Հայ-ռուսական հարաբերությունները բարդանում են. Փորձագետ


Հայ-ռուսական հարաբերությունները բարդանում են. Փորձագետ

  • 14-06-2016 16:55:19   | Հայաստան  |  Վերլուծություն

«Ազատություն». Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի համոզմամբ, պատահական չէ, որ իշխող Հանրապետականը Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում չընդգրկեց Ռուսաստանի հետ միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագիրը:
 
Փորձագետի համոզմամբ, սա խոսում է Ռուսաստան - Հայաստան բարդացող հարաբերությունների մասին:
 
Մանվել Սարգսյանը նաև այս համատեքստում է դիտում Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցչի կոշտ հայտարարությունը Գարգին Նժդեհի արձանի հետ կապված․ - «Դրանք պատահական բաներ չեն: Դա բավականին լուրջ քաղաքականություն էր և դրա պատասխանները նույնպես չկան, թե ինչու են հարաբերություններն այդպես անընդհատ բարդանում Ռուսաստանի հետ», - ասաց Սարգսյանը։
 
Հաշվի առնելով այս բարդացող հարաբերությունները՝ Մանվել Սարգսյանը հետևյալ հարցադրումն է անում՝ ինչպե՞ս կարելի է Ռուսաստանի հետ գնալ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի մասին համաձայնագրի վավերացմանը, այն դեպքում, երբ լրջագույն հարցեր անպատասխան են մնում: Մասնավորապես, այդ համաձայնագիրը Ղարաբաղին չի վերաբերում, և պարզ չէ, թե դա ինչ է նշանակում: 
 
Հակադարձելով պաշտոնական մեկնաբանությանը, թե Հայաստանը իր օդային պաշտապանությունը իրականացնելիս կօգտագործի ռուսական սարքավորումները, փորձագետը հետևյալ հարցն է տալիս՝ ո՞ւմ են պետք այդ սարքերը, եթե անհրաժեշտության դեպքում որոշում կայացնելու հնարավորություն հայկական կողմը չի ունենալու․ - «Երբ որ գործ ունեք ուրիշի հետ, և այդ պարտնյորը հուսալի չէ, երբեք չեք կարող իմանալ, թե ոնց կարող է դա գործել։ Կարող է ձևականորեն լրիվ այդ բոլոր իրավունքները ձերն է, բայց իրականության մեջ լրիվ ուրիշ մեխանիզմներ աշխատեն: Սա է վտանգավորը»։
 
Մանվել Սարգսյանը հիշեցնում է ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի պնդումները, թե Հայաստանը տվյալներ չուներ Ադրբեջանի կողմից նախապատրաստվող հարձակման ուղղության վերաբերյալ: Նրա խոսքով, 21-րդ դարում նման բան ասելը ծիծաղելի է: Ռուսաստանը, որը հետևում էր այդ ամենին, որևէ կերպ չաջակցեց Հայաստանին: 
 
Փորձագետը մեկ այլ շեշտադրում էլ է անում․ ինչպե՞ս է Հայաստանը իր օդային պաշտպանությունը հանձնում Ռուսաստանին, որը կասկածելի հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ և տարիներ շարունակ է զինում է Բաքվին․ - «Ես օրինակ, երբևէ նման վիճակում նման երկրից հետախուզական տվյալ չեմ վերցնի: Ես չեմ կարող դա ստուգեմ, դա կարող է բացահայտ ապատեղեկատվություն լինի: Էլ չեմ ասում մնացածը, երբ որ կոնկրետ հարցերի հետ է կապված, սահմանների հետ է կապված»: 
 
Մինչդեռ Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է, թե պատերազմի դեպքում հայկական կողմի հրամանատարությունն է ընդունելու միավորված հակաօդային պաշտպանության համակարգը կիրառելու մասին որոշումը: 
 
«Ազատության» հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ հայկական կողմը հրամաններ տա ռուսական կողմին, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց. - «Պայմանագիրը կնքվել է դրա համար: Նախկինում նման բան չի եղել, հիմա դրա համար կնքվում է պայմանագիր»։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն