Միացյալ Նահանգները ստանձնում են Հայաստանի հովանին «միջուկային աղմուկի» խնդրում. Մեկնաբան


Միացյալ Նահանգները ստանձնում են Հայաստանի հովանին «միջուկային աղմուկի» խնդրում. Մեկնաբան

  • 13-06-2016 18:23:49   | Հայաստան  |  Վերլուծություն

Հունիսի 13-ին Երեւանում Հայաստանի եւ ԱՄՆ կառավարական պատվիրակությունների մասնակցությամբ տեղի է ունեցել Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարի շուրջ երկու երկրների կառավարությունների միջև 2008 թվականին ստորագրված գործողությունների համատեղ ծրագրի հերթական վերանայումը:
 
Հայ-ամերիկյան այդ ծրագիրը ենթադրում է ԱՄՆ աջակցություն Հայաստանին միջուկային մաքսանենգության դեմ պայքարի, ռադիոկատիվ նյութերի պահպանման հարցում, սարքավորումների տրամադրում, պահվող տարածքների անվտանգությանն ուղղված միջոցների հատկացում եւ այլն:
«Այս վերանայումը փաստում է Հայաստանի հանձնառությունն իր կողմից տնօրինվող միջուկային նյութերի նկատմամբ պատշաճ հսկողություն ապահովելու և երկրի սահմաններով միջուկային մաքսանենգությունը կանխելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների շարունակման հարցերում», հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը:
Միջուկային թեման բավական նուրբ, քաղաքական համատեքստով թեմա է: Այդ հանգամանքը առավել զգայուն է դառնում ներկայում, երբ աշխարհը գտնվում է նոր կարգի անցման բավական թեժ ու հանգուցային փուլում:
Դրան զուգահեռ, միջուկային թեման Հայաստանի համար արդիական է այն համատեքստում, որ բացահայտվել է միջուկային նյութեր Հայաստանի սահմանն անցկացնելու եւ Վրաստանի տարածք փոխանցելու մի քանի դեպք, որոնցից մեկը ոչ այդքան վաղուց: Ավելին, շոշափվում էր տեղեկություն, թե դրան առնչություն են ունեցել նաեւ հայտնի օդիոզ պատգամավոր Շմայսի ազգականները:
Երբ այդօրինակ դեպքերը ստանում են պարբերական բնույթ,- իսկ հաշվի առնելով խնդրի նրբությունը՝ մեկից ավելի դեպքը արդեն իսկ պարբերական է,- ակնհայտ է, որ դա առնչվում է ազգային անվտանգությանը, առաջացնելով խնդիրներ միջազգային ասպարեզում:
Դրան զուգահեռ, թեման ապրիլի պատերազմից հետո առավել արդիական դարձավ Հրանտ Բագրատյանի հայտնի հայտարարություններից հետո՝ Հայաստանի միջուկային զենքի մասին:
Բագրատյանի այդ հայտարարությանը, թե Հայաստանն ունի այդպիսի զենքի հնարավորություն եւ ադրբեջանական ագրեսիան տալիս է նաեւ ինքնապաշտպանության համար այդօրինակ զենքի կիրառման իրավունք, դարձավ աղմկոտ պատմության պատճառ:
Բնականաբար այդ հայտարարությունն առաջինը փորձեց օգտագործել Ադրբեջանը, աղմուկ բարձրացնելով Եվրամիության առաջ եւ պահանջելով Հայաստանի հանդեպ համապատասխան գործողություններ: Բանը հասավ այնտեղ, որ Եվրամիության պաշտոնյաները հայտարարեցին, թե կստուգեն Հայաստանում միջուկային զենքի հանգամանքը:
Հետաքրքիր է, որ Ադրբեջանի բարձրացրած այդ աղմուկին հաջորդեց Ռոսատոմ կազմակերպության պաշտոնյայի հայտարարությունը, թե Ռոսատոմը պատրաստ է պահպանության և վերամշակման վերցնել Հայկական ատոմակայանի (ՀԱԷԿ) բանեցված միջուկային վառելիքը:
Արդյոք ռուսական կազմակերպությունն, օգտվելով Ադրբեջանի բարձրացրած աղմուկից, փորձել էր Հայաստանին թելադրել այդ հարցում որեւէ շահեկան պայման, ինչը չէր հաջողվել առանց աղմուկի:
Այդ ֆոնին ուշագրավ է հայ-ամերիկյան ծրագրի հերթական վերանայման միջոցառումն ու դեսպան Միլսի հայտարարությունը Հայաստանի հանձնառության մասին:
Փաստացի, Միացյալ Նահանգները խոշոր հաշվով ստանձնում է Հայաստանի հովանին «միջուկային աղմուկի» խնդրում եւ ազդարարում, որ Հայաստանն այդ առումով չի կրում միջազգային հանրության համար որեւէ սպառնալիք: Մեծ հաշվով, դա միջազգային քաղաքականության ասպարեզում Հայաստանի դեմ միջուկային սպեկուլյացիաները փակելու հայտ է, որ ներկայացնում է Նահանգները եւ դրանով իսկ Երեւանին ընձեռում այդ հարցում առավել ինքնավստահ լինելու հնարավորություն:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play