Լ.Մկրտչյան. «Հասարակության դեմոկրատացումը խնդիրների լուծման ճանապարհն է»


Լ.Մկրտչյան. «Հասարակության դեմոկրատացումը խնդիրների լուծման ճանապարհն է»

  • 25-06-2016 17:07:34   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Եվրասիա միջազգային համալսարանում միջազգային գլոբալ գիտաժողովի երկրորդ օրն է ընթանում։ «Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» թեմայով երկօրյա գիտաժողովի նպատակն է կատարել հակասական և գրեթե անհամատեղելի միտումների վերաբերյալ վերլուծություններ ու բացահայտումներ, ստեղծել երկխոսություն քաղաքական նույն խնդիրը միավորող երկրների միջև:
Գիտաժողովը կազմակերպվել է Սթոնհիլ քոլեջի (Մասաչուսեթս, ԱՄՆ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (Հայաստան) և Եվրասիա միջազգային համալսարանի ջանքերով:
 
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեց նաև ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը, ողջունելով հյուրերին,   շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին և հրավիրյալ օտարերկրյա փորձագետներին` «Համընդհանուր խաղաղության տեղական արմատները» թեմայով  հիմնախնդիրներին առնչվող համաժողովին մասնակցելու և գիտական զեկուցումներով հանդես գալու համար: 
Նա մասնավորապես ընդգծեց, որ գիտաժողովին բարձրացված հարցերը կարևոր են ոչ միայն   մեր հանրապետության, այլ նաև ողջ աշխարհի համար: Ավելին, գիտական այս նախաձեռնությունն ունի նաև ուսուցման արդյունավետության բարձրացմանը նպաստող նպատակ:
Անդրադառնալով կրթության առաքելությանը՝ նախարարը նշեց. «Կրթված մարդ» հավաքական հասկացության մեջ երկու կարևոր  բազիս է դրված՝ ազատ մտածողություն՝ ազատ գործող անհատ և պատասխանատվություն հասարակության առջև: Կրթված մարդը հասարակությունը տանում է իր հետևից, իսկ մարդն առանց կրթության վտանգավոր է  հասարակության համար»: Նախարարը հավելեց, որ մեր առջև ծագած խնդիրները լուծման մեկ ճանապարհ ունեն՝ հասարակության դեմոկրատացում: 
Եզրափակելով խոսքը՝ Լևոն Մկրտչյանը հաջողություն մաղթեց Եվրասիա միջազգային համալասարանի ուսանողներին և դասախոսական կազմին, վստահեցնելով, որ մեր երկրի հաջողությունը նաև  նմանատիպ ուսումնական հատատություններից է կախված,  որտեղ սովորող ուսանողները հստակ դիրքորոշում, բարձր գիտակցություն ունեցող անհատներ են, հետևաբար նաև՝ հասարակության առողջ և դեմոկրատ սերունդ: 
Նախարարը համալսարանի ղեկավարության հետ շրջեց, ծանոթացավ ուսումնական և գիտական աշխատանքների կատարման պայմաններին, քննարկեց կրթական ծրագրերի հետագա բարելավմանն առնչվող  մի քանի կարևոր առաջարկություններ՝  Սթոնհիլ քոլեջի ուսանողների անցկացրած մասնագիտական պրակտիկայի ծրագրի վերաբերյալ:
Գիտաժողովը շարունակեց ծրագրով նախատեսված աշխատանքները:
Համաժողովի երկրորդ օրվա բանախոսներն էին Բաբկեն Դեր-Գրիգորյանը (Լոնդոնի տնտեսագիտության դպրոց, ՄԲ), Ռիչարդ Գիրագոսյանը (Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն, ՀՀ), Ստեփան Խզրթյանը (Բանակցության երևանյան կենտրոն, ՀՀ), Գևորգ Տեր-Գաբրիելյանը (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ՀՀ), Փիթեր Ուբերտասսիոն (Սթոնհիլ քոլեջ, ԱՄՆ), Բենջամին Քոլը (Սթոնհիլ քոլեջ, ԱՄՆ), Աննա Օհանյանը (Սթոնհիլ քոլեջ, ԱՄՆ), Իզաբելլա Սարգսյանը (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ՀՀ):
Յուրաքանչյուր զեկուցող հանդես եկավ նոր մոտեցումներով , իսկ առանձին դեպքերում նաև սկսած հետազոտությունը հետագայում շարունակելու համար անհրաժեշտ առաջարկություններով: Առանձնապես հետաքրքրությամբ լսվեց Ռ. Գիրագոսյանի ելույթը և ամփոփիչ հարթակում համաժողովին քննարկված հոդվածների հրատարակմանը նրա կողմից ներկայացվող պահանջները:
Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» թեմայով գիտաժողովը նախատեսված է անցկացնել ամեն տարի՝ քննարկման հարթակ ընտրելով Եվրասիա միջազգային համալսարանը, ծառայեցնելով բակալավրիատի և մագիստրատուրայի առաջատար ուսանողների համար որպես մենթորական պլատֆորմ, որտեղ նրանք կարող են համաշխարհային հարցերով զբաղվող մասնագետների և վերլուծաբանների արձագանքը ստանալ:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ