Ահաբեկչության տեսություն և պրակտիկա. առասպելների հերքում


Ահաբեկչության տեսություն և պրակտիկա. առասպելների հերքում

  • 13-06-2016 13:53:39   | Հայաստան  |  Վերլուծություն

«Ահաբեկչությունը կտարածվի, եթե այդ մասին չբարձրաձայնվի»,- ասել է կանանց կրթության պակիստանցի ակտիվիստ և նոբելյան ամենաերիտասարդ մրցանակակիր Մալալա Յուսաֆզայը:
 
Բրյուսելը և Փարիզը, այսօր էլ ԱՄՆ-ը ահաբեկչության՝  որպես վտանգավոր սպառնալիքի ցայտուն օրինակներ դարձան: ԱՄՆ պետդեպարտամենտի տվյալների համաձայն՝ 2014թ. գրանցվել են առավել քան  30.000 մահվան ելքով 13.000-ից ավելի ահաբեկչական հարձակումներ: Առավել տուժած երկրների թվում են Իրաքը, Աֆղանստանը և Պակիստանը՝ ավելի քան 16.000 մահվան ելքով, որը կազմում է համաշխարհային ցուցանիշի կեսը: Աշխարհը դարձել է համախմբված սարսափելի երևույթի դեմ և առավել քան վճռական՝ գործողություններ իրականացնելիս: 
Ահաբեկչության պատմության հիմնական ուղին սկսվում է 1880թ.՝ անարխիստներ անվանումով առաջին ահաբեկչական թևի ի հայտ գալով: 1920-ականներին նախաձեռնվեց հակագաղութային ալիքը, որն այնուհետև փոխարինվեց նոր՝ ձախ ալիքով, դրանից հետո էլ՝ 1979թ. սկիզբ առած կրոնական ալիքով: Չնայած «ահաբեկչություն» երևույթի բավականին հարուստ պատմությանը՝ դեռ չկա միասնական ընդունելի սահմանում, որը կբացահայտի նրա ամբողջ էությունը: Ինչու՞: 
Նախ, ահաբեկչությունը «վիճարկելի հայեցակարգ» է: Սա նշանակում է, որ մեկի ահաբեկիչը մյուսի ազատամարտիկն է: Ասվածի վառ օրինակներն են Աբդուլլահ Օջալանը և Յասեր Արաֆաթը, ով Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) նախագահն է: Այն մինչև 1991թ. Մադրիդյան կոնֆերանսը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն: Միևնույն ժամանակ Յասեր Արաֆաթը Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի շնորհիվ 1994թ.-ից նոբելյան մրցանակակիր է: Աբդուլլահ Օջալանը Քրդական բանվորական կուսակցության նախագահն է, ում կուսակցությունը ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն, իսկ միլիոնավոր քրդերի կողմից՝ քաղաքական ներկայացուցիչ՝ դառնալով մշակութային և ժողովրդավարական պայքարի առաջամարտիկ: Ահաբեկչության  միասնական ձևակերպման առկայության մեկ այլ խոչընդոտ է այն փաստը, որ այն իր գոյության ավելի քան 200 տարիների ընթացքում շատ է փոփոխվել և դեռ շարունակում է զարգանալ: Եվ չնայած առկա են որոշ առանցքային հայեցակարգեր և սկզբունքներ, որոնք տասնամյակներ շարունակ փոփոխության չեն ենթարկվել, առաջ են եկել բազմաթիվ տեսակներ, կիրառվել են նոր մեթոդներ և գործիքներ այնպես, որ աշխարհը միշտ զարմացել է ինչ-որ նորով և անսպասելիով։ 
Ահաբեկիչները ցանկանում են տարածել վախի, այլ ոչ թե մահվան բարձր մակարդակ: Այս հայեցակարգն առաջին անգամ 1975թ., առաջարկել է Բրայան Ջենքինսը: Ահաբեկիչների թիրախը նրանք չեն, ովքեր մահանում են, այլ նրանք, ովքեր ապրում են: Լրատվամիջոցների ի հայտ գալով ահաբեկիչներին իրենց սխրանքների մասին բարձրաձայնելու, վախ տարածելու, բոլորին հեշտությամբ հաջորդը լինելու սպասմամբ վարակելու անփոխարինելի հնարավորություն ընձեռնվեց: Բրյուսելում և Փարիզում տեղի ունեցած հարձակումները համարձակ վկայություն էին այն մասին, որ նույնիսկ ամենահզոր և ամենաապահով Եվրոպան կարող է ոչնչացվել մեկ րոպեում, իսկ ԵՄ քաղաքացիները խոցելի են, ինչպես երբևէ:
Իրավացիորեն պետք է ընդունել, որ մենք նրանց մեծ հեղինակություն և կարևորություն ենք տալիս, երբ ահաբեկչությունը ներկայացնում ենք որպես մի անլուծելի խնդիր՝ տարածելով վախի ու անվստահության մթնոլորտ: Որոշ մարդիկ վստահ են, որ ահաբեկչությունը դառնում է առավել հակաարևմտյան, մահաբեր և հաջողված:  Ճի՞շտ են արդյոք այս կարծիքները, կամ մի՞գուցե դրանք վախի և հուսահատության արդյունք են: Իրականությունն առավել լավ հասկանալու համար կփորձենք դիտարկել ահաբեկչության էվոլյուցիան՝ ակադեմիական, էմպիրիկ և պատմական վկայություններով:
 
Առասպել 1. Ահաբեկչությունը դարձել է ավելի հակաարևմտյան:
Նախ և առաջ հարկ է տարբերակել այդ հաստատման երկու հիմնական մոտեցումները․
Զոհերը և թիրախները հիմնականում արևմուտքի՞ց են: 
Արդյո՞ք ահաբեկիչների կողմից կիրառվող քարոզչությունը հակաարևմտյան է: 
Ինչու՞ է կարևոր այս առասպելի ուսումնասիրությունը: Նախ, եթե այս հիպոթեզը հաստատվի, ապա ահաբեկչությունը կվերածվի արևելքի ու արևմուտքի, քրիստոնեության և մահմեդականության միջև պայքարի: Երկրորդ, եթե ապացուցենք, որ ահաբեկչությունը թիրախավորել է արևմուտքը, ապա արդյունքում հակաահաբեկչական միջոցառումները կարող են դառնալ ավելի կենտրոնացված և արդյունավետ: 
«Այս պայքարում առաջնահերթություն պետք է տրվի անհավատներին՝ ամերիկացիներին և հրեաներին,  ովքեր չեն դադարեցրել իրենց անարդարությունները»,- հայտարարել է Բեն Լադենը, ինչն ուղղակի սպառնալիք և վերջնագիր է թվում արևմուտքի համար: Իսկ հիմա ուսումնասիրենք համապատասխան վիճակագրությունը։
2015թ. ահաբեկչության համաշխարհային ցուցանիշում նշվում է, որ «մահացությունների 78%-ը և հարձակումների 57%-ը արձանագրվել են հետևյալ 5 երկրներում՝ Աֆղանստան, Իրաք, Նիգերիա, Պակիստան և Սիրիա»,  որոնք ակնհայտորեն արևմտյան չեն: Մյուս կողմից, 2013թ. Եվրոպայում թվով 152 ահաբեկչությունների 55%-ն իրականացվել է ազգայնականների և անջատողականների կողմից: Ավելին, 2009-2013թթ. Եվրոպայում գրանցված ահաբեկչությունների ընդամենը 2%-ն է կրել կրոնական բնույթ: Այսպիսով, վստահությամբ կարող ենք ասել, որ չնայած քարոզչության հիմնականում հակաարևմտյան բնույթին, ահաբեկիչների շարունակական պնդումներին, թե իրենց գլխավոր թշնամին Եվրոպան և ԱՄՆ-ն են, թվերը ցույց են տալիս, որ Մերձավոր Արևելքը շարունակում է կրել ամենաշատ վնասները ահաբեկչությունից։
Ի վերջո,  կարող ենք պնդել, որ առասպելը հաստատվում է միայն մասնակիորեն։ 
 
Առասպել 2. Ահաբեկչությունը դարձել է ավելի մահաբեր:
Այս պնդումը դիտարկենք 2 տարբեր տեսանկյուններից.
Աճե՞լ է արդյոք մահացությունների թիվը: 
Աճե՞լ է մահացությունների թիվը մեկ ահաբեկչական գործողության համար։ 
Որտեղի՞ց է սկիզբ առնում այս հավաստումը: Նախ և առաջ չենք կարող հերքել, որ տեխնոլոգիաների և զինատեսակների զարգացումը իրագործելի է դարձնում վայրկյանների ընթացքում մեծ թվով մարդկանց ոչնչացումը: Երկրորդ, քաղաքական գործիչների և քաղաքագետների ելույթներն առավել սարսափեցնող և տագնապալի են դարձել: Օրինակ, ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեննին գերմանական «Շպիգել»-ին տված հարցազրույցում ասել է. 
«Ազգային անվտանգության տեսանկյունից մեզ սպառնացող թերևս ամենամեծ վտանգն ահաբեկչությունն է: Հաջորդ անգամ, երբ նրանք հարձակում գործեն Միացյալ Նահանգների դեմ, կունենան մահացու զինատեսակներ, ինչպիսիք սեպտեմբերի 11-ի (9/11) ժամանակ չկային, կունենան միջուկային զենք կամ որևէ կենսաբանական զենք, և մահացությունների թիվը կհասնի հարյուր հազարների»: 
Մյուս կողմից, 2006թ. ամերիկացի վերլուծաբան Բրայան Ջենքինսը վերաշարադրեց իր 1970թ. հայտարարությունը. «Ահաբեկիչներն ուզում են, որ շատ մարդիկ ականատես լինեն և վախենան, այլ ոչ թե մահանան»: Այպիսով, արդյո՞ք ահաբեկչությունը դարձել է ավելի մահաբեր:
« 9/11. տասը տարի անց» զեկույցը ցույց է տալիս, որ սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումների թիվը կտրուկ նվազել է` հիմնականում շնորհիվ խիստ կանոնակարգերի, թարմացված օրենսդրության, հետազոտական կենտրոնների ստեղծման և այլն: Սակայն, ինչպես արդեն նշվեց, ահաբեկչությունը զոհերի և թիրախների համատեքստում հիմնականում հակաարևմտյան չէ, իսկ իրավիճակն ԱՄՆ-ից և  Եվրոպայից դուրս իրականում շատ ավելի վատ է։
Անդրադառնալով այս առասպելի երկրորդ կետին` մեջբերենք Ջեյմս Պիացցայի կողմից 2009թ. գրված մի հոդված, որտեղ նա 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած համեմատում է ահաբեկչական գործողությունների զոհերի տվյալները: Այսպիսով, ուսումնասիրելով միջազգային ահաբեկչությունները՝  նա  ապացուցում է զոհերի թվի աճը: 1968-1979թթ. ցուցանիշները միջինում կրկնակիից մի փոքր ավելի էին յուրաքանչյուր հարձակման դեպքում՝ պայմանավորված թե՛ վիրավորների, և թե՛ մահացածների թվով: 1980-ականներին զոհերի թիվը համարյա հասնում էր 4-ի, իսկ 1990-ականներին աճում է՝ հասնելով 10-ի: Այս վիճակագրությունը հստակորեն ցույց է տալիս, որ մահացությունների թիվն իրոք կրկնապատկվել է: 
Ուստի հարց է առաջանում՝ կարելի՞ է արդյոք «հաղթել» ահաբեկչությունը: Արդյո՞ք ահաբեկչություն ասելով նկատի ունենք ահաբեկչություն երևու՞յթը, թե՞ առանձին խմբերի և անհատների: Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդը 2010թ. «CNN» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է. «Մենք երբեք չենք կարող ձերբազատվել ահաբեկչությունից, քանի որ աշխարհում միշտ էլ լինելու է չարը»: Այսպիսով, իսկապե՞ս ահաբեկչությունն անպարտելի է: Եթե այո, ապա մենք արդյո՞ք պետք է առավել կենտրոնանանք հետևանքի և վախի կառավարման վրա՝ ահաբեկչության կանխարգելման համար հսկայական ռեսուրսներ տրամադրելու փոխարեն:
Հարցին պատասխանելուց առաջ սահմանենք, թե այս համատեքստում ինչ է նշանակում «հաղթել»: Սեթ Ջոնսի և Մարթին Լիբիքի կողմից 2008թ. թողարկված «Ին՞չ ավարտ են ունենում ահաբեկչական խմբերը» հրապարակման մեջ հեղինակներն առանձնացնում են պարտվելու 4 հիմնական պատճառներ.
Տեղական հատուկ ծառայությունների և ոստիկանության գործողություններ, ինչը ցանկալի արդյունք է գրանցում դեպքերի 40%-ի դեպքում: Այն ներառում է գլխատում, հակաահաբեկչություն, գաղտնի գործողություններ և հատուկ գործակալությունների կողմից տվյալների հավաքագրում: 
Ռազմական ուժի գործադրում, ինչը ցանկալի արդյունք է գրանցում դեպքերի 7%-ի պարագայում: Նախ և առաջ, այն պահանջում է մարդկային և ֆինանսական մեծ ռեսուրսներ: Երկրորդ, ռազմական գործողությունների արդյունքում կարող են շատ քաղաքացիականներ մահանալ, ինչը կխորացնի բնակչության ատելությունն ամբողջ համակարգի նկատմամբ: 
Քաղաքական բանակցային գործընթացներում ներգրավվում, ինչն արդյունավետ է եղել 648 դեպքերից 43%-ի պարագայում:  
Հաղթանակ այն համատեքստում, որ այդ ահաբեկչական կազմակերպությունները հասել են իրենց քաղաքական նպատակին: Այս մեթոդն իրադարձությունների 10%-ի դեպքում հաղթանակելու «արդյունավետ» գործիք է հանդիսացել: Այս կետը հատկապես  նպաստում է այն գաղափարին, որ ահաբեկչությունը կարելի է հաջողված համարել:  
Անդրադառնանք վերոնշյալ հարցադրմանը՝ ահաբեկչություն ասելով նկատի ունենք ահաբեկչություն երևու՞յթը, թե՞ առանձին անհատներ կամ խմբեր: Ահաբեկչություն երևույթը երբեք հաղթելի չի լինի, չնայած մեզ կհաջողվի հաղթել որոշակի խմբերի, կազմակերպությունների կամ անհատների:
Ի վերջո, կցանկանայի՞ք ինքներդ ձեզ հարց ուղղել՝ որ՞ն է ահաբեկչության ապագան, ու՞ր ենք մենք գնում, արդյոք նոր՝ հինգերորդ ալիք հնարավո՞ր է, թե՞ ընդամենը մեր երևակայության արդյունք է:  
Մի բան հաստատ է՝ մենք չենք կարող կանխատեսել ապագան, բայց հիմա կարող ենք խելամիտ և ուշադիր լինել, ինչպես նաև զգույշ անցյալի հետ: Միակ վկայությունը, որ ունենք, անցյալն է՝ զոհերը, պատմությունները, միտումները և զարգացումները: Այդ իսկ պատճառով առանց անցյալը մոռանալու և անտեսելու առաջ շարժվելը կենսական անհրաժեշտություն է: Որոշ բաներ,սակայն, բացարձակ ճշմարտություններ են. առաջին, ահաբեկչությունը կշարունակի զարգանալ և ծավալվել` փոփոխելով իր բնույթը, ապա այն կլինի մեր ապագայի անխուսափելի մասնիկը` շարունակելով ենթարկվել հանրային քաղաքականությունների, քաղաքական և տեխնոլոգիական միտումների ու այլ գործոնների ազդեցությանը: Հետևաբար, հակաահաբեկչության մեջ հաջողություն գրանցելու համար անհրաժեշտ է հոլիստիկ մոտեցում, որը ներառում է թե՛ կոշտ, թե՛ փափուկ, թե՛ ռեպրեսիվ (զսպող) և թե՛ կանխարգելիչ միջոցառումներ, բազմազան գործիքներ ու դերակատարներ: Ահաբեկչության դեմ պատերազմում կարելի է հաղթանակել, եթե ամբողջ աշխարհի երկրները, կառավարությունները, ենթակառուցվածքները համատեղեն իրենց ջանքերը և գործեն ներդաշնակ:
 
 
Վիկտորյա Մուրադյան
Միջազգային և անվտանգության հարցերի 
հայկական ինստիտուտի ժողովրդավարության առաջին դպրոցի շրջանավարտ
Առաջնորդության ակադեմիա ծրագիր
«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play