Ադրբեջանը փաստացի «մատնել» է Մոսկվային. Մեկնաբան


Ադրբեջանը փաստացի «մատնել» է Մոսկվային. Մեկնաբան

  • 24-06-2016 18:15:06   | Հայաստան  |  Վերլուծություն
Հունիսի 23-ը ՀՀԿ տոնացույցում կարող է արձանագրվել որպես ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հետ հաշտության օր:
 
Իհարկե, հաշտությունը առայժմ ոչ ֆորմալ է: Զախարովան արձագանքել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյա Մամեդովի հայտարարությանը, թե Սանկտ-Պետերբուրգի հանդիպմանը կողմերը համաձայնության են եկել հինգ շրջանների վերադարձի հարցում: Զախարովան ասել է, թե դա կամայական մեկնաբանություն է, ու կոչ է արել կողմերին առաջնորդվել միայն նրանով, ինչ գրված է հանդիպման ամփոփոիչ հայտարարության մեջ:
Եվ ահա, Զախարովայի հայտարարությունը դարձել է ՀՀԿ պաշտոնյաների ամենասիրելի ցիտատը: Իհարկե դա չի նշանակում, որ Նժդեհի մասին Զախարովայի հայտարարությունը, իսկ հետո էլ ավելի կոշտ խոսքը, թե լսել անգամ չի ուզում այդ կապակցությամբ ՀՀԿ այսպես ասած առարկությունները, արդեն ուժը կորցրած են կամ մոռացված: Բայց, ՀՀԿ համար ստեղծվել է «թեման փոխելու» հիանալի առիթ, որն էլ օգտագործվում է:
Իհարկե, այստեղ կարեւորը ոչ թե ՀՀԿ-Զախարովա հարաբերությունն է, որտեղ Զախարովան ՀՀԿ-ին ենթարկել է անվերապահ նոկաուտի, այլ Զախարովայի հայտարարությունը:
Այն, որ Մոսկվան Բաքվին մեղադրում է կամայականության համար, զարմանալի չէ: Ինքնին հետաքրքիր էր իհարկե, թե ինչու Բաքուն գնաց այդօրինակ հայտարարության: Երեւի ներքին սպառման համար, իսկ գուցե նաեւ այն համոզումով, որ Մոսկվան կպաշտպանի Հայաստանի վրա այդ դիվանագիտական գրոհը: Ի վերջո, նախորդ տարի աշնանը Մոսկվան հենց այդպես էլ վարվել էր: Նախորդ տարի աշնանն էլ Բաքուն հայտարարեց, թե կա այսպես ասած Լավրովի պլան, որը ոչ այլ ինչ էր, քան փաստացի կազանյան պլանը:
Դա հետաքրքիր ժամանակահատված էր: Սեպտեմբերի 1-ին Լավրովն անսպասելի մեկնեց Բաքու: Ընդ որում, Բաքվում ՌԴ արտգործնախարարը Ադրբեջանին ուղղակի սպառազինություն էր առաջարկել, գրեթե բաց տեքստով: Ընդամենը մեկ օր անց Ադրբեջանը լարեց իրավիճակը Տավուշի ուղղությամբ, աստիճանաբար ռմբահարելով ոչ միայն սահմանը, այլ նաեւ դրանից բավական հեռու գտնվող Նոյեմբերյան քաղաքը, սպանելով խաղաղ բնակիչների:
Զուգահեռ, ադրբեջանական շրջանակներին մերձ ռուսական լրատվամիջոցներում շրջանառվեց խաղաղապահների տեղակայման թեման: Դրան զուգահեռ, տեղի ունեցավ ՀԱՊԿ Վեհաժողով Դուշանբեում, որտեղ Սերժ Սարգսյանն առաջարկեց Երեւանը դարձնել ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման կենտրոն: Նոյեմբերին Լավրովը ժամանեց Երեւան: Բաքուն շարունակում էր հայտարարել, որ կա Լավրովի պլան եւ դա հենց այն պլանն էր, որը արդեն ապրիլի 23-ին Բլումբերգին տված հարցազրույցում բացահայտեց Սերժ Սագսյանը, ասելով, թե տվել էր դրան նախնական համաձայնություն:
Բայց, նախորդ տարի աշնանը Երեւանը հերքում էր այդպիսի պլանի գոյությունը, իսկ Բաքուն պնդում: Եվ ահա այդ ժամանակ Ռուսաստանը լռում էր: Մոսկվան չէր հայտարարում՝ գոյություն ունի այդպիսի պլան, թե ոչ: Շաբաթներ շարունակ լռությունը խախտվեց միայն այն բանից հետո, երբ տեղի ունեցավ օդանավային ռուս-թուրքական միջադեպն ու գժտությունը: Միայն Թուրքիայի հետ գժտվելուց հետո Ռուսաստանը հայտարարեց, թե չկա որեւէ պլան: Մինչ այդ Ռուսաստանը փաստացի Բաքվին տալիս էր դիվանագիտական գրոհի ֆորա:
Եվ ահա, Ադրբեջանն ըստ երեւույթին նույն ակնկալիքով արեց Մամեդովի հայտարարությունը, բայց Մոսկվան երկու օր անց դա որակեց կամայականություն:
Ներկայում իրավիճակն այլ է, եւ Մոսկվայի այդ պահվածքը լիովին հասկանալի է: Թվում է, թե Ռուսաստանը վերցրել է կարգավորման նախաձեռնությունը: Իրականում Ռուսաստանը ոչ թե նախաձեռնություն է վերցրել, այլ ստանձնել է պարտավորություն՝ մյուս համանախագահների առաջ: Մոսկվայի համար դա ժամանակ շահելու եւ ապրիլյան պատերազմի ստեղծած փակուղուց իր քաղաքականությունը դուրս բերելու հնարավորություն է: Այդ ընթացքում Մոսկվան կփորձի չանել քայլեր, որոնք կկրեն սեպարատ բնույթ եւ անվստահություն կառաջացնեն Մինսկի խմբի մյուս համանախագահների մոտ:
Ներկայում Ռուսաստանի առաջ դրած գլխավոր խնդիրը թեկուզ հարաբերական կայունությունն ապահովելն է: Կարճաժամկետ հատվածում այդ խնդիրը ձեռնտու է բոլորին: Միաժամանակ, Մոսկվան հենց դա ապահովելու պայմանով է նաեւ որոշակիորեն կարողանում արգելակել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ուղղությամբ առավել աշխույժ եւ արդյունավետ ջանքերը:
Այդ իրավիճակում, Ադրբեջանը փաստացի «մատնել» է Մոսկվային: Մոսկվան դրան արագ եւ մեծ հաշվով կտրուկ է արձագանքել ոչ թե Հայաստանի, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ հարաբերության համար: Մամեդովի հայտարարությունը Մոսկվայի համար խնդիր է առաջացրել հենց այդ ուղղությամբ, ստիպելով Կրեմլին թերեւս արդարանալ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ԵԱՀԿ գործող նախագահ Գերմանիայի առաջ:
Հետաքրքիր է, թե ինչու՞ է դա արել Ալիեւը: Դա պարզապես ամբողջությամբ չգիիտակցված վրիպո՞ւմ էր, Ադրբեջանը դատել էր հին՝ մինչեւ ապրիլ եղած իրավիճակո՞վ, թե՞ Բաքուն խաղում է երկակի խաղ:
Հետաքրքիր է նաեւ, որ դա տեղի է ունենում ռազմա-տեխնիկական հարցերում Հայաստան-Ռուսաստան քննարկումների ֆոնին, որ Մոսկվայում ունեցել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ու նյութատեխնիկական դեպարտամենտի ղեկավար Մովսես Հակոբյանը: Դրանից հետո Հայաստանի իշխանությունն ԱԺ օրակարգ ներառեց հայ-ռուսական ՀՕՊ մասին համաձայնագիրը, որը, ինչպես ՀՀԿ խմբակցոության ղեկավարն էր ավելի վաղ ակնարկել, պայմանավորված է ռուսական սպառազինության մատակարարմամբ, կամ որով պայմանավորված էր այդ մատակարարումը:
Բոլոր դեպքերում, կարծես թե այդ հարցում առկա է որոշակի համաձայնություն, եւ Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածությունների մասին հայտարարությունից հետո Հայաստանում ՀՕՊ հարցը հայտնվում է ԱԺ օրակարգում:
Չի բացառվում, որ Մոսկվային ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջ արդարանալու անհրաժեշտության առաջ դնելով Բաքուն հայտնում է իր դժգոհությունը Հայաստանի եւ Ռուսաստանի պայմանավորվածությունների մասով:
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն