«Ռուսաստանը հավասարապես «գցել» է թե Հայաստանին ու Արցախին, թե Ադրբեջանին». Մեկնաբան


«Ռուսաստանը հավասարապես «գցել» է թե Հայաստանին ու Արցախին, թե Ադրբեջանին». Մեկնաբան

  • 22-06-2016 18:53:24   | Հայաստան  |  Վերլուծություն
Հրապարակ օրաթերթը գրում է, որ Սանկտ-Պետերբուրգից հետո Սերժ Սարգսյանը բարձր տրամադրությամբ է բարձրացել օդանավ: Դա ասել է թերթի աղբյուրը:
 
Վիեննայից հետո հասարակությունն ունեցավ Սերժ Սարգսյանի օդանավային տրամադրությանը ծանոթանալու, թեկուզ մասնակի ծանոթանալու հնարավորություն: Սարգսյանը հարցազրույց տվեց եւ խոսեց Վիեննայի հանդիպման մասին, գործընթացի վիճակի մասին, նաեւ արեց 800 հեկտարի մասին հայտնի հայտարարությունները:
Ի՞նչ տրամադրությամբ էր Սարգսյանը օդ բարձրացել Վիեննայից հետո, եթե օդում հարցազրույց տվեց, իսկ Սանկտ-Պետերբուրգից բարձրանալով օդ լավ տրամադրությամբ՝ չտվեց հարցազրույց: Թերթը գրում է, որ Սարգսյանի հետ Սանկտ-Պետերբուրգ գնացել են անհամեմատ քիչ թվով լրագրողներ:
Հայաստանի հանրությունը դեռ երկար կփորձի հասկանալ, թե ինչ է կատարվել Սանկտ-Պետերբուրգում: Գուցե տարօրինակ թվա, բայց Հայաստանի հանրությանն այնտեղ կատարվածի մասին ավելի շատ բան ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանուսա Շարպանտիեն, քան Հայաստանի հանրության առաջ հաշվետու լինելու պարտավորություն ունեցող Սերժ Սարգսյանը կամ Էդվարդ Նալբանդյանը:
Ֆրասիայի դեսպանը Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո Երեւանում հայտարարեց, որ թեեւ այնտեղ ամփոփոիչ հայտարարության մեջ չի խոսվել հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման մասին, այդուհանդերձ դա է կարեւորագույն խնդիրը, որը նաեւ թույլ կտա լույս սփռել ապրիլյան իրադարձությունների վրա:
Փաստացի, Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, որ Սանկտ-Պետերբուրգի հանդիպմանը եղել է ապրիլի իրադարձությունները «զմռսելու» փորձ:
Հաջողվե՞լ է դա, թե ոչ: Դժվար է ասել: Դատելով երեք նախագահների հայտարարությունից՝ հաջողվել է: Դա փաստացի ապրիլին հաստատված կամ փոքր ինչ խախտված ստատուս-քվոյի արձանագրումն էր:
Ռուսաստանը շահագրգռված էր դրանում, քանի որ ապրիլին տեղի ունեցածի համար կրում է անմիջական եւ բազմակի պատասխանատվություն, ընդ որում թե Հայաստանի, թե Ադրբեջանի առաջ: Ռուսաստանը չի ապահովել Հայաստանի դաշնակցային պաշտպանություն, չի ապահովել նաեւ Ադրբեջանի հաղթանակ, որի համար ադրբեջանական բանակը սնուցել է միլիարդավոր դոլարների սպառազինությամբ:
Ընդ որում, պետք չէ բացառել, որ Ռուսաստանը այդ տեսանկյունից ոչ թե մատնվել է անհաջողության, այլ հավասարապես «գցել» է թե Հայաստանին ու Արցախին, թե Ադրբեջանին:
Այս հանգամանքն ապրիլից հետո կարծես թե չդիտարկված հանգամանք է: Մինչդեռ ամենեւին ավելորդ չի լինի մտածել այդ մասին: Մի կողմից, տեղի ունեցավ անվտանգության ռուսական համակարգի փլուզում: Մյուս կողմից, տեղի ունեցավ կայծակնային ընթացքով երկակի տրամաբանությամբ պատերազմ, որի առաջին կեսը շահեց Ադրբեջանը, երկրորդ կեսը շահեց Հայաստանը, իսկ ամբողջ պատերազմը շահեց Ռուսաստանը, թե Հայաստանին, թե Ադրբեջանին ցույց տալով, որ որեւէ մեկի հաղթանակի կամ պարտության հարցում ունի վճռորոշ դերակատարություն:
Ապրիլյան պատերազմով Ռուսաստանը խաղաց կարծես թե զրոյական մի խաղ, որի առաջին շրջանում հայտնվեց իսկապես բավական բարդ փակուղում: Բայց, թե Ադրբեջանը, թե Հայաստանը կասկածի տակ չդրեցին ռուսական անվտանգության համակարգը, չգնացին դրա վերանայմանը միտված էական քայլերի՝ ամեն մեկն ունենալով իր պատճառները: Ռուսաստանը սպասեց, եւ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումը հուշում է, որ քայլ կատարեց փակուղուց դուրս գալու համար, այնտեղ մղելով Հայաստանին ու Ադրբեջանին:
Սանկտ-Պետերբուրգը Ադրբեջանին ու Հայաստանին կրկին պատերազմի կամ «գնդակահարության» պատին տանող ճանապարհի մեկնարկն է: Ե՞րբ կհասնեն տեղ, մեծ հաշվով կարեւոր չէ: Մոսկվային դա չի հետաքրքրում, ավելի կարեւոր է ճանապարհը, դրանից չշեղվելը:
Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել հերթական գործարքը տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ զարգացման դեմ: Պատերազմի շարունակվող ճանապարհի վրա կախվել է խաղաղության եւ կայունության ցուցանակ, որը խաբեություն է, համենայն դեպս նրանց համար, ովքեր իրապես շահագրգռված են կայունությամբ եւ անվտանգությամբ:
Ադրբեջանի իշխանությունն անկասկած այդ շարքում չէ: Ալիեւը դրա համար չի գնել միլիարդավոր դոլարի սպառազինություն, որ շահագրգռված լինի խաղաղությամբ կամ կայունությամբ:
Ընդ որում, այստեղ խնդիրը բոլորովին ստատուս-քվոն կամ տարածքները չեն՝ որեւէ թվաբանական կոմբինացիայով: Միլիարդավոր դոլարների սպառազինությունը Արցախը գրավելու համար չէ, այլ ամբողջ տարածաշրջանի համար, ներառյալ Վրաստանը, որի հետ եւս Բաքուն ունի տարածքային խնդիր, ինչի գեներացիան սպասում է իր ժամանակին:
Սանկտ-Պետերբուրգում Ռուսաստանը տարածաշրջանը պահել է հենց այս տրամաբանության մեջ, քանի որ դրանից դուրս չունի մրցակցային որեւէ առավելություն: Հայաստանը մնացել է այդ տրամաբանության մեջ, քանի որ իշխանությունը երկրի ներքին կյանքում չունի մրցակցային որեւէ առավելություն, բայց ունի խորհրդարանի վերարտադրության խնդիր:
Մինսկի խմբի մյուս համանախագահները փաստացի ակնարկում են, որ ունեն գործարքի կասկածներ եւ տեսնում են դրանց վրա «լույս սփռելու» անհրաժեշտություն: Հայաստանի իշխանությանն այդ խոսքերը կջերմացնեն, որովհետեւ նոր պատերազմի հասունացումը կանխելու միակ հույսը մնացել են Ֆրանսիան ու ԱՄՆ-ն:
Բայց Հայաստանի իշխանությունը պատրաստ չէ բացի այդ խոսքերի վրա ձեռքերը տաքացնելուց, զբաղվել որեւէ իրական քաղաքականությամբ եւ կատարել իրենից հասանելիքը՝ տարածաշրջանային իրավիճակը եւ Արցախի գործընթացը առկա տրամաբանությունից դուրս բերելու համար: Առանց Հայաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ համար դա անելը ոչ միայն բավական դժվար կլինի, այլ գործնականում կլինի անիմաստ, եթե ամեն մի Վիեննայից հետո Հայաստանը կարող է նույն հաջողությամբ թույլ տալ նաեւ Սանկտ-Պետերբուրգ:
Չի բացառվում, որ իշխանությունը համոզում է Ֆրանսիային ու ԱՄՆ-ին, որ եթե պահեն վիճակը մինչեւ խորհրդարանի վերարտադրություն, դրանից հետո Հայաստանը կանի այն, ինչ պետք է առկա տրամաբանությունը փոխելու համար: Բայց ո՞վ է հիմա հավատում Հայաստանի իշխանությանը:
Հայաստանում հավատ ներշնչում են միայն զինվորն ու հրամանատարը, նաեւ գեներալակազմի փոքր մասը եւ նրանց հանրային աջակցության ռեսուրսը:
Բայց, այդ հանգամանքը բախվում է մի էական խնդրի, որն ապրիլի պատերազմից հետո միջազգային անվտանգության համակարգի համար կարող է լինել առավել ընդգծված հարց՝ ինչպե՞ս են համատեղվում հավատ ներշնչող այդ ռեսուրսն ու վստահության գրեթե բոլոր պաշարները սպառած իշխանա-քաղաքական դասը:
Ընդ որում, այդ հարցը կա թե միջազգային կենտրոնների, թե Հայաստանի հասարակության առաջ: Քանի դեռ չկա այդ հարցի պատասխանը, դժբախտաբար, հավատ ներշնչող ռեսուրսը որեւէ պարբերականությամբ, այդուհանդերձ ստիպված է լինելու գործով վերհաստատել իր վստահելիությունը թե ներքին՝ հանրային իմաստով, թե արտաքին՝ միջազգային անվտանգության համակարգի իմաստով: Իսկ այդ գործը բավական ծանր գործ է, որ կոչվում է պատերազմ:
Հայկական զինուժը ունի դիվանագիտա-քաղաքական այնպիսի թիկունքի կարիք, որը ոչ թե զբաղված է պատերազմի տրամաբանության վրա խաղաղության կամ կայունության ցուցանակ կախելով եւ ինքզինքն ու հասարակությանը շինծու հանգստացնելով կամ խաբելով, այլ պատերազմի տրամաբանությունը չեզոքացնելուն ուղղված քաղաքականությամբ, որի առաջին գրավականը կարող է լինել միայն ինքնիշխանությունն ու սեփական շահի հստակ ու բաց ձեւակերպումը:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն