Ալիեւին արգելել են պատերազմել.Մեկնաբան


Ալիեւին արգելել են պատերազմել.Մեկնաբան

  • 27-06-2016 18:31:45   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր բանակի սպաներին հայտնել է, որ դեմ է շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաեւ Ղարաբաղին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս կարգավիճակ տալուն:
 
Դրանով Ալիեւը վերջնականապես մերժել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, որը «նախագահում էր» մայիսում Վիեննայի հանդիպմանը, ինչպես նաեւ Վլադիմիր Պուտինի առաջարկները, որի հովանու ներքո հունիսին հանդիպում է կայացել Սանկտ-Պետերբուրգում:
Միակ բանը, որին համաձայն է Ալիեւը՝ հրադադարի պահպանումն է առանց սարքավորումների: Ալիեւը, սակայն, հրադադարի պահպանման ոչ մի երաշխիք չի տալիս:
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն Ալիեւին կոչ է արել նորից կարդալ Վիեննայի փաստաթուղթըը, որտեղ նշված է հետաքննությունների մեխանիզմների կարեւորությունը: Նա նաեւ հայտարարել է, որ Ղարաբաղի անկախությունն Աստծուց տրված իրավունք է, եւ Ալիեւը չէ, որ պետք է այն շնորհի Ղարաբաղի ժողովրդին, որը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Փաստորեն, ապրիլյան պատերազմից եւ Ղարաբաղի հարցով երկու հանդիպումներից հետո իրավիճակը վերադարձել է զրոյական կետի, եթե չհաշվենք, որ Ալիեւը ընդհանրապես չի նվազեցրել ռազմատենչ հռետորաբանությունը: Դա չի նշանակում, որ նա ժխտում է ռազմական ուղին, ավելին, հիմա Ալիեւը վա-բանկ է գնում՝ մերժելով միջնորդների առաջարկները, իսկ վա-բանկի վերջին քայլը պատերազմն է: Սակայն, Ալիեւին կարծես թե առայժմ արգելել են պատերազմել:
Էդուարդ Շարմազանովը կոչ է անում միջնորդներին գնահատել Ալիեւի պահվածքը: Սակայն Հայաստանը լավ կանի դիմի ոչ թե միջնորդներին, այլ սեփական խորհրդարանին, որը վերջերս մերժել է Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագիծը: Քաղաքական ուժերին՝ առաջին հերթին ՀՀԿ-ին, հարկ է հստակ արտահայտել սեփական դիրքորոշումը, ինչպես ասենք Բաքուն է անում:
Նախկինում ընդունված պայմանավորվածություններից հրաժարվելու Ալիեւի որոշումը կարող է վկայել այն մասին, որ Ալիեւը մենակ է մնում միջազգային ասպարեզում. նրան այժմ չի կարող օգնել ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը, որը, հնարավոր է, ԱՄՆ-ի հետ պայմանավորվել է ղարաբաղյան կարգավորման շուրջ:
Այսպես թե այնպես, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին, որը կայանալու է հուլիսի 8-9-ին Վարշավայում, Ադրբեջանը ձեռնոց է նետել թե ԱՄՆ-ին, թե Ռուսաստանին՝ մերժելով առաջարկները: Սարգսյանին ու Ալիեւին կհրավիրե՞ն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, նրանք կհամաձայնվե՞ն մասնակցել, թե՞ Ռուսաստանը Ղարաբաղում «երաշխավորել է» հրադադարը Վարշավա մեկնելուց հրաժարվելու դիմաց:
ԱՄՆ-ում ընթացքի մեջ է նախընտրական պայքարը, Վաշինգտոնը խուսափում է կտրուկ քայլերից: Հայաստանում աշնանը նախընտրական գործընթացներ են սկսվելու, եւ ղարաբաղյան խնդիրը հետին պլան է մղվելու: Հավանաբար, Ալիեւն այդ հաշվարկով է ամեն կերպ մերժում առաջարկները եւ փորձում պահպանել ներկայիս վիճակը:
Ալիեւը զրոյացրել է բոլոր պայմանավորվածությունները, եւ Հայաստանը նույնպես վնասակար համաձայնողական դիրքերից հրաժարվելու հնարավորություն է ստացել: Սերժ Սարգսյանը Վատիկանի ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ ժողովուրդը չի հասկանում, թե ապրիլյան պատերազմից հետո ինչպես կարելի է Ադրբեջանի հետ խոսել փոխզիջումների մասին:
Եթե Ադրբեջանը մտադիր է բանակցությունները զրոյից սկսել, ապա Հայաստանը պետք է զրոյացնի դիրքերը: 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play