավոր խավ դարձնելու ճանապարհին: Եթե մարդը ստանում է ամիսը մեկ, թեկուզ երկու կամ երեք միլիոն դրամ աշխատավարձ եւ մուծում է հարկերը, նա, միեւնույն է՝ կմնա միջին խավ: Այո, նա չի ամաչի աշխատանքից տուն գալ, ընտանիքը կուշտ եւ հագնված կլինի, բայց որեւէ «ավելորդություն» նա իրեն, միեւնույն է, չի կարողանա թույլ տալ: Իսկ «բարձր խավը» Հայաստանում այն մի քանի տասնյակ ընտանիքներն են, որոնք ստանում են ամիսը հարյուր հազարավոր դոլար եկամուտ, բայց մուծում են նույնքան հարկեր, որքան մուծում են միջին եւ չքավոր խավի ներկայացուցիչները: Եթե կառավարությունն իսկապես ուզում է բարելավել մինչեւ 200 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդկանց նյութական վիճակը, ապա նա պիտի ոչ թե փորձի գումարներ խլել բարեխիղճ հարկատուներից, այլ կազմակերպի վերոհիշյալ մի քանի տասնյակ ընտանիքներից նորմալ, օրինական հարկահանություն, եւ ամեն ինչ տեղը կընկնի: Թե՞ ոմանց ձեռնտու է, որ բոլոր գործարարները ներգրավված լինեն «սեւ» կամ «գորշ» սխեմաների մեջ: Այդպես ավելի՞ վերահսկելի են: …1917 թվականին բոլշեւիկյան հեղաշրջման ժամանակ դեկաբրիստի ազնվական թոռը հարցնում է իր որդուն՝ ի՞նչ են ուզում փողոցներում խժդժություններ կազմակերպող բոլշեւիկները: «Նրանք ուզում են, որ մեր երկրում հարուստներ չլինեն»,- պատասխանում է տղան: «Տարօրինակ է,- տարակուսում է ազնվականը,- իսկ պապս ուզում էր, որ չլինեն աղքատներ»:
 
Արամ Աբրահամյան 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play