Մեզ պետք է հոգեւոր առաջնորդ Ֆրանցիսկոս պապի նման. Արամ Աբրահամյան


Մեզ պետք է հոգեւոր առաջնորդ Ֆրանցիսկոս պապի նման. Արամ Աբրահամյան

  • 27-06-2016 12:28:07   | Հայաստան  |  Վերլուծություն

«Առավոտ». Հայաստանում հոգեւոր առաջնորդի պահանջարկ կա:
 
Այնպիսի առաջնորդի, որը երթեւեկում է միջին կարգի «Ռենոյով» (որը Երեւանում օգտագործվում է «տաքսի սերվիսի» տակ):  Որը խստորեն արգելում է թիկնապահներին «հեռու քշել» ժողովրդին իր մեքենայից: Որը այլ երկիր է գալիս ինքնաթիռի «էկոնոմ կլասի» սրահով: Որը խոսում է հանգիստ, ցածր ձայնով, առանց պաթոսի: Մի խոսքով՝ մեզ պետք է հոգեւոր առաջնորդ Ֆրանցիսկոս պապի նման, բայց, իհարկե՝ մեր հարազատ եկեղեցու սպասավոր: Մարդիկ հեշտությամբ են տարբերում` երբ է հանրային դեմքն անկեղծ, երբ է՝ կեղծավոր, երբ է նա իսկապես հավատում բարձր հոգեւոր արժեքներին, իսկ երբ է ձեւեր թափում: Ի վերջո, մարդու դեմքի արտահայտությունից ու հատկապես նրա աչքերից կարելի է հասկանալ՝ ինչի մասին է նա երազում: Ավելի շուտ՝ ինչ տեսակի, ինչ բնույթի են նրա երազանքները՝ մի տեղ «փող կպցնելու» եւ ավելի ճոխ կյանք վարելո՞ւ, թե՞ իսկապես մարդկանց հոգեւոր ու ֆիզիկական տանջանքները թեթեւացնելու մասին: Քիչ թե շատ փորձառու ականջը կարող է տարբերակել նաեւ՝ արդյո՞ք մարդը կարդացել է անցյալի իմաստուն մարդկանց մտքերը եւ ամենակարեւորը՝ կարողացե՞լ է արդյոք այդ մտքերը մարսել, դարձնել իրենը, թե՞ պարզապես ցանկանում է իր խոսքում մի երկու «մեջբերում» անել՝ տպավորություն թողնելու համար: Հռոմի պապի երեկվա խոսքում կային հայ մշակույթին ուղղակի եւ անուղղակի հղումներ: Օրինակ՝ «Քրիստոսի հավատը Հայաստանի համար չի եղել որպես զգեստ՝ որ կարելի է հագնել կամ հանել, պարագաների կամ առիթների համաձայն, այլ սեփական ինքնության բաղկացուցիչ իրականություն, գերազանց պարգեւ՝ ուրախությամբ ընդունելի եւ ժրաջանությամբ եւ ուժով պահպանելի» (ենթադրաբար՝ անուղղակի հղում Եղիշեին): Բայց դա արվում է ոչ թե մեզ հաճոյանալու համար, այլ որովհետեւ մեր մշակույթը, մեր հավատը իսկապես մի աղբյուր է, որից Ֆրանցիսկոսն օգտվում է եւ ուժ է ստանում: Եվ երբ մարդն ասում է, որ եկել է ուխտագնացության, առաջին քրիստոնեական երկրի մթնոլորտի մեջ թաթախվելու, նա դարձյալ անկեղծ է: Այդ մենք ենք, որ ինչ-ինչ կենցաղային խնդիրների պատճառով չենք հասկանում, թե ինչպիսի երկրում ենք ապրում: Իսկ ուշիմ, խելացի, լայնախոհ օտարները դա հրաշալիորեն հասկանում են եւ գալիս են այստեղ… սովորելու: Այդ տգետներն են, որ կարծում են, թե հասել են ինչ-որ բարձունքների եւ այլեւս սովորելու բան չունեն: Հռոմի պապի նման մարդիկ մշտապես ձգտում են հոգեւոր զարգացման եւ ինքնակատարելագործման: Մենք էլ, եթե խելք ունենք, պետք է նրանից սովորենք՝ համեստություն, ժուժկալություն, բարություն, ներողամտություն՝ այդ բոլոր առաքինությունները, որոնց մասին մենք (հուսով եմ) կարդացել ենք Աստվածաշնչում: Եվ մի ասեք, որ դա մեր պարագայում անհնարին է: Ինչպես ասում էր նրանց կաթոլիկների սուրբը՝ Ֆրանցիսկոս Ասիզցին, «սկզբում արեք ամենաանհրաժեշտը, հետո արեք այն, ինչ կարող եք, եւ արդյունքում դուք կտեսնեք, որ անում եք անհնարինը»:  
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play