«Ֆադեյ Սարգսյանը սկսեց ակադեմիան քանդելու գործընթացը, Ռադիկ Մարտիրոսյանը շարունակում է». ակադեմիկոս


«Ֆադեյ Սարգսյանը սկսեց ակադեմիան քանդելու գործընթացը, Ռադիկ Մարտիրոսյանը շարունակում է». ակադեմիկոս

  • 23-06-2016 17:04:12   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Հունիսի 27-29-ը գիտությունների ազգային ակադեմիայում անց են կացվելու ԳԱԱ նախագահի, փոխնախագահի, ակադեմիկոս-քարտուղարի, բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարների և նախագահության անդամների ընտրություններ: Ծննդյան 80-ամյակը բոլորած ներկայիս նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը արդեն 10 տարի զբաղեցնում է ակադեմիայի նախագահի պաշտոնը, մինչ այս պահը նա նախագահի միակ թեկնածուն է: Ակադեմիկոսների գնահատմամբ՝ Ֆադեյ Սարգսյանը սկսեց ակադեմիան քանդելու գործընթացը, Ռադիկ Մարտիրոսյանը շարունակում է, և եթե երրորդ անգամ ընտրվի, գիտության համար դա կլինի կործանարար:
 
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումների բաժնի վարիչ, ակադեմիկոս Անրի Ներսեսյանի հետ: Ակադեմիկոսն անդրադառնալով Ռ. Մարտիրոսյանի արտահայտությանը՝ Հայաստանը քոսոտ երկիր անվանելուն, նշեց, որ դա լեզվի սայթաքում էր. «Բայց ես չեմ արդարացնում, դա նշանակում է, որ նա չի կարողանում վերահսկել իր արտահայտությունները»:
 
ԳԱԱ նախագահի ընտրությունների վերաբերյալ Ա. Ներսեսյանը նշեց, որ ըստ երույթին` նորից կընտրվի Ռ. Մարտիրոսյանը, բայց դա դժբախտություն կլինի. «Այս 10 տարիներին գիտությունն ինչ արել, չի արել, ես չեմ կարող ամբողջությամբ ասել, բայց մեր գիտությունը փլվում է արդեն»:
 
«Ժողովուրդը կոռուպցիա ասելով՝ հասկանում է կաշառակերություն, թալան, դրանով, իհարկե, օժտված է Ռադիկ Մարտիրոսյանը, բայց տվյալ դեպքում ես կոռուպցիայի այլ կողմն եմ շեշտում, դա օրենքի խախտումն է՝ հօգուտ իր մոտիկների, ակադեմիկոս ընտրվում է անօրինականությամբ, և Մարտիրոսյանն ասում է. «Դե, կանոնադրությունը սուրբ կով չէ ակադեմիայի 120 անդամների առաջ: Այս տասը տարիները ցույց տվեցին, որ նա չի կարողանում և չի էլ ուզում իր գործն անել»:
 
Անրի Ներսեսյանը պնդում է՝ այս անգամ էլ մի քանի  ակադեմիկոս ակադեմիայի նախագահի ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել, սակայն հանել են՝ պայքարը համարելով անիմաստ, քանի որ ընտրության արդյունքները կանխորոշված են: Անրի Ներսեսյանը նկատում է, որ ակադեմիկոսները պասիվ են, լռում են կարևորագույն խնդրի շուրջ, քանի որ մտածում են, որ միգուցե երկրի առաջին դեմքի կողմից արդեն իսկ ամեն ինչ կանխորոշված է. «Միգուցե Ռադիկ մարտիրոսյանը հարկադրված է եղել անել այն, ինչ թելադրել են վերևից
 
Ա. Ներսեսյանի դիտարկմամբ՝ մեր հասարակության մեջ հեռանալու մշակույթ չկա: «Չորսօրյա պատերազմը մի կայծակ էր, որ շատ բան լուսավորեց: Ռ. Մարտիրոսյանը, ասելով, որ մենք Իսրայելից առաջ ենք գիտության զարգացմամբ՝ ուղղակի գլուխ է գովացել, դա նշանակում է, որ ինքը իր «փեշակին» չի տիրապետում»:
 
Ակադեմիկոսի խոսքով՝ այժմ գիտությունից շատ հեռու Ռադիկ Մարտիրոսյանը չպետք է ղեկավարի Հայաստանի գիտությունը. «Շատ տխուր է, որովհետև մեր գիտությունն արժանի չէ նման ղեկավարի, այսպիսի ղեկավարներ ունենալը  դժբախտություն է»: Մյուս կողմից, նրա դիտարկմամբ, ամենամեծ դժբախտությունը, ոչ թե Ռադիկ Մարտիրոսյանն է, այլ նրա թիմը՝ նախագահությունը, ովքեր կընտրեն նրան: Անրի Ներսեսյանն ընդգծեց. «Ռ. Մարտիրոսյանի վերընտրվելը մեր գիտության կործանման ամենակարճ ճանապարհն է»:
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ