Թե՜ Պուտինը, թե՜ Էրդողանը մրցակցում են քաղաքակիրթ աշխարհի հետ. Մեկնաբան
14-06-2016 18:40:40 | Հայաստան | Վերլուծություն
Հայկական ինքնիշխանությունը չեզոքացնելու փաստաթուղթը
Թուրքիայի նախագահ Էրդողանի մամուլի ծառայությունը ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հաստատել է, որ Էրդողանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Պուտինին, որը ռուս-թուրքական հարաբերության լարումից ի վեր առաջին պաշտոնական նամակն է Թուրքիայի նախագահից Ռուսաստանի նախագահին:
Միաժամանակ, թուրքական կողմը հաստատել է նաեւ, որ Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ վարչապետ Մեդվեդեւին էլ շնորհավորական նամակ է հղել Թուրքիայի վարչապետը: Թուրքական կողմն այդ նամակների բովանդակությունը չի բացում, նշելով միայն, որ երկու դեպքում էլ հույս է հայտնվել, որ ռուս-թուրքական հարաբերությունը «կբարձրանա արժանի մակարդակի վրա»:
Ռուսաստանն ու Թուրքիան տվայտվում են նախորդ տարի նոյեմբերից, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական ռազմական օդանավը թուրք-սիրիական սահմանին: Այդ միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերությունը մտավ լարվածության փուլ, որից դուրս չի գալիս առ այսօր: ՌԴ նախագահն անգամ ակնարկեց, թե դա ձեռնտու կարող էր լինել երրորդ կողմին, բայց ոչ թե Թուրքիային ու Ռուսաստանին: Պուտինը նաեւ հայտարարեց, թե Մոսկվան պատրաստ էր Անկարայի հետ Թուրքիայի համար զգայուն հարցերում գնալ շատ հեռուն:
Դրանից հետո ամիսներ շարունակ Մոսկվան ու Անկարան փորձում են գտնել հարաբերությունը վերականգնելու եզրեր, քանի որ չեն կարող առանց իրար: Ռուսաստանը Թուրքիայից ներողություն եւ փոխհատուցում է պահանջում, Թուրքիան չի գնում դրան, եւ կողմերը տվայտվում են: Բանն այն է, որ երկու երկրներն էլ գտնվում են միջազգային մեկուսացման մեջ: Թե Պուտինը, թե Էրդողանը մրցակցում են քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերությունը փչացնելու եւ շանտաժի լեզվով խոսելու հարցում:
Այդ հարցում նրանք իսկապես գնացել են հեռու, բայց ոչ թե միասին, այլ առանձին-առանձին: Բայց որքան հեռու են գնում, այդքան հասկանում են, որ չեն կարող առանց իրար: Բանն այն է, որ այդ իրավիճակը կասկածի տակ է դրել երկու երկրների քաղաքականության եւ ռազմավարության համար հիմնարար փաստաթուղթը, որը խոշոր հաշվով կարող է համարվել թե Ռուսաստանի, թե Թուրքիայի աշխարհքաղաքական Կտակարանը: Խոսքը 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի մասին է, որով նրանք բաժանել են Կովկասը՝ հայերի հաշվին, ինչպես նաեւ սահմանել Կովկասում խաղի կանոնները՝ կրկին հայկական շահի հաշվին:
Այդ փաստաթուղթը երկու երկրների համար առանցքային աշխարհքաղաքական ուղենիշ է, որի կենսական ուժը սպառնալիքի տակ է, եթե Թուրքիան ու Ռուսաստանը շարունակում են մնալ գժտված:
Դա Կովկասի անվտանգության համակարգի բանալին է, որը կարող է անպետք դառնալ, եթե Արեւմուտքին հաջողվի փոխել անվտանգության համակարգի փականը կամ կողպեքը: Իսկ այդ գործընթացը տեղի է ունենում երեք ուղղությամբ՝ Վրաստանում ՆԱՏՕ ներկայության ապահովում, Արցախում հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրում եւ Իրանի հետ հարաբերության կարգավորման գործընթաց:
Այդ երեք ուղղություններով զարգացումները կնշանակեն Կովկասի անվտանգության կողպեքի կամ փականի փոփոխություն, որի բանալին արդեն չի լինի Թուրքիայի եւ Ռուսաստանի ձեռքին, ինչպես անցնող հարյուր տարվա ընթացքում:
Այդ հանգամանքը Կովկասի համար կնշանակի զարգացումների տրամաբանության հիմնարար փոփոխություն, որի առանցքում այլեւս չի լինի շանտաժի եւ սպառնալիքի գործոնը, ինչի հետեւանքով Կովկասը անցնող հարյուր տարիների ընթացքում վերածվել է աշխարհքաղաքական հրաբխային գոտու կամ վառոդի մեծ տակառի:
Բանն այն է, որ թե Թուրքիան, թե Ռուսաստանը չունեն տարածաշրջանի երկրներին ռազմավարական հեռանկարում գլոբալ համակեցության այլ բնույթի առաջարկ եւ գործիքակազմ, ի տարբերություն Արեւմուտքի: Այդ իմաստով, Կովկասի անվտանգության փականի փոփոխությունը բխում է Հայաստանի շահից, առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանի մրցակցային առավելությունները առավելագույնս կենսունակ են կայուն տարածաշրջանային միջավայրում: Բայց, կայունությունն իհարկե նպաստավոր միջավայր է, թե կա ինքնիշխանություն: Մյուս կողմից, ռուս-թուրքական 1921 թվականի աշխարհքաղաքական կտակարանի առանցքային իմաստներից մեկը հենց Հայաստանի ինքնիշխանության բացառումն է՝ իհարկե ոչ իբրեւ այդ թղթի նպատակ, այլ այդ թղթում արտացոլված առավել խոր համատեքստի միջոց:
Հանրային տարբեր շրջանակներում այդ կապակցությամբ առաջանում են հարցադրումներ, թե ինչ կարեւորություն ունի միջազգային իրավունքի տեսանկյունից ուժ չունեցող այդ պայմանագիրը: Միջազգային իրավունքի տեսանկյունից այն չունի ուժ, սակայն Հայաստանի համար խնդիրը դա չէ, այլ այն, որ երկու ազդեցիկ տերություններ կնքել են բաց պայմանավորվածություն, որտեղ նույն բաց տեքստով փոխադարձ պայմանավորվածության են եկել հայկական ինքնիշխանություն թույլ չտալու հարցում եւ առ այսօր հավատարմություն են հայտնում այդ պայմանավորվածությանը նույնքան բաց ու պաշտոնապես, անգամ միմյանց հարաբերության լարվածության պայմաններում: