Թուրքիան և Իսրայելը համաձայնագիր են պատրաստել երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին
27-06-2016 12:35:20 | Թուրքիա | Միջազգային
Թուրքիան և Իսրայելը Հռոմում կայացած բանակցությունների ընթացքում վերջնականապես համաձայնեցրել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին փաստաթղթի տեքստը: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը:
Աղբյուրի տեղեկացմամբ` Թուրքիայի և Իսրայելի միջև համաձայնագրի մշակումն ավարտվել է նախօրեին: Ակնկալվում է, որ կողմերը համաձայնագրերի մանրամասները կբացահայտեն երկուշաբթի: Նախապես հաղորդվում է, որ դրանցում ներառված է 20 մլն դոլար ֆոնդի ստեղծումը թուրքական ընտանիքներին որպես փոխահատուցում վճարելու, ինչպես նաև դեսպանների հետ վերադարձն Անկարա և Թել Ավիվ:
CNN-ի տվյալներով` Անկարան համաձայնվել է Իսրայելի վրայից հանել 2010 թվականին «Ազատության նավատորմի» միջադեպի հետ կապված բոլոր պահանջները: Թուրքիան նաև կհետևի, որպեսզի ՀԱՄԱՍ շարժումը չօգտագործի թուրքական տարածքներն իր նպատակների համար:
Իր հերթին Իսրայելը թույլատրելու է Թուրքիային ավելի ակտիվ հումանիտար գործունեություն ծավալել Գազայի հատվածում: Մասնավորապես, Անկարային թույլատրվելու է այնտեղ հասցնել հումանիտար օգնություն և ոչ ռազմական նշանակության ապրանքներ: