Նանտ քաղաքի հայկական համայնքը շարունակում է աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին


Նանտ քաղաքի հայկական համայնքը շարունակում է աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին

  • 27-06-2016 18:26:11   | Հայաստան  |  Հասարակություն

Ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված հայոց բանակի սպաների եւ զինվորների ընտանիքներին աջակցելու նպատակով, Ֆրանսիայի Նանտ քաղաքի հայկական համայնքի կողմից կազմակերպվել էր դրամահավաք, որի արդյունքում հանգանակված ամբողջ գումարը տրամադրվել է զոհված հերոսների ընտանիքներին: Նանտի հայկական համայնքի ներկայացուցիչները հուսով են, որ այս  նախաձեռնությունը շարունակական կլինի, որի արդյունքում կկարողանան դրամական  աջակցություն ցուցաբերել եւ ուշադրության կենտրոնում պահել զոհված զինծառայողների ընտանիքներին: Համայնքի կողմից տրամադրված գումարը`4000 եվրոն Շիրակի եւ Արմավիրի մարզերում հանձնվեց չորս զինծառայողների ընտանիքների (յուրաքանչյուր ընտանիքի 1000 եվրո):
 
Հանգանակված գումարի մի մասը օրերս տրամադրվեց քառօրյայում հերոսաբար զոհված կապիտան Հովսեփ Կիրակոսյանի ընտանիքին, նա Արմավիրի մարզի Ապագա գյուղից էր, երկու անչափահաս տղաների հայր: Ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը Հովսեփը ծառայության էր մեկնել Արցախ: Նա այլ վայրում ծառայելու հնարավորություններ էր ունեցել, սակայն հրաժարվել էր, ասելով, որ Արցախը Հայաստանի դարպասն է, որը պաշտպանելու կարիք ունի:
Ապագա համայնքի ղեկավար Արտաշես Բարսեղյանի խոսքով`Հովսեփի հետ ապրել են կողք կողքի ու չեն նկատել, որ ազգի ապագա հերոսի հետ գործ ունեն.«90-ականներին մեր համայնքից 30 ազատամարտիկ է մեկնել մարտադաշտ, հետո բոլորն էլ ողջ առողջ վերադարձան տուն: Հոսոն մեր ախպերն է, ում բախտ վիճակվեց այս կյանքից հեռանալ որպես հերոս, ինչ կարող ենք անել, որեւէ մեկը չգիտի, թե վաղն ինչ կլինի: Գործ ունենք մի ախմախ ազգի, ախմախ ղեկավարի հետ, մեր քայլերը կշռադատված են, իսկ թշնամունը` անկախնխատեսելի»,-ասաց Ա. Բարսեղյանը եւ շնորհակալություն հայտնեց Նանտի հայակական համայնքից` աջակցության եւ ուշադրության համար.«Շնորհակալ եմ, որ կան մարդիկ, որոնք կարողանում են գնահատել հերոսներին ու աջակցել նրանց ընտանիքներին»,-խոսքը եզրափակեց Ապագայի ղեկավարը:
Քառօրյայում զոհված 19-ամյա Արամայիս ՄիքայելյանըԸ նույնպես Արմավիրի մարզից էր`Ոսկեհատ գյուղից: Միքայելը ընտրել էր իրավաբանի մասնագիտությունը, որից զատ սիրում էր զբաղվել նաեւ քանդակագործությամբ: Զորմասում սկսել էր քանդակել Հայաստանի գերբը, որը նրա զոհվելուց հետո մնացել է անավարտ , անավարտ մնացին նաեւ Արամայիսի բոլոր երազանքները…«Կրտսեր որդիս`Արսենը նույնպես քանդակագործությամբ է զբաղվում, նա քանդակեց ու ավարտին հասցրեց եղբոր կիսատ թողած քանդակը: Արամայիսը շատ երազանքեր ուներ, ուզում էր քանդակները շատացնել, արվեստանոց բացել ու ցուցահանդեսներ կազմակերպել, բայց…»,-պատմեց Արմայիսի մայրը`Լիլիթ Ավագյանը:
Արամայիսի հոր`Գրիգոր Միքայելյանի համար որդու մահից հետո, այսօր միակ մխիթարությունը ժողովրդի այն միասնականությունն է, որն իր հետ բերեց ապրիլյան քառօրյա պատերազմը.«Մարդկանց ուշադրությունը միշտ էլ զգացել ենք,  չկա այնպիսի օր, որ տարբեր տեղերից չզանգահարեն ու չհետաքրքրվեն մեզանով: Այդ օրինակներից մեկն էլ Նանտի հայկական համայնքն է, շնորհակալ եմ աջակցության եւ ուշադրության համար»,-ընդգծեց Գ. Միքայելյանը:
Նշենք, որ նախորդ շաբաթ Նանտի հայկական համայնքի կողմից տրամադրված գումարի մի մասը հանձնվեց քառօրյայում զոհված ավագ լեյտենանտներ Արգիշտի Գաբոյանի (գյուղ` Մեծ Մանթաշ) եւ Աշոտ Շահբազյանի (գյուղ`Ախուրյան) ընտանիքներին:
 
 
Նյութի աղբյուրն այստեղ
Նոյյան տապան  -   Հասարակություն