ՀՀ ԱԻ նախարարությունը զգուշացնում է


ՀՀ ԱԻ նախարարությունը զգուշացնում է

  • 27-06-2016 17:56:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հաշվի առնելով ամառվա լողաշրջանի բացումը և եղանակային պայմանների հետևանքով գետերի վարարման ու ջրածածկումների վտանգը` ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները, ինչպես նաև գետերի, լճերի ու ջրամբարների հարևանությամբ առանց հսկողության չթողնել մանկահասակ երեխաներին ու դեռահասներին: 
 
***
Ջրհեղեղը ցամաքի որոշակի տարածքների ժամանակավոր ջրածածկումն է: Այն կարող է առաջանալ` երկարատև առատ տեղումներից, սառցադաշտերի և ձյան հալոցքի ժամանակ, մեծածավալ և կենտրոնացված ջրի հոսքից ջրամբարների փլուզումներից, հիդրոկայանների պատնեշների ճեղքումից և երկրի մակերես ստորգետնյա ջրերի հանկարծակի ելքից:
 
Մինչև ջրհեղեղը`
նախատեսել փրկարար միջոցների պահուստներ (փրկօղակ, փրկաբաճկոն և այլն)
պատրաստել  ավազով լցված պարկեր
կապիտալ շինարարություն նախաձեռնել միայն համապատասխան պետական մարմինների թույլտվությամբ
թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխել ավելի ապահով տեղ
անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացնել ջրի սպասվելիք մակարդակից բարձր
միշտ պատրաստ պահել  աղետի կապոցը
պահեստավորել խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար):
Ջրհեղեղի սպառնալիքի դեպքում`
անջատել գազը և էլեկտրականությունը
իմանալ բնակավայրերի ռելիեֆը և ջրհեղեղի սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները
հետևել հիդրոօդերևութաբանական ազդարարման նշաններին
հետևել տարհանման և ապաստարանի վերաբերյալ տեղեկատվությանն ու կառավարման մարմինների հրահանգներին
պատրաստի ունենալ լուսային ազդանշանային սարքեր
բնակավայրից հեռանալ չհասցնելու դեպքում տրանսպորտով կամ ոտքով բարձրանալ բարձրադիր վայրեր (բլուր, լեռ և այլն): 
Ջրհեղեղի ժամանակ` 
աղետի կապոցը պահպանել թրջվելուց
մինչև կառավարման մարմինների համապատասխան հրահանգները մնալ ապաստարաններում
ծանծաղ տեղերն անցնելիս հագնել ջրակայուն, պինդ կոշիկներ և օգտվել ձեռնափայտից
տանը գտնվելիս ոչ մի դեպքում չօգտվել կենցաղասպասարկման համակարգերից երկրորդածին աղետներից խուսափելու համար
օգնության կարիքի դեպքում տալ աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշ, շչակ և այլն):
Չփորձել կտրել-անցնել ջրային հոսքը: 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար:
 
Ջրհեղեղից հետո`
ստուգել սննդի պիտանելիությունը
սննդամթերքը լվանալ եռացրած ջրով
խմելու ջուրն օգտագործել սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո
չօգտագործել ջրում հայտնված սննդամթերքը
օգտվելուց առաջ ստուգել հաղորդակցության համակարգերը, նրանց վնասվածության աստիճանը
հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահել մասնագետներին
չմնալ վթարային կամ վստահություն չներշնչող տանը
առանց անհրաժեշտության չմտնել ջրածածկ տարածքները:
Ուշադիր հետախուզել կացարանը`
1. հիմքի ամբողջականությունը
2. պատերի, պատուհանների և հատակի վիճակը
3. հաղորդակցության համակարգը
4. թունավոր օձերի հնարավոր առկայությունը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն