Բացվել է «ՀԿԵ» ՓԲԸ ամառային ուղևորափոխադրումների սեզոնը

15-06-2016 16:38:31   | Հայաստան  |  Տնտեսություն
Հունիսի 15-ին բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ամառային ուղևորափոխադրումների սեզոնը, և Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը: 
Այս տարվա առաջին գնացքով Վրաստանի առողջարաններ են մեկնել 65 ուղևոր: Հունիսի 15-ի դրությամբ ընդհանուր առմամբ վաճառվել է «Արմենիա» ֆիրմային գնացքի մոտ 790 տոմս:
 


Գնացքն աշխատելու է ամեն օր՝ մինչև հոկտեմբերի 1-ը՝ Երևանից մեկնելով ժամը 15:30-ին:
Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև «ՀԿԵ»-ի կայքում՝ www.ukzhd.am:   
Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը կազմում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե: 
Անցած տարվա հետ համեմատ տոմսերն էժանացել են մոտ 20%-ով. այժմ գները տատանվում են 9 850 դրամից մինչև 25 760 դրամի սահմաններում՝ կախված վագոնի կարգից: 
Ինչպես նշում է «ՀԿԵ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը, ֆիրմային գնացքի վագոնները հագեցած են օդափոխիչներով, համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ և անվտանգության նորմերին: Անվտանգությունն ապահովում են Ոստիկանության աշխատակիցները: 
Բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ: 
Գագիկ Մովսեսյանը նշում է, որ մայիսին ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունը հաստատել էր Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի «ֆիրմային» կարգավիճակը և «Արմենիա» անվանումը:
2015  թվականին “Արմենիա”  ֆիրմային գնացքի ուղևորների թիվը կազմել էր 34 հազար՝ 2008 թվականի հետ համեմատ աճելով 395%-ով: 2008 թվականին փոխադրվել էր 8,6 հազար ուղևոր:   
 
«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
 
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից