Սիրով՝ Հայաստանին՝ Մեծ ուխտավորից. Նարինե Մկրտչյան


Սիրով՝ Հայաստանին՝ Մեծ ուխտավորից. Նարինե Մկրտչյան

  • 27-06-2016 13:36:35   | Հայաստան  |  Վերլուծություն

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Հայաստան եկավ սիրո և եղբայրության, քրիստոնեական աշխարհի հաշտեցման-միավորման, գթության և խաղաղության պատգամներով:
 
Արհավիրքներով լեցուն այս աշխարհում Հռոմի Պապի այս պատգամները խոհեմության և հնարավորությունների դուռ են բացում: Կմտնի՞ քրիստոնյա աշխարհը, մարդկությունն՝ ընդհանրապես, այդ դռնից ներս՝ դժվար է ասել, առավել ևս՝ դժվար է հավատալ: Ժամանակները, հանգամանքները, մարդիկ մեզ դարձրել են անվստահ ու կասկածամիտ, և հոռետեսության ափերն այժմ, անգամ՝ Պապի ելույթներից հետո, ավելի մոտ են թվում, քան լավատեսության հորիզոնը: Քրիստոնյա աշխարհի պառակտումը, երկփեղկվածությունը դավանաբանական և այլ խնդիրների պատճառով, մշուշապատ են դարձնում միավորման հորիզոնը: Սակայն Հռոմի Պապը հենց այդ հավատն էր բերում իր հետ Հայաաստան՝ քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիր, որի Սուրբ սարի՝ Արարատի գագաթին իջել է Աստվածաշնչյան Նոյը: Ականջալուր լինելով Հռոմի Պապի պատգամներին՝ կասկածամտության և մարդկության՝ դարձի գալու հանդեպ կորսված հավատի վերականգման հույսը գոնե առժամանակ կմնա Երկիր մոլորակի վրա և մեր սրտերում: Սա, թերևս Հռոմի Պապի առաջին պատգամն է մեզ՝ քրիստոնյաներիս:
 
Միաժամանակ, հանուն քրիստոնեական արժեքների, քրիստոնյաների միավորման և նրանց անվտանգության ապահովման՝ Հռոմի Պապի քարոզը բնավ մարտակոչ չէ այլադավանների աշխարհի դեմ: Ընդհակառակը: Նրա ուղերձները խաղաղության, կրոնների համակեցության և երկխոսության հույս և քարոզ են տարածում: Թվայնացման և տեղեկատվության մեր՝ 21-րդ դարը, չի կարող շարունակել լինել կրոնախևության դարաշաշրջան: Ատելության և վրեժխնդրության քարոզները գործող ականներ են՝ ուղղված հենց նրանց դեմ, ովքեր մահ են սփռում աշխարհում: Հռոմի Պապի Հայաստան այցի երկրորդ պատգամը քրիստոնյաների պաշտպանությունն է բռնությունից, ատելությունից: Մարդկությունը շատ է ծերացել նոր մեղքերի բեռ ուսելու համար: Քրիստոնյաների պաշտպանության և կրոնների խաղաղ համակեցության խոհեմություն է բերում Հռոմի Պապի երկրորդ պատգամը:
 
«Եվ գալիս եմ որպես ուխտագնաց, այս հոբելյանական տարում թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ և ըմպելու ձեր ժայռե` ինչպես ձեր հայտնի փորագիր խաչքարերն են, հավատքի աղբյուրից»,-Հայաստան այցի նախօրեին Հայաստանին և հայ ժողովրդին հասցեագրված իր ուղերձում իր խոնարհումի խոսքերն է բերում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը: Հայաստանը Երուսաղեմ չէ, և Քրիստոսի հարության վկայություններն այստեղ չեն, սակայն Հռոմի Պապը Հայաստանն ու հայ ժողովրդին դիտում է որպես քրիստոնեական հավատի իրական կրողների: Չնայած հայ ժողովուրդը ևս, որպես մարդկության մի մաս, հեռացել է քրիստոնեական արժեքներից, սակայն հանուն քրիստոնեական հավատի բոլոր ժամանակներում հալածվել է: Եվ այժմ թեպետ հայ եկեղեցին պառակտված է՝ լի տարաձայնություններով ու հակասություններով, թեպետ հայ եկեղեցու սպասավորների մի մասն իր վարքուբարքով ավելի աստվածամերժ է, քան աստվածավախ, սակայն այդ ամենով հանդերձ հայ ժողովրդին միավորող սյուներից մեկը եղել և մնում է քրիստոնեությունը:
 
Երբ Տրդատ Երրորդը քրիստոնեությունը բռնությամբ տարածում էր Հայաստանում, նա թերևս աշխարհաքաղաքական նշանառության խնդիր էր լուծում: Սակայն աստիճանաբար քրիստոնեությունը դարձավ հայ ժողովրդի մաշկը, որից հայերին հնարավոր է հեռացնել միայն մաշկազերծ անելով: Հռոմի Պապը դա մեզնից՝ հայերիցս, լավ է գնահատում: Եվ այժմ Մեծ Ուխտավորը Հայաստան եկավ ապաշխարանք բերելով այն բոլոր տառապանքներին, որոնք հայ ժողովուրդը ստիպված է եղել կրել հանուն քրիստոնեության հավատարմության: Թվում է, թե Հռոմի Պապի հաջորդ՝ երրորդ ուղերձը, Հայաստանը, որպես առաջին քրիստոնյա երկիր, ճանաչելի դարձնելն է:
 
Երբ Հայաստան այցի ընթացքում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության արևափայլ տողերն արտասանեց, նա դրանով հայ ժողովրդին փոխանցեց իր սերն ու հիացումը: Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Եղիշե Չարենցի նրա խոր ընկալումն ու գնահատանքը հայ ժողովրդին խորապես ճանաչելու՝ Պապի անդավաճան ուղեկիցներ են: Ֆրանցիսկոս Պապը հայ ժողովրդին և այդ ժողովրդին անարժան իշխանություններին հինավուրց հայրենիքը սիրելու, գնահատելու, նրանով հպարտանալու և նրա վրա մեծապես դողալու՝ չորրորդ պատգամը հղեց հենց Երևանի կենտրոնից:
 
«Սիրով Հայաստանից՝ պարզ ուխտավորից»՝ այսպես կարելի էր թարգմանել նրա այդ ուղերձը Հայաստանին և հայ ժողովրդին, ինչպես նաև՝ աշխարհին:
 
Ֆրանցիսկոս Պապը քաղաքական գործիչ չէ, և նրա պատգամները քաղաքականության մեջ առաքինությունների և բարձր արժեքների հավատարմության քարոզ են պարունակում: Ի սկզբանե քրիստոնեությունը խարխսված է եղել համամարդկային արժեքների և բարձրագույն արժեքի՝ մարդու հանդեպ հարգանքի վրա: Եվ ցանկացած ոտնձգություն մարդու և ժողովուրդների իրավունքների հանդեպ նա դիտարկում է հենց քրիստոնեական քաղաքակրթության բարձրությունից: Այդ իսկ պատճառով նա անտեսեց քաղաքական հաշվենկատությունը և Հայոց Ցեղասպանությունը վերստին հիշատակեց-դատապարտեց՝ հավատարիմ մնալով քրիստոնեական քաղաքակրթության բարձրությանը: «Եվ ցավալի է որ ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում աշխարհի գերտերությունները նայում էին այլ ուղղությամբ»,-Հռոմի Պապը քաղաքական առաքինության հինգերորդ ուղերձը հղեց աշխարհին: Հենց այդպես էլ կանգնած էր նա Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ՝ գլխիկոր, հուզմունքն առանց թաքցնելու ճիգերի, դուդուկի հնչյունների տակ նա կարծես հաղորդակցվում էր ոչ միայն Աստծո, այլ Ցեղապանության զոհերի հետ՝ փորձելով զգալ այն օրհասը, որ ապրել են Ցեղասպանության անշիրիմ զոհերը: Հռոմի Պապն այդ պահերին Աստծո հեզության ու բարկության և մարդկային առաքինության բացառիկ խտացում էր:
 
Նա քաղաքական գործիչ չէ, և այդ իսկ պատճառով հավատում է, որ Խոր Վիրապից դեպի Աստվածաշնչյան Արարատի այն կողմ՝ Արևմտյան Հայաստանի՝ ներկայիս Թուրքիայի ուղղությամբ երկինք բաց թողած աղավնին հասնելու է Արարատից այն կողմ և ետդարձին իր հետ ձիթենու ճյուղ է բերելու:
 
Եվ թեպետ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը քաղաքական գործիչ չէ, սակայն Հայաստանի Հանրապետության Անկախության 25-րդ տարեդարձը նա թերևս արժևորում է որպես քաղաքական և քաղաքակրթական նվաճում, որպես «երջանիկ պահ՝ ուրախանալու և առիթ՝ հիշելու նվաճած ձեռքբերումները և առաջադրելու նորանոր նպատակներ»: Հայաստանի Անկախության պահպանումը և այն իմաստալից և նպատակասլաց դարձնելը Հռոմի Պապի՝ հայ ժողովրդին ուղղված վեցերորդ և ամենակարևոր պատգամն է:
 
Պարզ, ժուժկալ, ասկետական կենսակերպով, կարեկցությամբ, գթասրտությամբ, պարզությամբ, ազնվությամբ առանձնացող նրա վարքը օրեստօրե կարծրացող հասարակական հարաբերություններում և ահագնացող ընչաքաղցության մեր ժամանակներում աստվահաճո ապրելու և մարդկային առաքինությունների ուղեցույցներ են, որոնք լուսավորում են մեր ճանապարհը ոչ միայն Հռոմի Պապի՝ Հայաստան կատարած ուխտագնացության անցնող այս կարևոր օրերին:
 
Նարինե Մկրտչյան
ՄԱԱ նախագահ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն