Եթե ազատագրված վիճելի տարածքները հանձնվեն Ադրբեջանին, Ռուսաստանը կկորցնի Հայաստանը՝ որպես դաշնակից. Մարկեդոն


Եթե ազատագրված վիճելի տարածքները հանձնվեն Ադրբեջանին, Ռուսաստանը կկորցնի Հայաստանը՝ որպես դաշնակից. Մարկեդոն

  • 23-06-2016 17:15:12   | Ռուսաստան  |  Հարցազրույցներ

1in.am.«Առաջին լրատվական»-ի  զրուցակիցն է Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանը, կազմակերպելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, առաջին հերթին ցույց է տվել իր շահը՝ ուղերձ հղելով աշխարհին, որ Ռուսաստանը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության սրացմամբ: Թեև Մոսկվան ձևականորեն հայտարարում է, որ կողմ է ստատուս քվոյի փոփոխությանը, բայց իրականում նոր ստատուս քվոն նշանակում է նոր անորոշություն, որը Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով՝ ձեռնտու չէ Ռուսաստանին:

«Եթե այդ շրջանները (նկատի ունի ազատագրված վիճելի տարածքները.- խմբ.) հանձնվեն [Ադրբեջանին], Ռուսաստանը կարող է կորցնել Հայաստանը՝ որպես դաշնակից, Ադրբեջանն էլ դեռ հարց է՝ շնորհակալություն կհայտնի՞, թե՞ ոչ: Ոչ ոք չի խոսում այն մասին, որ այդ շրջանների հանձնումը կարող է ուղեկցվել նոր բախումներով, բռնությունների աճով: Դա ամենևին պետք չէ Մոսկվային: Մոսկվան չի անի այնպիսի քայլ, որը կստեղծի անորոշություն և ռիսկերե,- ասում է Սերգեյ Մարկեդոնովը:

– Պարոն Մարկեդոնով, ի՞նչ եզրակացություն կարող ենք անել Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումից: Ի վերջո, սա Ռուսաստանի՞ առանձին նախաձեռնությունն էր, թե՞ Մինսկի խմբի գործընթացի շարունակություն:

– Ես ինչ-որ արտասովոր գնահատական չեմ տա: Կարծում եմ՝ առանձնակի առաջընթաց հիմնախնդրի լուծման մեջ չի եղել այդ հանդիպման արդյունքում, պարզապես ամրապնդվել է դիվանագիտական ձևաչափը: Կարող ենք ասել, որ ամենայն հավանականությամբ՝ Մինսկի խմբի ձևաչափին կավելանա նաև եռակողմ բանակցությունների ձևաչափը՝ ևս մի հավելյալ գործիք: Առայժմ դժվար է ասել, թե սա ինչի կհանգեցնի: Մի խոսքով, սա փորձ էր ամրապնդելու դիվանագիտական ձևաչափը: Առայժմ այսքանը:

– Նախագահները հանդիպումից հետո տարածել են հայտարարություն, որտեղ նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են մայիսի 16-ին կայացած հանդիպման պայմանավորվածությունները, բայց խոսք չկա շփման գիծը վերահսկող սարքավորումներ տեղադրելու մասին, միայն նշվում է, որ կողմերը, մասնավորապես, համաձայնել են ավելացնել հակամարտության գոտում դիտորդների թիվը, ինչն, ըստ էության, մեծ նշանակություն չունի: Կարծում եք՝ սա Վիեննայի գործընթացի շարունակությո՞ւնն է:

– Ես չեմ կարծում, թե կա ինչ-որ Վիեննայի գործընթաց: Հիմա շատ նորաձև է խոսել նմանատիպ ձևակերպումներով՝ Կազանի, Վիեննայի գործընթաց և այլն: Դրանք բոլորը հիմնված են հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների վրա, այդ գործընթացները այս հիմնարար սկզբունքների տարբերակներն են: Ու քանի որ այսօր դժվար է անցնել հիմնախնդրի կարգավորմանը, կողմերը նախևառաջ փորձում են լուծել բռնությունները նվազագույնի հասցնելու հարցերը: Հիմնարար սկզբունքները լավ են, բայց հիմա գլխավոր խնդիրը սահմանային միջադեպերը կանխելն է և բանակցային գործընթացը վերսկսելը: Այստեղ նոր բան չկա:

– Իսկ ինչո՞ւ էր անհրաժեշտ Ռուսաստանին կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

– Կարծում եմ՝ առաջին հերթին իր շահը այս հակամարտության կարգավորման մեջ ցույց տալու համար ուղերձ հղել, որ Ռուսաստանը շահագրգռված չէ հակամարտության սրացմամբ: Ռուսաստանը ամենամոտն է հակամարտության գոտուն և ավելի մեծ շահեր ունի այստեղ: Իսկ ԱՄՆ-ի համար սա երկրորդական հարց է: Չեմ ասում, թե սա թիվ մեկ խնդիրն է Ռուսաստանի համար, բայց այն կարևոր է Հարավային Կովկասի անվտանգության տեսանկյունից:

– Ձեր կարծիքով՝ կարգավորման որևէ փաստաթուղթ քննարկվե՞լ է Պետերբուրգում, մասնավորապես՝ նույն տարածքների և կարգավիճակի հարցերը:

– Դրանք այսօրվա հարցեր չեն: Չգիտես ինչու, մարդիկ կարծում են, որ 22 տարի չլուծված խնդիրը այսօր հանկարծ կարող է լուծվել:

– Իսկ ի՞նչ պարզվեց հանդիպումից հետո այն հարցում, թե կլինի՞ արդյոք նոր պատերազմ Լեռնային Ղարաբաղում:

– Գիտեք, որևէ հանդիպում չի կարող կանգնեցնել ռազմական գործողությունները: Մեզ մոտ սովոր են բոլոր դժվարությունները հասցնել երկու ծայրահեղությունների՝ կա՛մ կլինի պատերազմ, ինչպես 1991-94թթ., կա՛մ էլ կլինի խաղաղություն, ինչ-որ շրջաններ կհանձնեն և այլն: Իսկ ինչի՞ց ենթադրեցիք: «Ոչ պատերազմ, ոչ խաղաղությունե իրավիճակը կարող է շարունակվել 50, 60 տարի: Կկրակեն, հետո կհանդիպեն, հետո նորից կկրակեն ու նորից կհանդիպեն, կլինեն ինչ-որ միջադեպեր, հետո՝ բանակցություններ, այնքան ժամանակ, քանի դեռ տեղի չեն ունենա որակական փոփոխություններ: Օրինակ՝ հակամարտող կողմերից մեկը կհոգնի այս վիճակից և կհամաձայնվի գնալ փոխզիջումների, կամ էլ երկու կողմերը կհամաձայնվեն գնալ փոխզիջումների:

Այսօր որպես օրինակ շատ են խոսում Քեմփ-Դեյվիդի խաղաղության համաձայնագրի մասին: Բայց Քեմփ-Դեյվիդն էլ միանգամից չի եղել: Անհրաժեշտ էր անցնել «վեցօրյա պատերազմը» (1967թ.), հյուծման պատերազմը, «Ահեղ դատաստանի պատերազմը» (1973թ.), որպեսզի կայանար Քեմփ-Դեյվիդի խաղաղությունը, ընդ որում՝ «Ահեղ դատաստանի պատերազմից» անցավ 6 տարի մինչև Քեմփ-Դեյվիդ: Իսկ մենք մտածում ենք, որ հիմա ինչ-որ մեկը կարող է արագ կերպով լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը: Ինչո՞ւ: Որտեղի՞ց այդ համոզմունքը:

– Այսինքն՝ շարունակվում է հակամարտության նույն տրամաբանությունը՝ էսկալացիա, այնուհետև բանակցություններ:

– Տրամաբանությունը հետևյալն է. պետք է կանխել նոր էսկալացիաները, ակտիվացնել դիվանագիտական գործընթացը, դարձնել այն ավելի ամուր: Իսկ թե ուր կտանի այն՝ դժվար է ասել:

– Որքան հասկացա՝ Դուք չեք տեսնում դիմակայություն Վաշինգտոնի և Մոսկվայի միջև Լեռնային Ղարաբաղի հարցում:

– Դիմակայություն ղարաբաղյան հարցում չեմ տեսնում, բայց դա չի նշանակում, որ նրանք բացարձակապես նույն դիրքորոշումն ունեն: Վաշինգտոնը կարող էր պատրաստ լինել հիմնախնդրի քաղաքական ինչ-որ լուծմանը, որովհետև ստատուս քվոյի որոշ փոփոխությունները հիմնականում առաջնահերթություն են Միացյալ Նահանգների համար: Մոսկվան նույնպես ասում է, թե ստատուս քվոն պետք է փոխվի, բայց առանձնակի մեծ խանդավառությամբ չի ասում՝ հասկանալով, որ դժվար թե դա հնարավոր լինի անել: Մոսկվան հասկանում է, որ նոր ստատուս քվոն նոր անորոշություն է: Իսկ դա ի՞նչ խնդիր է Վաշինգտոնի համար: Կասեն՝ վերցրեք տվեք շրջանները, նրանց համար տարբերություն չկա, իսկ Ռուսաստանի համար դա կարևոր է: Եթե այդ շրջանները հանձնվեն, Ռուսաստանը կարող է կորցնել Հայաստանը՝ որպես դաշնակից, Ադրբեջանն էլ դեռ հարց է՝ շնորհակալություն կհայտնի՞, թե՞ ոչ: Բայց ոչ ոք չի խոսում այն մասին, որ այդ շրջանների հանձնումը կարող է ուղեկցվել նոր բախումներով, բռնությունների աճով: Դա ամենևին պետք չի Մոսկվային: Մոսկվան չի անի այնպիսի քայլ, որը կստեղծի անորոշություն և ռիսկեր:

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play