Համակարգի մի սեգմենտ մսխել է իշխանական անվտանգության փողը. Մեկնաբան
16-06-2016 18:35:02 | Հայաստան | Վերլուծություն
Ապրիլի պատերազմից հետո պաշտպանության նախարարությունում տեղի ունեցող փոփոխությունները, անգամ ձերբակալությունները հանրության համար այդպես էլ չեն դառնում համոզիչ, որ դրանք կատարվում են պատերազմից հետո կառավարման որակական փոփոխության համատեքստում:
Տեղի ունեցածի մեջ թերեւս միակ նշանակումը, որ հանրության համար առայժմ չի առաջացրել հարցեր, դա նոր փոխնախարար Դավիթ Փախչանյանի նշանակումն է:
Մինչդեռ, հասարակական տարբեր շրջանակներ, գործիչներ զարմանում են, թե ինչպես կարող է նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ նշանակվել Մովսես Հակոբյանը, ով Արցախի պաշտպանության նախկին նախարարն էր եւ փաստացի նա է եղել պաշտպանական բանակի առաջնագծի հագեցածության հարցում իրավիճակի պատասխանատուն:
Միեւնույն ժամանակ, հասարակությունը միանգամայն օբյեկտիվորեն հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս կարող է այսպես ասած հետպատերազմյա դասերից բխող փոփոխությունը սահմանափակվել առավելապես ՊՆ համակարգում, երբ ակնհայտ է եղել ընդհանրապես կառավարման համակարգի ճգնաժամը:
Ամեն ինչ սակայն առավել քան պարզ է: Տեղի ունեցող փոփոխությունները, ձերբակալությունները, քրեական գործերը եւ այլն, առավելապես պայմանավորված են ոչ թե պետության, այլ իշխող համակարգի անվտանգության համար առաջացած խնդիրներով, որոնք ի հայտ են եկել ապրիլի պատերազմում: Բանն այն է, որ եթե 18-20 տարեկան երիտասարդներն ու նրանց հրամանատարները արագ ուշքի չգային եւ չպահեին սահմանը, ապա հայկական կողմի կորուստը կլիներ ոչ թե հայտարարված 800 հեկտարը, այլ մի քանի անգամ ավելի, որի դեպքում պարզապես որեւէ կերպ հնարավոր չէր լինի իրավիճակը բացատրել իբրեւ թե ռազմավարական նշանակություն չունեցող, անմշակ եւ այլ կարգի բառակապակցություններով:
Ըստ այդմ, իշխանությանը հարկ կլիներ տալ դրա համար առավել քան լուրջ պատասխան: Ներկայում ունեցող քայլերը պայմանավորված են հենց նրանով, որ ինչ որ պաշտոնյաներ գործել են անարդյունավետ եւ խնդիրներ են առաջացրել իշխող համակարգի համար:
Դժվար է հիշել, թե առաջին պատերազմից հետո Հայաստանի հանրությունը մեկ էլ երբ էր իշխող համակարգի առաջ դրել մերկացնող հարցադրումներ:
Իշխանությունը ներկայում արձագանքում է այդ վիճակին, այսինքն ամրացնում է սեփական անվտանգությունը, ոչ թե պետական: Այլ կերպ ասած, համակարգի մի սեգմենտ այս տարիների ընթացքում մսխել է ոչ թե հանրային ու պետական անվտանգության, այլ նաեւ իշխանական անվտանգության փողը: Ներկայում այդ սեգմենտը պատասխան է տալիս դրա համար: Տրամաբանությունը դա է, եւ այդ պատճառով էլ գործ չունենք համակարգային, որակական, խորքային փոփոխությունների հետ:
Դրանք կլինեն այնքան, որքան պետք է իշխանության անվտանգությունն ամրացնելու եւ հետագայում մերկացնող հարցեր առաջ բերող սպառնալիքներ թույլ չտալու համար: Պետական, հանրային անվտանգությունն այդ ամենից կշահի այնքանով, որքանով կա այդ տրամաբանության մեջ, այդ քայլերի ընդգրկած շրջանակում: Ոչ ավելի: Իհարկե, դա ավելի վատ չէ, քան այն, ինչ կար փաստորեն ապրիլի 2-ի լուսադեմին, բայց դա չի կարող լինել բավարար այն մարտահրավերների համեմատ, որոնք կան Հայաստանի առաջ: Պարզապես փակվում են մարտահրավերների այն հնարավոր սողանցքները, որոնք կարող են ունենալ աղմկոտ դրսեւորում: