Հայաստանի ԱԳՆ-ն ոչ համոզիչ է հերքում հինգ շրջանները վերադարձնելու Մամեդովի հայտարարությունը.ազգագրագետ


Հայաստանի ԱԳՆ-ն ոչ համոզիչ է հերքում հինգ շրջանները վերադարձնելու Մամեդովի հայտարարությունը.ազգագրագետ

  • 24-06-2016 18:23:57   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը

 

Տիկին Խառատյան, ինչպե՞ս եք գնահատում Պետերբուրգում կայացած Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը: ՀՀԿ-ականներն ասում են, որ առաջընթաց չէր սպասվում, բայց հանդիպումն, այդուհանդերձ, օգտակար էր, քանի որ բանակցելն ավելի ճիշտ է, քան դուռը շրխկացնելը: Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը:

 

Չնայած դատողությունների համար քիչ թե շատ հավաստի տեղեկություններ չկան, կարծում եմ, որ Պետերբուրգում իրականում քննարկվել են կազանյան, փաստացի չավարտված, առաջարկները, որոնց ժամանակին Ալիևը չի համաձայնել: Ինչպես գիտենք, Կազանում մեր երկրի նախագահը համաձայնել էր Ռուսաստանի պատրաստած առաջարկներին, որոնք խոսում էին հինգ շրջանների վերադարձի և անորոշ ժամանակով ու անորոշ ձևաչափով Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը լուծելը հետաձգելու մասին: Մեր երկրի նախագահն ասում է, որ ինքը դրան «հավանություն է տվել»՝ վստահ լինելով, որ Ալիևը դրանց չի համաձայնի: Հասկանալի է, որ եթե Ալիևը դրանց համաձայներ, ապա այդ առաջարկությունները կդառնային խնդրի լուծման հիմք: Ալիևը, դրանից հետո ռազմական գործողություններ սկսելով, վստահ եմ՝ Ռուսաստանի հետ համաձայնեցված, հավանաբար փորձել է փակուղի մտցնել Հայաստանի նախագահին, բեկում մտցնել կազանյան առաջարկներում և միանգամից լուծել խնդիրը: Հիմա, երբ որ այդ քայլը փաստացի ձախողվեց, կարծում եմ վերադառնում են կազանյան «ելման կետին», որին արդեն Սերժ Սարգսյանը ժամանակին համաձայնել էր: Կարծում եմ հենց սրանով է պայմանավորված Ադրբեջանի նախագահի խորհրդական Նովրուզ Մամեդովի հայտարարությունն այն մասին, որ Պետերբուրգում հանդիպման ժամանակ նախապատվություն է տրվել փուլային կարգավորման տարբերակին՝ որպես առաջին քայլ ընդգծելով հինգ շրջանները վերադարձնելու խնդիրը: Չնայած Հայաստանի ԱԳՆ-ն հերքում է այս տեղեկությունը, բայց հերքում է ոչ համոզիչ: Եթե նույնիսկ Պետերբուրգի հանդիպման ժամանակ «հինգ շրջանների» մասին կոնկրետ չի խոսվել, բայց խոսվել է «կազանյան առաջարկների մասինե, որին, կրկնում եմ, ՀՀ նախագահը սկզբունքորեն համաձայնել է, ապա Մամեդովը մեծ հաշվով չի կեղծում: Համարյա վստահ եմ, որ զարգացումներին «դինամիզմ հաղորդելու» տրամադրությունը հենց հինգ շրջանների վերադարձի մասին է: Դրա վերաբերյալ Սերժ Սարգսյանն «այբ»-ն ասել է՝ համաձայնվել է, «բենը» կլինի այդ ուղղությամբ առաջին գործողությունը:

 

Կարելի՞ է ասել, որ Մինսկի խումբն, ըստ էության, հետ է քաշվում, և գլխավոր ջութակի դերն ստանձնում է Մոսկվան։ Սրա մեջ վտանգներ չե՞ք տեսնում։

 

Այնպես չի, որ Մինսկի խումբը շտապում է հակազդել Ռուսաստանի նախաձեռնություններին, չնայած Ֆրանսիան իր դեսպանի միջոցով հայտարարեց, որ հաջորդ հանդիպումն առաջիկայում պատրաստ է իր երկրում կազմակերպել: Չի երևում, սակայն, թե ում միջև կազմակերպի՝ եռակո՞ղմ՝ Ֆրանսիա, Հայաստան, Ադրբեջան, թե՞ Մինսկի խմբի շրջանակներում, Ֆրանսիայի տարածքում: Մինսկի խմբի գոյությունը մասամբ զսպում է կտրուկ գործողությունները, քանի դեռ երեք երկրներից առնվազն երկուսը մրցակցում են: Միջազգային դիտորդների միջոցով շփման գծում մշտադիտարկում իրականացնելու ԱՄՆ-ի առաջարկը, ճիշտ է, մերժվել է Ադրբեջանի կողմից, բայց Ռուսաստանի ակտիվ օժանդակությամբ: Մյուս կողմից, ԱՄՆ-ի ներկայացուցիչը առիթը բաց չի թողնում շրջանները վերադարձնելու անհրաժեշտության մասին հայտարարություններ անելու, որոնց դեպքերում Ռուսաստանը խորհրդավոր լռություն է պահպանում: Այս փոխադարձ «վերահսկողությունը» մասամբ հավասարակշռում է իրավիճակը ստատուս քվոյի օգտին: Ռուսաստանն արդեն երրորդ անգամ մասնավոր նախաձեռնությամբ եռակողմ հանդիպում է նախաձեռնում՝ Սոչի, Կազան, Պետերբուրգ, և հանրությունը սովորաբար չի իմանում քննարկման օրակարգը: Այն քիչը, որ իմացանք կազանյան հանդիպմանը քննարկումների մասին, շատ վատի մասին է խոսում: Փոխարենը մենք լսում ենք հարցի լուծմանը դինամիզմ հաղորդելու պատրաստակամության մասին: Ո՞ր կողմերի պատրաստակամության: Ո՞ր հարցի լուծման: Հարցի ո՞ր լուծման: Սա, կարծում եմ, իսկապես Մինսկի խմբին շրջանցելու վտանգ ունի, որը չի կարող տագնապներ չառաջացնել: Հատկապես որ Ադրբեջանը վաղուց է ուզում քննարկումները հանել Մինսկի խմբի շրջանակներից:

 

Տարօրինակ է, բայց Մինսկի խումբը չկարողացավ (չուզե՞ց) ապրիլին Ադրբեջանի հրահրած պատերազմը, այդ ընթացքում իրականացված ռազմական հանցագործությունները դարձնել պայմանավորվածությունների լուրջ խախտման և Ղարաբաղի բնակչության ֆիզիկական անվտանգության սպառնալիքի քննարկման նյութ: Չեմ կարող ասել, թե սա Մինսկի խմբի եռանախագահող ո՞ր երկրի/երկրների ջանքերով էր: Բայց միշտ ուզում եմ հիշեցնել, որ Թուրքիան նույնպես Մինսկի խմբի անդամ երկիր է: Եվ երբեք ու ոչ մեկի կողմից չի բարձրացվել Թուրքիային անվստահություն հայտնելու և նրա անդամությունը դադարեցնելու հարցը, չնայած նույնիսկ ապրիլյան պատերազմին այդ երկրի խիստ կողմնակալ ակտիվությունն ակնհայտ էր: Ճիշտն ասած, ես կարծում եմ, որ Հայաստանը շատ վաղուց պետք է բարձրացրած լիներ այդ երկրի անդամությունը մերժելու հարցը:

 

Հանդիպումից հետո ընդունված հայտարարությունում նշվում է, որ կողմերը համաձայնել են մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը, սակայն խոսք չկա հետաքննության մեխանիզմների մասին, որի մասին խոսվում էր Վիեննայում։ Սա ինչպե՞ս եք գնահատում, արդյոք սրանով կամաց-կամաց չեն «ջրվում» Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները։

 

Առնվազն տարօրինակ կլիներ, եթե դրա մասին խոսք գնացած չլիներ: Վստահ չեմ միայն, որ Վիեննայում և Պետերբուրգում միջազգային դիտորդ ասելով նույն բանն են  նկատի ունեցել: Մյուս կողմից, մեզ անհայտ է մնում միջազգային դիտորդի առաքելությունն ու լիազորությունները ըստ Վիեննայի և Պետերբուրգի քննարկողերի: Ինչո՞վ «միջազգային» չեն լինի, օրինակ, Եվրասիական միության, մասնավորապես Բելոռուսի և Ղազախստանի «դիտորդներըե, մանավանդ, որ դրանց Ադրբեջանը հազիվ թե դեմ լինի, եթե նույնիսկ ինքը Եվասիականի անդամության չի պատրաստվում: Բայց կարծեք թե Մինսկի խումբն էլ չի շտապում Վիեննայի համաձայնություններն ընթացքի մեջ դնել, մեխանիզմներ մշակել, դիտորդներ ընտրել, դրանք համաձայնեցնել երկրների հետ: Մինսկի խմբի ստեղծումից հետո աշխարհը շատ է փոխվել, այսօրվա և նույնիսկ ընդամենը տաս տարվա առաջվա ծրագրերը հաստատ նույնը չեն:

 

Որոշ փորձագետներ նշում էին, որ Ադրբեջանում «Ֆորմուլա-1» մրցաշարի ավարտից հետո հավանական է Ադրբեջանը սրի իրավիճակը շփման գծում եւ անգամ նոր պատերազմ հրահրի: Հիմա դեռ հանգիստ է, ձեր կարծիքով ինչու Բաքուն չի գնում սրման և որքան կպահպանվի այս հանգիստ վիճակը։

 

Ադրբեջանը առիթը բաց չի թողնում որևէ տարբերակով հայտարարելու, որ հարցի միակ լուծման միջոցը ռազմական է տեսնում: Վստահ չեմ, որ ներկայում այս երկիրն իսկապես պատրաստ է ռազմական գործողությունների, հատկապես որ չնայած հոխորտանքներին, ապրիլյան պատերազմի կորուստները զգալիորեն բարոյալքել են այդ երկրի բանակն ու բնակչությանը, և երկրի մեջ էլ ճգնաժամը չի նվազում, պայմանավորված նաև ազգային փոքրամասնությունների խուլ ընդդիմությամբ: Համարյա վստահ եմ, որ Ադրբեջանն առանց երրորդ կողմի ուժեղ պաշտպանության այդ քայլին չի գնա:

 

Ինչպե՞ս եք գնահատում Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը։ Ինչո՞ւ հենց հիմա իշխանությունները որոշեցին գնալ նման քայլի։ Որն է իշխանության մոտիվացիան այս հարցում։ Շատերը նշում են, որ Սեֆիլյանը իշխանության համար վտանգ չէր ներկայացնում, հետեւաբար քաղաքական դրդապատճառներով ձերբակալելու անհրաժեշտություն չկար։ Այդ դեպքում ինչու է Սեֆիլյանը ձերբակալվել։

 

 

Ներկա պահին Սեֆիլյանի ձերբակալությունը, կարծում եմ, հանրությանը լռել պարտադրելու միջոց է: Եթե նկատել եք, բոլոր կուսակցություններից և քաղաքական հայտ ունեցող խմբերից միայն Սեֆիլյանն է բարձրաձայնում արտաքին քաղաքական օրակարգի և գործողությունների պրոբլեմները: Ապրիլյան պատերազմն ակնհայտ ցույց տվեց, որ բոլոր ներքին կեղեքումները հանդուրժող հասարակությունը բռունցք դարձավ արտաքին վտանգի դիմաց: Չի՞ նշանակում սա արդյոք, որ արտաքին նոր վտանգի դեպքում հասարակությունն այդ կարգի բռունցք կդառնա նաև Հայաստանի իշխանության որոշ, իրավիճակին ոչ ադեկվատ  գործողությունների դեմ: Օրինակ, պատերազմի ժամանակ տեղի ունեցած այն կարգի գործողությունների, որոնց վարագույրը մասամբ բարձրացրեց Սեֆիլյանը՝ թե կորցրած դիրքերի ռազմավարական նշանակության, թե կորուստների անհամապատասխանության, թե ռազմական գործողությունները վարելու ևլն: Սպասվում են ակտիվ քննարկումներ, բոլորը փորձում են տեղեկություններ «ճարել», հասկանալ, վերլուծել: Մեր իրավիճակում իշխանությունների վարքը հուշում է, որ նրանց ձեռնտու է լռության մեջ գործել, նվազեցնել հասարակության իմացությունից բխող դիմադրությունը: 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play